Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Ուրֆանյանի մայր. Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին

Ապրիլ 02,2021 15:14

2016 թվականի այս օրը՝ 5 տարի առաջ, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով՝ հատկապես թեժ էին մարտերը հարավային (Հադրութ) եւ հյուսիսային (Մարտակերտ) ուղղություններում։ Բախումը տեւեց չորս օր եւ քառօրյա պատերազմ անունը ստացավ:

Օրվա առիթով, այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները: Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին, պետք է զինեին բանակը»:

Ըստ տիկին Ներսիսյանի, ապրիլյան պատերազմի արդյունքը «իրենց կոկորդին կանգնեց» եւ պարզ էր, որ էլի է պատերազմ լինելու. «Իրենք ավելի հզորացան, ինչպես նաեւ դիմելով մի քանի պետությունների օգնությանը, իրենք հասան իրենց չարաբաստիկ նպատակին: Էս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել, չենք կարողանում կուլ տալ այս պարտությունը, որովհետեւ անարդար էր այս ամենը»:

Համեստ Ներսիսյանը գիտի, որ պատերազմում կարող են շատ վրիպումներ լինել: Ըստ նրա ապրիլյան պատերազմում կազմակերպչական աշխատանքներն են վատ արվել, ոչ թե թերացել են, այլ չեն հասցրել. «Այնքան արագ զարգացան դեպքերը լայնածավալ հարձակումով, ով կմտածեր, որ ֆոսֆորային զինատեսակով դուրս կգան մեր 18 տարեկանների դեմ: Եթե իրենք դեմ առ դեմ մեր զինվորի դեմ կռվեն, մեր զինվորը հաղթանակած էին դուրս գալու: Մեր սպաները բարձրակարգ մասնագետներ են: Ապրիլյան պատերազմի ժամանակ 22 հանձնված դիրք ենք ունեցել, սակայն ապրիլյանը տարբերվում է նրանով, որ լայնածավալ հարձակման ժամանակ Արմենակենց օգնության չեն գնացել: 6 ժամ 4 հոգով կռիվ են տվել, դա գերհերոսություն է: Դա էլ կհանձնվեր, բայց տղաները մարմնով կանգնեցին ու փրկեցին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930