Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին, մեր լռությունը համազոր է հանցակցութան. Էլինար Վարդանյան

Սեպտեմբեր 06,2021 13:34

Հանրային պրոցես՝ ի պաշտպանություն Ա. Չարչյանի, մյուսների և արժանապատվության

Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ. Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատության մեջ։

Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի միակ ձև, այս իշխանության այցեքարտն է: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական և իրավական սկզբունքները ոտնահարելը այլևս օրինաչափություն է:

Իշխանության այս ապօրինությունները բերել են բժիշկ Չարչյանի առողջության կտրուկ վատթարացման: Սա ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, քանի որ սրտի կաթվածով բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Եվ սա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է, կալանքի հետ անհամատեղելի։

Այս պարագայում մենք չենք կարող լուռ հետևել, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար պատժում հազարավոր կյանքեր փրկած հռչակավոր բժշկին:

Մենք չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին: Մեր բոլորի լռությունը համազոր է հանցակցութան։

Անհրաժեշտ է.

– Ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե։ Այն կարող է գլխավորել և կոմիտեին կարող են մասնակցել հեղինակավոր իրավապաշտպաններ, բժիշկներ, հանրային դեմքեր: Վստահ եմ, որ կցանկանան մասնակցել նաև նրա նախկին հիվանդները: Բայց պաշտպանության կոմիտեն պետք է ստեղծվի։

–  Վերանայել և կոշտացնել «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հանդեպ. մեր գործընկերները` Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը բանտում են, և մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում:

– Դիմել Հայաստանում հավատարմագրված միջազգային և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, նախաձեռնել հրատապ հանդիպումների շարք։

– Դիմում եմ քաղաքացիական հասարակության կառույցներին. մի´լռեք, մի´վախեցեք Նիկոլից։

– Դիմում եմ մտավորականներին,  հանրային գործիչներին՝ մի´լռեք, մի´եղեք անտարբեր։

– Դիմում եմ բժշկական համայնքին. Ավելի տեսանելի կանգնել Ձեր գործընկեր պրոֆեսորի կողքին՝  նա ունի Ձեր կարիքը։ Ձեր պասիվությունը, Ձեր լռությունը իշխանությունների կողմից թարգմանվում է որպես անտարբերություն՝ ինչն իրականում այդպես չէ։

– Կազմակերպել մեդիաարշավ՝ ի աջակցություն Չարչյանի և մեր մնացած ընկերների: Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի մեծ թվով մարդիկ արտահայտեն իրենց դիրքորոշումը:

Մենք ունենք բարոյական խնդիր՝աջակցելու Ա. Չարչյանին, բայց սա նաև կարևոր է՝ իշխանության հետագա քաղաքական ճնշումների պլանները, հետագա «բեսպրեդելը» կանխելու համար:

Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին, վաղը այդ ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր անդամներին՝ առաջին համարից մինչև վերջինը, հանրային բոլոր դեմքերին, ովքեր կունենան սեփական կարծիք։

Կա՛մ այսօր մենք կտանք համարժեք պատասխան, կա´մ վաղը ունակ չենք լինի դիմագրավելու իշխանության՝ անխափան աշխատող ռեպրեսիվ մեքենային։ Սա պայքար է՝ հանուն արժանապատվության և ընդդեմ ամենաթողության։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930