Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց նախագահը 16 անգամ Բադեն-Բադեն է թռել, էլ ի՞նչ են խոսում»․ Դանիել Իոաննիսյանի պատասխանը` Հայկ Մամիջանյանին

Սեպտեմբեր 17,2021 22:00

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել էր այն մասին, որ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արշավ է սկսվել, թե նա իբրեւ Բադեն-Բադենի խաղատներ է գնացել։ «Երրորդ նախագահի դեմ արշավի ճարտարապետը Դանիել Իոաննիսյանն է, որը հակահայկական օրակարգ է առաջ տանում»,-այդ թվում ասել էր Հայկ Մամիջանյանը։ Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը գրառում էր կատարել։

Հայկ Մամիջանյանի ասածի վերաբերյալ Aravot.am-ը խոսեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ։ Նա նշեց․ «Իրենց նախագահը մեր բոլորիս հաշվին 16 անգամ Բադեն-Բադեն է թռել։ Էլ ի՞նչ են խոսում։ Թե կարող է չի թռել․․․մեր բոլորի հաշվին է թռել։ Այն զինվորի հաշվին, որն այդ փողով կարող էր ավելի լավ զրահաբաճկոն ունենալ, ավելի լավ տեխնիկայով զինված լինել, կարող էր մեկ-երկու զորավարժություն ավել ունենալ։ Այդ ավիացիոն կերասինը, որով նա թռել է Բադեն-Բադեն, դրանով մեր օդաչուները կարող էին մի քիչ թռնել ու փորձ հավաքել եւ պատերազմի ժամանակ այդպես չտապալվել։ Առաջին մարտական թռիչքի դուրս եկած երկու ինքնաթիռներից որեւէ մեկը հետ չեկավ․․․Այդ ավիացիոն կերասինով մեր մարտական ավիացիան կարող էր էական փորձ հավաքել»։

Հետաքրքրվեցինք՝ փաստեր կա՞ն, որ Սերժ Սարգսյանը 16 անգամ նշյալ թռիչքը կատարել է։ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մենք գրություն ունենք․ այդ բորտի բոլոր թռիչքները մանրամասն  գրված են։ Այդ բորտի պատմության մեջ որքան թռիչք որ եղել է, մեր ձեռքի տակ կա, երբ եւ ուր է թռել»։

Այսօր Հայկ Մամիջանյանը Դանիել Իոաննիսյանին խորհուրդ էր տվել ուսումնասիրել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր սպասարկման համար երկու «Մերսեդես» գնել ու նորոգել կառավարական առանձնատունը։ Այս առիթով էլ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Փաստերի ստուգման հարթակի խմբագրական քաղաքականությունը ոչ միայն Մամիջանյան Հայկից է անկախ, այլեւ ինձանից։ Մամիջանյան Հայկն այդքան չկա, որ փաստերի ստուգման հարթակին հուշի, թե ինչ հետաքննի, իսկ ինչը՝ ոչ։ Կրկնում եմ, որ անգամ ես իրավունք չունեմ միջամտելու փաստերի ստուգման հարթակի քաղաքականությանը»։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը «ֆեյսբուքյան» գրառմամբ այդ թվում հետեւյալն է մատնանշել․ «Անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվությունն է։ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին: Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։ Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930