Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգնամ, ո՞վ գնա, թուրքը գա, մտի իմ տու̑ն». հերոսի խոսքերն են՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ

Ապրիլ 12,2021 22:30

Շիրակի մարզի Ազատան գյուղից էր Պարույր Գրիգորյանը։ 4 եղբայրներից միջնեկն էր՝ փոքրամարմինն ու ճարպիկը։ Հոկտեմբերի 25-ին ռազմաճակատ մեկնելու հրահանգ է ստանում ու առանց մեկ վայրկյան մտածելու ճամփա ընկնում՝ տանը թողնելով կնոջը, 4-ամյա տղային ու երկու ամսական աղջկան: «Երբ պատերազմը սկսվեց, անընդհատ ասում էր՝ հենց հրահանգ լինի, գնալու է»,- պատմում է բարեկամուհին՝ Սուսիկ Սարգսյանը։

Պարույրին ու եղբայրներին միայնակ պահել ու մեծացրել է մայրը։ Չնայած կյանքում հանդիպած բոլոր դժվարություններին, Պարույրն ամեն ինչ անում էր, որպեսզի իր երեխաները չհանդիպեն այն խնդիրներին, որոնց ինքն էր հանդիպել։  «Ես չգնամ, ո̑վ գնա։ Վաղը թուրքը գա, մտի իմ տու̑ն»,- ասել էր հերոսը՝ տանից ռազմաճակատ մեկնելու պահին ու կնոջը՝ Քրիստինեին խնդրել, որ ոչ մի դեպքում մորը, որ Ֆրանսիայում բուժում է ստանում, չասի իր՝ ռազմաճակատ մեկնելու լուրը։

«Երբ գնաց, բոլորս վախենում էինք, հոգու խորքում մտածում էինք՝ հետ չի գա։ Իրեն լավ էինք ճանաչում ու միշտ ասում էինք՝ ինքը ուրիշին փրկելու համար իրեն է վնաս տալու։ Հենց այդպես էլ եղավ»,- շարունակում է ազգականը։ Նոյեմբերի 4-ին Պարույրը վերջին անգամ զանգում է կնոջը, հորդորում, որ ամեն ինչ լավ է ու լավ էլ լինելու է։ Նոյեմբերի 6-ին, Շուշիի պաշտպանական թեժ մարտերի ժամանակ Պարույրը նկատում է վիրավոր համագյուղացուն, չլսելով ոչ ոքի՝ վազում է նրան օգնություն ցույց տալու, հենց այդ  պահին թշնամու դիպուկահարը  չի վրիպում։ Պարույրը զոհվում է՝ փրկելով ընկերոջը։ Մինչև զոհվելը ոչ ոք չգիտեր, որ գնացած առաջին իսկ օրից էլ Շուշիում է եղել։

Հերոսի որդին՝ 4-ամյա Վահեն, հասկանալով ամենը, ինչ կատարվում է ընտանիքում, մոր ընկերն ու հույսն է դարձել։ Քրիստինեն նպատակ ունի՝ իրականացնել այն բոլոր երազանքները, որոնք ուներ Պարույրը։ Առաջինը Վահեին ըմբշամարտի ուղարկելն է։

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930