Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Օլիմպիական խաղերում սպիտակ քարտերից օգտվելու անհրաժեշտություն այլեւս չկա»

Սեպտեմբեր 09,2021 21:21

ՀԱՕԿ-ի համաժողովի ավարտից հետո Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանին խնդրեց պատասխանել մի քանի հարցերի: Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, արդյոք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է ցանկություն հայտնել, որպեսզի Հայաստանի մարզիկները Տոկիոյի եւ ընդհանրապես ամառային օլիմպիական խաղերին այլեւս մասնակցեն առանց «սպիտակ քարտերի, այսինքն, միայն քրտինքով նվաճված ուղեգրերով: «Այո: Մենք ժամանակին «սպիտակ քարտերից» օգտվել ենք: Բայց այսօր այնքան մարզիկներ ունենք, որոնք ի վիճակի են օլիմպիական ուղեգրեր նվաճել, որ դրա անհրաժեշտությունը այլեւս չկա: Հիմա արդեն կարեւոր է, որ օլիմպիական խաղերում, եթե հայ մարզիկի անուն է հնչում, բոլորը իմանան, որ նա աշխարհի, մայրցամաքի չեմպիոն է, մեդալակիր, հաղթել է վարկանիշային մրցաշարերում, կամ լրացրել է սահմանված նորման: Օլիմպիական խաղերին «Սպիտակ քարտերով» կարող են մասնակցել այն երկրները, որտեղ սպորտը դեռ լավ զարգացած չէ: Մենք այդ ճանապարհն անցել ենք ու փառք Աստծո, դա արդեն անցյալում է»,-պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե այս տարի 10 լավագույն մարզիկների մրցանակաբաշխություն լինելո՞ւ է: «Այս պահին կոնկրետ ոչինչ չկա: Խորհրդի կազմով կքննարկենք եւ կտեղեկացնենք»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ Փարիզի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար այս անգամ COVID-ի պատճառով մնում է ընդամենը երեք տարի, հետեւաբար, խտացված ծրագրով պիտի աշխատել: ՀԱՕԿ-ը այս առումով ի՞նչ է պլանավորել, պարոն Ծառուկյանը պատասխանեց. «Մենք այդ ամենը լավ գիտենք ու համապատասխան աշխատանքներ արդեն իսկ պլանավորել ենք: Մասնավորապես, աշխատանքային քննարկումներ ենք ծրագրում հավաքականների մարզիչների, ֆեդերացիաների ղեկավար կազմերի հետ, որոնք կներկայացնեն իրենց ծրագրերը: ՀԱՕԿ-ը դրանք լսելու ոչ մի խնդիր չունի: Մենք լինելու ենք հետեւողական, ըստ ամենայնի ոգեւորելու ենք մեր մարզիկներին ու մարզիչներին: Մարզվելու տեղ կա, ծրագրերը ֆինանսավորելու ցանկություն նույնպես: Տոկիոյից առաջ մեզ շատ խանգարեց կորոնավիրուսի համաճարակը, որի պատճառով բոլոր արժանավորները չէ, որ կարողացան մասնակցել: Հուսանք, որ Փարիզին  ընդառաջ նման խնդիրներ չեն լինի եւ մեր առաջատար մարզիկները լիարժեք կմասնակցեն պաշտոնական առաջնություններին, միջազգային ու վարկանիշային մրցաշարերին, ուղեգրեր կնվաճեն եւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսներ ու մեդալներ կնվաճեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930