Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսի շարքերն են համալրում ազատամարտիկներ, երկրապահի զինվորներ․ Կոմկուսի Գյումրու քաղաքապետի թեկնածու

Հոկտեմբեր 06,2021 19:01

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Կոնստանտին Ղավազյանը նշեց, որ այսօր ժողովուրդը վատ վիճակում է, կարիք ունի նեցուկի։ Ըստ նրա, անհրաժեշտ է  մի ուժ, կուսակցություն, որը ժողովրդի կողքին լինի, իսկ դա եղել ու մնում է Կոմունիստական կուսակցությունը։

«Խիստ անդուրեկան է, երբ հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին, իսկ ինչո՞ւ 10 կուսակցություններ, դաշինքներ որոշեցին մասնակցել։ Իսկ Կոմկուսը, որը դրանցից ավելի հին է, շատ փորձ ունի, ավելի երկիր ստեղծած է, բոլոր կադրերն ու հնարավոր ռեսուրսներն ունի և ունեցել է, հանկարծ չպիտի մասնակցի։

Կոմկուսը չի մասնակցել նրա համար, որովհետև հենց այդ տեսակի մանր-մունր կուսակցություններն իրենց բոլոր առավելություններով և թերություններով որ հանդես եկան, բավականաչափ վնաս տվեցին Կոմկուսին և՛ գաղափարապես, և՛ մնացած ձևերով, որը հատկապես ժողովուրդը լավ գիտի։ Պատճառն այն էր, որ Կոմկուսը ինչ-որ ժամանակ, տարիներ, ինչ-որ ընտրաշրջաններ ընդմիջում տա ու չմասնակցի,որովհետև այդ պայմաններում Կոմկուսը չէր կարող մասնակցել, մրցակից չէր նրանց։ Նրանք ունեին լծակներ՝ իշխանական, դրամական և այլն և այլն, իսկ Կոմկուսը չուներ, դրա համար Կոմկուսը չէր մասնակցել։

Բայց հիմա Կոմկուսը, շուրջը նայելով ու տեսնելով քաղաքական պաստառները, կուսակցությունները, որոնք ո՛չ հիմք ունեն, ո՛չ սկիզբ ունեն, ո՛չ ընթացք ունեն, ո՛չ փորձ ունեն, ո՛չ մի բան չունեն կարճ ասած, հիմա եկել են, խոսք են տալիս ժողովրդին բարգավաճ կյանք, բայց թե որ ռեսուրսով, որ խելքով, որ օրենքով, որ ծրագրով, դա մի տեսակ խավար է։ Առավել ևս 30 տարի մեր ապրած կյանքը ցույց տվեց, որ էդ բոլոր խոստումները, այն, ինչ ասում են, մարդկանց ինչ-որ չափով խաբում են, չեն կատարում իրենց խոսումները, դատարկ խոստումներ են»,-ասաց Կոնստատին Ղավազյանը։

Ըստ մեր զրուցակցի, Կոմկուսը կարող է ժողովրդին հանել այս վիճակից, քանի որ կուսակցության համար կարևոր է սոցիալիստական սկզբունքը՝ սոցիալական արդարությունը, ժողովրդին սոցիալական կեցության մակարդակի վրա պահելը։

Թե ո՞րն է Կոմկուսի նախընտրական ծրագիրը, մեր զրուցակիցն ասում է՝ ժողովրդի բարեկեցությունը։ Ըստ նրա, ավագանու կազմը համալրելու դեպքում էլ կօգնեն քաղաքային իշխանության մաս կազմող ուժերին՝ ժողովրդին չբաժանելու թաց ու չորի, ու այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ աշխատելը հաճելի լինի և հնարավոր։

«Ես կարծում եմ, որ այս ձևով աշխատանքը կհաջողվի, դրանից հետո կնայենք մնացած հնարավորությունները։ Հիմա լեցուն ենք ժողովրդի համար  աշխատելու ցանկությամբ և մղումով, ռիթը համայնքի ղեկավարության հետ միասին կգցենք և ամեն ինչ կանենք, որ քաղաքը լինի ավելի լավը։ Մի հատ էդպիսի կուսակցություն կա չէ՞ «Ապրելու երկիր», կանենք այնպես, որ Գյումրին լինի ավելի ապրելու, լինի ավելի ցանկալի, դրսում եղածները հետ գան։ Ինչ-որ չափով կնպաստենք քաղաքում աշխատատեղեր ստեղծելուն, ինչ-որ չափով եմ ասում, որովհետև աշխատատեղեր ստեղծելը ո՛չ քաղաքապետարանի գործն է, ո՛չ էլ ավագանու, դա այլ հնարավորություններ են, եթե ստացվի։ Նույնիսկ կառավարությունը չի կարող այստեղ աշխատատեղեր ստեղծել։

Հաջորդը՝ անպայման կառավարությունից կպահանջենք, կխնդրենք պայմաններ ստեղծեն խոսք տվածն էստեղ իրականացնելու։ Խոսք էին տվել Գյումրիում երկու նախարարություններ բացել՝ իր ամբողջ կազմով։ Խոսք տվեցին, խոսք տվեցին, խաբեցին, չարեցին, եթե դա լինի, մեր քաղաքը կմեծանա, ավելի գայթակղիչ կդառնա։ Հիմա գոնե կունենանք նախարարություններ, որտեղ կաշխատեն մարդիկ՝ հանրապետության տարբեր տեղերից, յուրաքանչյուրն իր լուման կներդնի, իր ֆոնը կստեղծի քաղաքի մեջ և շատ հարցեր կփոխվեն դեպի լավը։ Գյումրին կդառնա ավելի ինտելիգենտ քաղաք, ավելի մտածող մարդկանցով լեցուն քաղաք»։

Մեր հարցին կա՞ն երիտասարդներ, որոնք ընդգրկվում են Կոմկուսի շարքերը, մեր զրուցակիցն ասաց՝ այո, կան, Կոմկուսի շարքերն են համալրվում անգամ ազատամարտիկներ, երկրապահի զինվորներ։

Կոմկուսի թեկնածուի հետ զրուցել ենք նաև Գյումրու փողոցներում հայտնված Վլադիմիր Պուտինի  նկարով ցուցապաստառների մասին, այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031