Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պաշտպանության նորանշանակ նախարարի ցուցմունքը մարտի 1-ի գործով. «Մովսես Հակոբյանն ասաց, որ Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան». armlur.am

Սեպտեմբեր 14,2021 23:23

Առայսօր հրապարակվել են Մարտի 1-ի քրեական գործով անցնող հայտնի դեմքերի հարցաքննությունների արձանագրությունները։  Հրապարակում ենք 2008թ․ ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի ցուցմունքը, ով այդ օրերին եկել է Երեւան եւ մասնակից է եղել նշված իրադարձություններին։ Նշենք, որ այժմ Կամո Վարդանյանը զբաղեցնում է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը:

1992թ․ սեպտեմբերից մինչ օրս ծառայում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում։ Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, իսկ 2013-2017թթ․ զբաղեցրել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը։ Այնուհետեւ դարձել եմ Մոսկվայի գլխավոր շտաբի ակադեմիայի ունկնդիր, ներկայումս սովորում եմ ակադեմիայի 2-րդ կուրսում, ունեմ գեներալ-մայորի կոչում։ 2008թ․ եղել եմ ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարը։ Այդ պաշտոնը զբաղեցրել եմ 2007-2013թթ․։ Առաջադրված հարցերի վերաբերյալ կասեմ, որ 2008թ․ փետրվարի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով նրա հետ եկել եմ Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, գիշերը դուրս ենք եկել Ղարաբաղից եւ եկել Երեւան։ Մեր հետ Երեւան են եկել նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) եւ 18-րդ դիվիզիայի հրամանատար Կամո Աղաջանյանը։ Բոլորս եկել ենք մի մեքենայով։

Խորհրդակցությունը սկսվել է ժամը 11։00-ի սահմաններում, այն անց է կացվել Բաղրամյան 26-ում։ Ներկա են եղել զինվորականներ, ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայողներ, ողջ հրամանատարական կազմը՝ մոտ 50 հոգի։ Ներկաներից հիշում եմ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նրա տեղակալներին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին։ Խորհրդակցությունն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, բայց վերջինս ոչինչ չի ասել։ Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, նա ասաց, որ երկրում ներքաղաքական վիճակը կայուն չէ, ու Երանոսյան Լյովային կամ էլ այլ անձի, կոնկրետ չեմ հիշում, ասաց, որ գնան Մանվել Գրիգորյանին ասեն, որ երկրապահներին ցրի «Երկրապահի» շենքից եւ վերադառնա իր ծառայությանը։

Քոչարյանը խորհրդակցության ժամանակ ասում էր, որ երկրում լարված վիճակ է ստեղծվել, ինչն անթույլատրելի է, պետք է այնպես անենք, որ իրավիճակը շտկվի, ներքաղաքական կյանքը վերադառնա բնականոն հուն։ Այդ ժամանակ Հայաստանում հանրահավաքներ էին տեղի ունենում, քանի որ 2008թ․ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքը եւ պնդում էին, որ դրանք կեղծվել են։ Մեծ թվով մարդիկ Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էին անցկացնում։ Ռոբերտ Քոչարյանը հենց դա նկատի ուներ եւ ասում էր, որ երկրի ներքաղաքական կյանքը կայուն չէ, ցույցեր են տեղի ունենում, լարվածություն կա, պետք է այնպես անենք, որ վիճակը կայունանա։ ՀՀ նախագահի ասած կոնկրետ բառերը չեմ հիշում, բայց այդ խորհրդակցության իմաստը հենց դա էր։

Ինչպես հասկացանք, նա դժգոհ էր Մանվել Գրիգորյանից, ով, հավանաբար, այլ մտքեր ուներ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ու իր մի քանի տասնյակ համախոհներին հավաքել էր «Երկրապահի» շենքում, եւ մեր բոլորիս ներկայությամբ նախագահը պահանջեց Մանվել Գրիգորյանին կարգի հրավիրել։ Խորհրդակցությունը շատ կարճ է տեւել՝ մոտ 15-20 րոպե, ասում էր, որ անթույլատրելի է նման վիճակը։ Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց մնալ Երեւանում, քանի որ Ղարաբաղից պետք է զորք ուղարկվեր Երեւան։ Հասկանալի էր, որ Մովսես Հակոբյանին այդպիսի հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարարը, կոնկրետ տեղյակ չեմ։

Մովսես Հակոբյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան, ինքը գնում է Ստեփանակերտ՝ զբաղվելու այդ հարցերով։ Այնուհետեւ պաշտպանության բանակից ստացած հրամանի համաձայն՝ 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան։ Քանի որ արդեն 10 տարի է անցել, ես չեմ հիշում, թե կոնկրետ քանի հոգի են եղել, մոտավորապես 100 հոգու ենք ուղարկել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930