Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-Ռուսական համալսարանում կգործի Արցախյան պատերազմի մասնակից Տիգրան Պողոսյանի անվան կրթաթոշակ  

Հուլիս 06,2021 15:40

Հայ-Ռուսական համալսարանի «Գովազդ և PR» ուղղության լավագույն շրջանավարտներից մեկի, Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Տիգրան Պողոսյանի ընտանիքի առաջարկով ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի ուսանողների համար 2021-2022 ուսումնական տարվանից գործելու է Տիգրան Պողոսյանի անվան հատուկ ուսանողական կրթաթոշակ։

Այն ֆինանսավորվելու է Տիգրան Պողոսյանի ընտանիքի կողմից ստեղծված հատուկ հիմնադրամից՝ ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի երկու ուսանողների համար (մեկ ուսանող բակալավրիատից/սպեցիալիտետից, մյուսը՝ մագիստրատուրայից)՝ մեկ ուսումնական տարվա վարձավճարի տեսքով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021-2022 ուսումնական տարվա համար հուլիսի 15-ն է։

Տիգրան Պողոսյանի անվան կրթաթոշակին կարող են հավակնել միայն ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի բակալավրիատի 2-4 կուրսերի, սպեցիալիտետի 2-5 կուրսերի և մագիստրատուրայի 1-2 կուրսերի ուսանողները, որոնք նախորդ ուստարում(ներին) ցուցաբերել են բարձր ակադեմիական առաջադիմություն, հասել են որոշակի հաջողությունների իրենց ընտրած մասնագիտությունում, ծավալել են որոշակի հասարակական գործունեություն ՀՌՀ-ում։

Կրթաթոշակի շահառուները որոշվելու են համապատասխան հանձնաժողովի կողմից, որի աշխատանքներին կներգրավի նաև ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի մեկ ներկայացուցիչ։

Տիգրան Պողոսյանը Հայ-Ռուսական համալսարանի «Գովազդ» ուղղություն էր ընդունվել 2012թ․-ին և գերազանցությամբ ավարտել էր ինչպես բակալավրիատը, այնպես էլ մագիստրատուրան։ Իսկ 2018թ․-ին պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել «Ես եմ» ծրագրով։ Հերոսաբար զոհվել է Հադրութի մատույցներում 2020թ․ հոկտեմբերի 16-ին, երբ նահանջի ժամանակ հետ էր գնացել՝ փրկելու վիրավոր զինակցին։ Հետմահու պարգևատրվել է «Քաջության համար» մեդալով։

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031