Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղալումյանը չի բացառում, որ Տավուշի «անկլավները» փոխանակվեն. «Ես գտնում եմ, որ կա խնդիր եւ պետք է նստել, խոսել»

Օգոստոս 06,2021 12:47

ՔՊ պատգամավոր, տավուշցի Վահե Ղալումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման, ուղեկալների մասին որեւէ տեղեկություն չունի, այսօր կպարզի:

Հարցին՝ որեւէ բնակավայր հանձնելու հարց դրվա՞ծ է, նա հերքեց, իսկ երբ հիշեցրին, որ ժամանակին ասել էր՝ Տավուշում անկլավներ կան՝ Ղալումյանն արձագանքեց. «Ես ասել եմ, որ Տավուշում կան հողեր, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր տիրապետության տակ»: Հարցին՝ հնարավո՞ր է դրանք փոխանակել՝ Ղալումյանը պատասխանեց. «Չեմ բացառում: Ես գտնում եմ, որ կա խնդիր եւ պետք է նստել, խոսել»:

Իսկ թե Տավուշում ի՞նչ խնդիր կա, որ ռուս սահմանապահների տեղակայման անհրաժեշտություն է առաջացել՝ Վահե Ղալումյանը պատասխանեց. «Այս պահին Տավուշում ոչ մի խնդիր չկա»: Պատգամավորն ասաց, որ ժամանակ չի ունեցել մանրամասն հետաքրքրվել. «Ինչքան գիտեմ, փաստաթուղթ կա, որ սահմանազատման, սահմանագծման հանձնաժողով ստեղծվի, սահմանում գոյություն ունեցող խոչընդոտները հարթեն»:

Լրագրողները նաեւ հարցրեցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էլ, որ ՀԱՊԿ-ից պետք է հայ-ադրբեջանական սահմանին ուժեր տեղակայվեն, դուք դրան ո՞նց եք վերաբերվում, փաստորեն, մեր սահմանների հսկողությունն ամբողջությամբ այլ երկրներին է հանձնվում՝ Ղալումյանը պատասխանեց. «Մենք ունենք պայմանագիր ու սահմանների հետ կապված խնդիրների դեպքում պարտավոր են միջամտել՝ ըստ պայմանագրերի»:

Հարցին՝ այսինքն, դուք կո՞ղմ եք, որ մեր սահմանին ռուս կամ ՀԱՊԿ-ի սահմանապահ զորքեր տեղակայվեն՝ նա պատասխանեց. «Ես կողմ եմ խաղաղությանը եւ եթե այդ խաղաղությանը պետք է հասնել այդ ճանապարհով, կարելի է այդ ճանապարհով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031