Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Առյուծ կտրած ղեկավարն այնտեղ դառնում էր Գիքոր, հանձնում մեր շահերը․ նռնակի օղակը քաշելով՝ նռնակը գցում պետության վրա»․ Ռուբեն Մեհրաբյան

Հունիս 09,2021 20:44

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» այսօր քարոզարշավն անցկացնում էր Գյումրիում։ Դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում ասաց՝ այս ընթացքում 26 քաղաքական ուժ գալու է քաղաքացիներին տարբեր բաներ պատմի, համոզի, որ իրեն լսեն, բայց կարեւորն այն է, թե ինչ են ուզում նրանք․«Բնականաբար, նրանք ուզում են, որ դուք քվեարկեք նրանց օգտին։ Հարց է առաջանում՝ եթե քվեարկեք, եւ նրանք հայտնվեն ԱԺ-ում, նրանք ի՞նչ են անելու։ Այս հարցը պետք է որոշիչ դառնա ձեր այդ որոշման մեջ, թե ում օգտին քվեարկեք։ Շատերն ասում են՝ այդ ազատությունը, տեսա՞ք ինչ բերեց մեր գլխին, ազատ խոսելն ինչի հանգեցրեց, շատ բաներ են ասում։ Ազատությունը կարեւոր նախապայման է ցանկացած պետության համար, մեր պետության համար՝ ուղղակի կենսական անհրաժեշտություն։ Ազատությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք ազատ է ինքն իր որոշման մեջ եւ պատասխանատու է այդ որոշման համար։ Մինչեւ համոզված չլինեք, թե այդ մարդիկ ինչ են անելու հայտնվելով Ազգային ժողովում, բնականաբար ձեր այդ եզակի ձայնը նրանց օգտին տալ պետք չէ»։

Պարոն Մեհրաբյանն ասաց, որ 44-օրյա պատերազմն ու հետպատերազմական այս ութ ամիսները ցույց տվեցին, թե մեր բոլոր պատկերացումները մեր անվտանգության, արտաքին քաղաքականության ինչպիսին լինելու․«Դրանք այսօր փլատակների տակ են, քանդված են, եւ դրանից ոչինչ չի մնացել։ Այսօր բոլորը խոսում են մեր մասին՝ Բայդենն եւ Էրդողանը պետք է հանդիպեն, օրակարգում գրված է՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտություն։ Բայդենն ու Պուտինը պետք է հանդիպեն, օրակարգում՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ։ Իսկ մենք ի՞նչ մենք խոսում դրա մասին, իսկ մեր շահն ո՞վ է առաջ տանում»։ Ապա Մեհրաբյանը հիշեցրեց, որ արտաքին գործերի նախարարն ու տեղակալները հրաժարական են տվել, ու վստահեցրեց, որ համակարգում կան շատ լավ դիվանագետներ, նրանք կաշխատեն, ճգնաժամը կհաղթահարենք։

«Բայց քաղաքականությունը որոշում է իշխանությունը՝ ինչպիսի քաղաքականություն պետք է տանենք մեր ծրագրում։ Գլխավոր, առանցքային խոսքը, հասկացությունը, դա բազմազանեցումն է, դիվերսիֆիկացիան։ Աշխարհագրությունից մենք գիտենք, որ աշխարհն ունի չորս կողմ, այլ ոչ թե միայն հյուսիս։ Եվ մենք ազատ, անկախ, ժողովրդավարական երկիր լինելով, մեզ պետք է ազատ զգանք ցանկացած պարտականությունից, սրան, նրան հարցնելու, թե մենք, որ հարցը՝ որ հեռախոսով քննարկենք, այն հարցը, որ բխելու է մեր շահերից։ Երկրորդը՝ հիմքում պետք է լինեն մի քանի անքննարկելի հասկացություններ, բաներ, որոնք առեւտրի ենթակա չեն եւ չեն կարող լինել ոչ մի դեպքում՝ մեր ինքնիշխանությունն է, մեր անկախությունն է, ազատությունն է, մեր ժողովրդավարությունն է, մեր ապրելակերպն է, մեր լեզուն եւ մշակույթն է։ Դրանք չեն վաճառվում, դրանց հաշվին մենք հարցեր չենք լուծում։ Բայց մի հատ նայեք անցած երեսուն տարվա մեջ ոնց են ապականել այդ ամեն ինչը, ինչ ստորաքարշ քննարկումների ականատես ենք եղել, ինչպես է գնդակահարվել մեր ազատությունն ու անկախությունը եւ ժողովրդավարությունը եւ մարդկանց կամքը՝ ներսում։ Իսկ դրսում պարզ չէ՞ր, որ այստեղ առյուծ կտրած ղեկավարն այնտեղ դառնում էր Գիքոր, եւ հանձնում մեր շահերը մեկը մյուսի հետեւից, Ղարաբաղը հանում բանակցություններից, մեզ կանգնեցնում փաստի առաջ։ Իսկ վերջում նռնակի օղակը քաշելով՝ նռնակը գցում պետության վրա, որ բոլորս պայթենք։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Մենք այլեւս նման բան հանդուրժելու իրավունք չունենք, պատասխանատու ընտրողը պետք է պատասխանատու քաղաքական ուժերին պատվիրակի ԱԺ՝ ձեւավորելով օրենսդիր իշխանություն, որը կդառնա պահապանը մեր անկախության, ինքնիշխանության, ազատության եւ մեր հարատեւության։ Ես հավատում եմ ձեր կամքին»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930