Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վատագույնն է տարածաշրջանում Covid-19-ի դեմ պատվաստումների քանակով

Հուլիս 05,2021 22:36

Covid-19-ի դեմ պատվաստումներով Հայաստանը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներն է գրանցել: Ըստ միջազգային «Ռոյթերս» գործակալության՝ երկրների պաշտոնական աղբյուրների տվյալների վերլուծության, օրինակ, Ադրբեջանում բնակչության մոտ 23,4%-ն է պատվաստվել՝ առաջին դեղաչափը, Վրաստանում՝ 6,69 %-ը, Իրանում ՝ 4,9 %-ը, Թուրքիայում՝ 43,3%-ը, Հայաստանում՝ 2%-ը, Ռուսաստանում՝ 17,3%-ը։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, հուլիսի 4-ի դրությամբ` մեր երկրում կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափը` 66491, երկրորդ դեղաչափը` 21673։

Հայաստանը շատ հեռու է կորոնավիրուսի դեմ հանրային իմունիտետի շերտ ձեւավորելուց։ Շատ մասնագետներ կանխատեսում են վարակի 4-րդ ալիք, որը սպասվում է սեպտեմբերին։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ միջալիքային շրջանը մեզ մոտ ավարտվել է, եւ բնական է, որ կսկսվի 4-րդ, 5-րդ ալիքը։ Մասնագետի դիտարկմամբ՝ հիմա մենք գտնվում ենք հիվանդացության նոր դեպքերի ցածր թվերի շրջանում, սակայն, 1,5 ամսից կունենանք թվերի ավելացում՝ եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես հիմա է ընթանում։ Նրա խոսքով՝ ապացուցված է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, եւ այն երկրները, որոնք պատվաստման բարձր ծածկույթ ունեն, այդ երկրներում նոր դեպքերն են նվազել, մահերն են տասնյակ անգամներով կրճատվել․«Օրինակ՝ Իսրայելում մի քանի տասնյակ անգամ, Հունգարիայում՝ տասը անգամ, Մեծ Բրիտանիայում՝ տասն անգամ։ Եթե վիրուսը շատ մարդկանց շրջանում է տարածվում, ապա մուտացիոն հավանականությունը բարձրանում է։ Երբ մենք զսպում ենք վիրուսի տարածումը կոնկրետ պատվաստման միջոցով, մենք զսպում ենք նաեւ դրա մուտացիայի ենթարկվելու հնարավորությունը»։

Պարոն Մելիք-Նուբարյանը լավ նորություն էլ է փոխանցում՝ գրեթե բոլոր մուտացիաների դեպքում քովիդի դեմ երկու լիարժեք դեղաչափով պատվաստված մարդիկ նույնչափ պաշտպանված են, որքան, որ Ալֆա՝ բրիտանական շտամպի դեպքում է։ «Բայց սա չի նշանակում, որ վաղը կարող է մեկ այլ մուտացիա լինի, եւ օրինակ այդ պատվաստանյութերի ազդեցությունը թուլացնի։ Առայժմ քիչ հավանական է, որ լինի այնպիսի մուտացիա, որը զրոյացնի պատվաստման ազդեցությունը»,-նշում է մասնագետը։

Պարոն Մելիք-Նուբարյանն էլ է նշում՝ Հայաստանը պատվաստումների քանակով տարածաշրջանում վատագույն դիրքերում է, իսկ օրինակ՝ Ադրբեջանում մեկ օրում պատվաստվում է այնքան մարդ, որքան Հայաստանում մեկ ամսում, Իրանում մեկ օրում երեք անգամ ավելի շատ մարդ է պատվաստվում, քան Հայաստանում՝ մեկ ամսում։

Ինչո՞ւ է Հայաստանում այսքան ցածր պատվաստման մակարդակը․ մասնագետը տարբեր պատճառներ է նշում։ Նրա ներկայացմամբ՝ խորքային պատճառն, այսպես ասած՝ առողջության գրագիտությունն է․«Դրա սահմանումը հետեւյալն է՝ որքանո՞վ է բնակչությունը կարողանում կարդալ փաստն առողջության մասին, ընկալել փաստը, վերլուծել եւ դրսեւորել համապատասխան վարքագիծ։ Ըստ հարցումների, Հայաստանի բնակչության 71%-ը նշել էր, որ չի պատրաստվում պատվաստվել։ Այսինքն, հենց այսքան մարդ առողջության փաստը չի կարողանում ընկալել։ Մյուս պատճառը՝ հաղորդակցության խնդիրներ կային, հիմա էլ կան, որովհետեւ մենք չենք տեսնում, որ այդ 71%-ը փոխվել է։ Ապատեղեկատվության դեմ պայքարն էլ այդքան լավ չի կազմակերպվում։ Մասնագետներն էլ հաճախ այնպիսի կարծիքներ են հայտնում, որ առնվազն զարմանում ես»։

