Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոշափելի փոփոխությունները կլինեն, երբ մշակութային քաղաքականությունն առավել հստակ լինի»

Ապրիլ 08,2021 13:00

Հարցազրույց պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանի հետ

– Դուք 2016 թվականից Գյումրիում «Ջազի հայկական ասոցիացիայի» պաշտոնական ներկայացուցիչն եք։ Այս տարիների ընթացքում երրորդ անգամ Գյումրիում իրականացրել եք «HAY-AT JAZZ» (Հայը ջազում, ջազը՝ բակում) նախագիծը, հանդիսացել եք Շիրակի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ Ժամանակին ձեր հեղինակությամբ ու ղեկավարությամբ կայացել է նաեւ «Ջազը եւ Գյումրին» նախագիծը եւ այլն։ Ձեր՝ պրոդյուսերի գործունեությունը հաշվվում է շուրջ 20 տարի եւ, մեծ հաշվով, Գյումրիում անցկացվող պրոդյուսերական աշխատանքները ասոցացվում են ձեր անվան հետ։ Հաշվի առնելով հայաստանյան ընդհանուր սոցիալ-տնտեսական եւ մասնավորապես՝ հետպատերազմյան ու համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպե՞ս եք կարողանում իրականացնել այդքան նախագծեր, մանավանդ՝ երբ ասում են պրոդյուսեր, հասկանում ենք շոշափելի ֆինանսներ։

– Իրականում ե՛ւ համաճարակը, ե՛ւ պատերազմը, ե՛ւ դրանից բխող սահմանափակումները էական ազդեցություն են ունեցել մեր նախագծերի իրականացման վրա։ Շատերը մնացին անավարտ, մի մասը իրականացան որոշակի սահմանափակումներով։ Միայն հիմա է, որ որոշակիորեն հնարավոր է դարձել նախագծել ինչ-որ միջոցառումներ եւ իրականացնել։

– Շատ երկրներ, այդ թվում նաեւ մեր հարեւան Վրաստանը, հաճախ դիմում է համագործակցության մեկ այլ երկրի կամ կազմակերպության հետ համատեղ արտադրանքի կամ նախագծի իրականացման նպատակով։ Մեր դիտարկմամբ՝ երբեւէ չեք կիրառել նման մոտեցում։ Հետաքրքիր է՝ նախատեսո՞ւմ եք նման աշխատաոճ։

– Այո, դեռեւս չի եղել, բայց իսկապես արդյունավետ համագործակցում ենք ԿԳՄՍ նախարարության հետ եւ մեր նախագծերից շատերը կյանքի են կոչվել հենց նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ֆինանսներ գտնելը հեշտ չէ, բայց դա չպետք է խանգարի գաղափարների իրականացմանը։

– Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ Կարծո՞ւմ եք, որ այսօր քաղաքի մշակութային կյանքը բավարար է, որպեսզի մշակութային մայրաքաղաք անվանումը համարենք լիարժեք։ Եվ երկրորդ՝ ըստ ձեզ՝ որո՞նք են զարգացման առաջնահերթությունները։

– Առհասարակ, նման ձեւակերպումները միշտ վիճելի են։ Այն, որ Գյումրին մշակութային քաղաք է՝ փաստ է, բայց ես չգիտեմ ի՞նչ չափումներով պետք է այդ տիտղոսը համարել լիարժեք եւ լիիմաստ։ Գյումրին ահռելի մշակութային ներուժ ունի։ Իսկ վերջին տարիներին հատկապես անցկացվող միջոցառումները էականորեն որակյալ են, նպատակային եւ արժանի ձեր նշած տիտղոսին։ Բայց, անշուշտ, անելիք դեռ շատ կա։

– Դուք՝ որպես պրոդյուսեր եւ սպառող, ի՞նչ զարգացումներ կուզենաք տեսնել մշակութային կյանքում՝ թե՛ ծրագրային, թե՛ կրթական, թե՛ մշակութային տուրիզմի զարգացման ոլորտում։ Արդյոք կա՞ն լայնածավալ ծրագրեր, որոնց իրականացումը կբերի ցանկալի եւ շոշափելի փոփոխությունների։

– Կարծում եմ՝ ցանկալի եւ շոշափելի փոփոխությունները կլինեն, երբ մշակութային քաղաքականությունը լինի առավել հստակ, ազգային արվեստի զարգացման համար առավել մեծ ֆինանսական միջոցներ հատկացվեն, նոր հայացքներ ու մոտեցումներ որդեգրվեն։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անհրաժեշտ եմ համարում, որ Կառավարությունը կարևորություն տա ,, Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքի,, 20-րդ հոդվածի 3-կետին, ուր նշված է ,,Ազգային մշակույթի պահպանմունը, զարգացմունը, տարածմունը,, , որը անտեսվում է սիմֆոնիկ նվագախմբերի, օպերային թատրոնի և մյուս դասական համարվող կոլեկտիվների, խոշոր միջաղգային փառատոների և ուսումնական հաստատությունների կողմից: Հայ դասականների գործերը թողնելով ամենավերջին, ձևական տեղում, որի արդյունքում հասարակության կողմից մոռացվել են մեր դասականները: Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային գաղութը և մեր ազգային ֆինանսական միջոցները ծախսվում են օտար մշակույթի վրա՝ ոչինչ չտալով ո՛չ մեր ազգային մշակույթին, ո՛չ հասարակությանը, ո՛չ պետբյուջեին: Օրինակ՝ Է. Թոփչյանը գտնում է, որ այդ կետը իրենց չի վերաբերվում …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930