Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Այն, որ ընդդիմությունը խորհրդարանում է հայտնվել մարդկանց ապակողմնորոշելով, դրա մասին վստահաբար պետք է խոսել». «Հրապարակ»

Սեպտեմբեր 30,2021 11:25

Նախկին ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առիթը բաց չեն թողնում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին մեղադրանքներ հասցեագրելու համար: Հիշեցնում են նրանց նախկին թեզերը, թե ընդդիմությունն արմատական չէ, Նիկոլ Փաշինյանի բմբուլները քամուն չի տալիս, այ, իրենք կմտնեն խորհրդարան եւ իշխանության կյանքը դժոխքի կվերածեն։ Աշխատելու փոխարեն ծեծկռտուք եւ քաշքշուկ, շշերով պատերազմ են հրահրում, մինչդեռ խորհրդարանը ռինգի դաշտ չէ: Իսկ եթե անգամ այդպիսին է, ապա իրենք վատ կռվողներ են` չեն կարողանում հաղթել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ  խորհրդարանականները հայտնվել են երկու քարի արանքում` իրենց նախկին խոստումների եւ նախկին քննադատությունների։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում, իհարկե, իդեալական վիճակ չէ, բայց բնականոն է։ «Իդեալական կլիներ, որ աջերը, ձախերը, կոսմոպոլիտները, ազգայնականները, բոլոր-բոլորը հավաքվեին այս իշխանության դեմ, բայց որեւէ երկրում, որեւէ ժամանակ այդպիսի վիճակ չի եղել, որ բոլոր ընդդիմադիրները միասնական լինեն։

Գերմանիայում էլ կային կանաչներ, սոցիալ-դեմոկրատներ, քրիստոնեադեմոկրատներ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ Գերմանիայում ընդդիմությունը պառակտված է եղել։ Ցանկացած կուսակցություն համախոհների բազմություն է, չի կարող աշխարհում լինել երկու տեսակի համախոհ: Կա՛մ իշխանության հետ ես, կա՛մ դեմ, նաեւ իշխանության հետ եղածները կարող են իրարից տարբեր մոտեցում ունենալ»,- ասում է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ լավ կլիներ, եթե բոլորը կամ շատերը միավորվեին, ինչպես անցած տարի աշնանը, բայց առկա իրավիճակը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ողբերգական չէ։ «Հայաստան» դաշինքը, պատգամավորի խոսքով,  իշխանության պես դաշտը չի բաժանում սեւերի ու սպիտակների, չի ասում, որ մենք ենք միակ ընդդիմությունը, կամ` ով մեզ հետ չէ, իշխանության հետ է․ «Իհարկե, ես չեմ բացառում, որ իշխանությունը ստեղծում է ընդդիմադիր քաղաքական խմբակներ, որոնք պետք է փորձեն ընդդիմության ներսում տուրբուլենտություն առաջացնել, բայց որ այդ քաղաքական ուժերը մեզ հետ չեն, չի նշանակում, որ իշխանության կողմնակիցն են»։

Եվ, այնուամենայնիվ, իրական հիմքեր չունե՞ն խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժին ուղղված քննադատությունները, ամիսներ առաջ խոստանում էիք հայրենիքը փրկել, իշխանությանը հեռացնել, հիմա հարմարվել եք կաբինետային պայքարին։ Խաչատրյանը պատասխանեց․ ««Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընդդիմությանը հասու գործիքներով պայքարում է իշխանության դեմ, դրանից բացի՝ մենք ծրագրավորում ենք դա համադրել  արտախորհրդարանական պայքարի հետ, իհարկե, խորհրդարանական գործիքակազմը մի քիչ այլ է, քան արտախորհրդարանական, ձեւով դրանք տարբեր են, բայց բովանդակությամբ` նույնը։ Կա բռնցքամարտ, կա սուսերամարտ, երկուսն էլ մարտ են, բայց ամեն մեկն ունի իր կանոնները, սակայն հաջողության հասնելու համար երկուսն իրար հետ պետք է համատեղել»։

ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը մեր դիտարկմանն այսպես արձագանքեց․ «Եթե իշխանության ընդդիմության ընդդիմությունն իշխանության բարեկամն է, ապա ներկայիս խորհրդարանականներն իշխանության մերձավոր ազգականներն են, քանի որ նախորդ գումարման ԱԺ-ում ջանք չեն խնայել քննադատելու եւ նսեմացնելու ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կարգավիճակը եւ հենց այդ հակաքարոզչության արդյունքում են հայտնվել խորհրդարանում»։ Իսկ ընդհանրապես՝ ճիշտ չէ՞ իշխանությանը քննադատելը, ոչ թե միմյանց։ «Չկա որեւէ ոլորտ, որի վերաբերյալ իշխանության վարած քաղաքականությունը քննադատած չլինենք անցած 3 տարիներին։ Երբ նոր ասելիք, նոր քննադատության նյութ է լինում իշխանության վերաբերյալ, առանց վարանելու խոսում ենք այդ մասին։ Բայց այն, որ այս ընդդիմությունը խորհրդարանում է հայտնվել մարդկանց ապակողմնորոշելով, դրա մասին վստահաբար պետք է խոսել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930