Մասնագետը հեգնանքով է մոտենում այն ապատեղեկատվությանն ու վախերին, երբ մարդիկ պատվաստման մասին ասում են՝ մեզ ուզում են վերացնել, չիպավորում են եւ այլն։ Նա նշում է՝ Իսրայելում բնակչության 60%-ը պատվաստվել է․«Ասացեք խնդրեմ՝ կա՞ մի մարդ, որը հավատում է, որ հրեաները կամավոր ընտրել են ինքնաոչնչացման ճանապարհը, պատվաստվում են, որպեսզի չիպավորվեն եւ վերանան։ Միգուցե հայերս ընտրել ենք ինքավերացման ճանապարհը հենց չպատվաստելով»։

Մասնագետը կարծում է, որ Ռուսաստանում պատվաստումների թիվը կավելանա, քանի որ վերջին մեկ շաբաթում դաշնային իշխանությունները պատվաստվելու պարտադրանքի խիստ տարրեր են ներմուծել։

Արդյո՞ք Հայաստանում էլ հարկավոր է պարտադրանքի ինչ-որ միջոցներ կիրառել։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանձնարարել է՝ հուլիսից սկսած բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն, չստանան պարգեւավճար: Պարոն Մելիք-Նուբարյանն ասում է՝ պարտադրանքի միջոցներ կիրառելը հանրային կոնսենսուսի հարց է՝ որոշում ենք՝ կարող ենք մահանալ կորոնավիրոսից, շարունակում ենք վարակի ալիքների ժամանակ զանգել բժիշկներին, խնդրել մի բան արեք, տեղ ազատեք, թթվածին տվեք, մի բան արեք, գոնե «կոյկայի» վրա մահանանք, հետո երբ այդ ամենը մի քիչ կարգավորվում է, մոռանում ենք վտանգի մասին․«Սա մի ճանապարհ է, որն արդեն ընտրել ենք երեք անգամ։ Մյուս ճանապարհը փափուկ ուժի կիրառումն է՝ որոշ մասնագիտությունների դեպքում, ինչ-որ տեղեր այցելությունից զրկելու քաղաքականությունը։ Բայց մեր օրենսդրությամբ դա հնարավոր չէ կիրառել, պետք է օրենսդրական փոփոխություններ անել։ Եթե որոշում կայացնողները չգնան պոպուլիզմի հետեւից, միգուցե պետք է փոխել օրենքները, որոշակի փափուկ ուժի տարրեր ներդնել»։

Այսօր շրջանառվում է վարակի Դելտա շտամը՝ հնդկականը։ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնն, ըստ պարոն Մելիք-Նուբարյանի, կանխատեսել է, որ սեպտեմբերին երկրի բնակչության 90%-ի շրջանում այս շտամը շրջանառվելու է․«Դելտա շտամը հեշտ է տարածվում, հաճախ է հանգեցնում հոսպիտալացման, սա նշանակում է, որ մեզ մոտ 4-րդ ալիքը կարող է ավելի ծանր լինի, քան 3-րդ ալիքը, եւ հնարավոր է ավելի շատ մարդ մահանա, ավելի շուտ սպառվեն հիվանդանոցային տեղերը։ Բայց պետք է կրկնեմ՝ երկու դեղաչափով պատվաստված մարդն այս շտամից նույնքան պաշտպանված է, որքան Ալֆա շտամից։ Հիվանդանալու ռիսկը տասն անգամ ցածր է, իսկ հիվանդացության ծանր ընթացիկ ռիսկը մոտ է զրոյին»:

Արդյո՞ք կառավարությունը պատվաստումներն ակտիվացնելու ուղղությամբ ճիշտ է աշխատում՝ ի պատասխան այս հարցի պարոն Մելիք-Նուբարյանն ասում է՝ կարծես թե ամեն ինչ արվել է՝ պատվաստանյութերի ընտրություն էլ կա, անվճար է, շատ հասանելի, տեսահոլովակներ կան, հանրային դեմքերն են պատվաստվում եւ օրինակ ծառայում․«Կարող եմ մի խորհուրդ տալ՝ հետազոտություն անել եւ հասկանալ՝ ո՞րն է ճիշտ ճանապարհն ամեն տարիքային խմբի, սոցիալական խմբի դեպքում, ինչո՞ւ չեն պատվաստվում, ո՞ր հարցերն են իրենց անհանգստացնում, եւ այդ հարցերից բխող կոնկրետ թիրախային աշխատել, ասենք՝ բժիշկների հետ, երիտասարդների կամ ուսուցիչների հետ։ Սա մի քիչ ժամանակատար եւ երկար գործընթաց է, բայց մենք տեսնում ենք, որ այլ բան չի աշխատում, մարդիկ չեն լսում։ Փոքր խմբերով մարդկանց հետ հանդիպեն ու աշխատեն նրանց հետ, հասկանան նրանց օբյեկտիվ վախերը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031