Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղին բռնելու եմ շինեմ», «ռադ են լինելու», «վենդետա է լինելու»․ ՍԴ-ում քննարկում են, թե այս խոսքերն ում են ուղղված

Հուլիս 10,2021 17:56

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը։

Դատարանում որպես 3-րդ կողմ հանդես եկող արդարադատության նախարարության ներկայացուցիչ, փոխնախարար Սուրեն Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանին դիմեց․«Դուք մեջբերեցիք, երեկ էլ  ձեր դիմումը ներկայացնելիս, այսօր հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանի  հնչեցրած արտահայտությունները, որոնք դուք որակում եք որպես բռնության կոչեր, որոնք ի վերջո հանգեցրել են 7-րդ  հոդվածով հավասարության եւ ազատության սկզբունքների խաթարման։ Եվ մի շատ կարեւոր շեշտադրում կա․ ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք,  որ այդ խոսքերը դիտարկում եք որպես ընդդիմադիրներին ուղղված խոսքեր, իսկ ավելի ճիշտ՝ եթե բովանդակային  այսօրվա ձեր ասածից  ցիտեմ՝ ցանկացած անձի ուղղված խոսք, ում կարծիքները տարբերվում են, ով որ համակիրը չէ իշխանության, այսինքն, ընդդիմադիր ճամբարում է։ Ճի՞շտ եմ հասկանում»։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում, ներկայացնելով կոնկրետ մի ուժ, ես վստահ եմ՝ երբ ինքն ասում է, ներողություն եմ խնդրում՝ «սաղին բռնելու եմ, շինեմ», ինքը դա չի ասում իր թիմակիցներին, վստահ եմ, ինքն ասում է լրիվ հակառակ այլ անձանց ուղղված»։

Սուրեն Գրիգորյանը շարունակեց իր հարցը․ «Կոնկրետ երբ ասել է՝ «կարճ ասած «ռադ են լինելու եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ, այդ համայնքի ներկայացուցիչները, կարճ ասած, ռադ են լինելու եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ», կոնկրետ այս արտահայտությունը դուք դիտարկում եք ուղղված ուղղակի իշխանությանը չհամակրող անձանց։ Պարզ է, որ իր թիմակիցներին չի ուղղում, բայց իր թիմակիցներին չուղղելը չի նշանակում ավտոմատ իր թիմակից շրջանակից դուրս բոլորին ուղղել։ Իսկ դուք կարծես դա եք պնդում»։

Պարոն Վարդեւանյանը պարզաբանեց․ «Մենք ունենք մի քանի խումբ մարդ, պատկերացնենք՝ հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ, Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր խումբ, բայց կան նաեւ անձինք՝ չկողմնորոշված, դեռ որոշում չկայացրած, համարենք նաեւ  որոշակի իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող։ Եթե իրենք օրինակ լսում են, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան, ամենաբարձր պաշտոնյան, որը կարողանում է ցանկացած տեսակ հարցի, ՀՀ ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել, ասում է՝ «կարճ ասած այդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»  կարա՞ն վախենան, հարգելի գործընկերներ, կարա՞ն մտածեն՝ եթե ես հայտնվեցի ընդդիմադիր ճամբարում՝ այս մարդն ինձ էլ է ռադ անելու, իմ հանդեպ էլ է վենդետա անելու»։

Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ վստահ է՝ պարոն Վարդեւանյանը մեջբերվող  այդ հատվածներն հենց իրենց տեսանյութերին  հղում անելով, երեւի թե ամբողջությամբ նայել  է․ «Դուք եզրափակիչ մասն եք մեջբերում, այդ խոսքն ամբողջությամբ հնչել է հետեւյալ կերպ, մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ «ես ասել եմ, ուշադրություն, եւ խնդրում եմ իմ խոսքերը կոնտեքստից հանկարծ որեւէ մեկը չփորձի կտրել, ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու։ Այսօր ինձ տարբեր քաղաքներից նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ  եւ մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով։ Եվ ակնհայտ է՝ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ են, իրենց վարչական լծակներն օգտագործելով մարդկանց տանում են հավաքների։ Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների  ղեկավարների նկատմամբ, ովքեր  ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի, այն հիմնարկի ղեկավարներին, որոնք իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների։ Եվ ինչպես 2018 թվականին,  էլի եմ ասում՝ հանկարծ կոնտեքստից չկտրեք, խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, խոսքը քաղաքական, քաղաքացիական վենդետա․․․ այդ համայնքների ղեկավարները, կարճ ասած, ռադ են լինելու են, եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ»։ Այս ամբողջության մեջ դիտարկելով, ես չեմ ժխտում, սուր խոսք է, ես չեմ ասում փափուկ խոսք է, բայց այս ամբողջ մեջբերվածից պարզ չէ՞, որ ընդդիմադիր ճամբարում գտնվելը բնավ կարեւոր չէ, ելակետը ընտրողներին օրենքին  հակասող ձեւով սեփական կամքը հարկադրելն է։ Այսինքն, դուք այս մեջբերումն այս տեսանյութը ամբողջությամբ նայել եք եւ եկել եք հետեւության, որ սա  ուղղակի ընդդիմությա՞նը ուղղված խոսք է»։

Ի պատասխան Արամ Վարդեւանյանն ասաց՝  ամբողջությամբ, մենք որքան էլ խոսքին անդրադառնանք, ի վերջո պետք է մի բան հաշվի առնել՝  մենք խոսում ենք ամենաբարձր պաշտոնյայի մասին, ով  օգտագործում է վենդետա բառը․ «Ով  ասում է՝ «ռադ են լինելու» եւ ով  ասում է՝ «նոր ընտրություններ են լինելու»։ Հիմա կներեք, այստեղ ի՞նչն է անորոշությունը։ Փաստացի ասում է՝ իքս խումբ մարդկանց, ում ինքն արդեն գնահատական է տվել, ինքը որոշեց, որ կան մարդիկ, որոնք իքս գործողությունն արել են, դա դատախազությունն ու ոստիկանությունը չեն ասել, հենց էդ մարդը որոշեց, որ այս սենց մի բան է եղել, մի հատ էլ վճիռն է տալիս, մի հատ էլ հետեւանքներն է ասում, թե ինչ  է լինելու։ Հարց՝ կարա՞ հասարակ մի մարդ մտածի՝ հեսա իմ մասին  էդ նույնը կսկսի պրոյեկտել։

Օրինակ կասի՝ գիտես ինչ կա, այ դու, արել ես էսինչ գործողությունը, դրա համար ռադ ես լինելու, վենդետա է լինելու, բայց ոչ քաղաքական վենդետա։ Մենք իրավաբաններ ենք, մենք հասկանում ենք, չէ,՞ որ մեկը եթե ասում է վենդետա՝ դա ասես իրավական,սոցիալական․․․բայց պարզ է,  չէ՞ դա ինչ է։  Ես ամբողջ բառերը մեջ չեմ բերել, որովհետեւ սրանցից նույնիսկ 15%-ի  առկայությունն այդ կարգավիճակում հանդես եկող մարդու ազդեցության աստիճանը շատ բարձր է, եւ այնպես չէ, որ այն կարելի է վերաբերել միայն  ընդդիմադիրին կամ ոչ ընդդիմադիրին։ Դա բոլորին է վերաբերում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    Ողովրդի միասնությունը ամրապնդվում է կառավարության գործողությամբ: եթե կառավարությունը ինչ-ինչ պատճառներով բաժանում է հայ ժողովրդին սևերի և սպիտակների միջև, ապա վարչապետը ելույթ է ունենում մուրճը ձեռքին, և պատահականորեն առանց որևէ ապացույց մարդկանց բանտարկելու և մի քանի ամիս բանտարկությունից հետո ազատ արձակելով նրանց: Աչք փակելով հոգևորականության հետապնդումների դեմ: Ինչ-որ մեկը կարծում է, որ հայ ժողովրդի համախմբված լինելու հավանականություն կա՞:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031