Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ո՞ւր հասանք

Հոկտեմբեր 16,2021 22:53

Այսպիսով պարզ դարձավ, որ ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի «ժողովրդական» իշխանությունը, հանձինս վարչապետ կոչեցյալի, ռուսական իշխանությանը խոստացել է Հայաստանում բացել ռուսական դպրոցներ։ Անկարելի է պատկերացնել, թե ուր հասանք։ Հասանք վերջին։ Պատկերացնո՞ւմ եք, թե հանուն սեփական իշխանության, ինչ աստիճանի կարելի է ստորանալ, որ ձեռք բարձրացվի մեր ինքնության հիմնական, եթե ոչ միակ հիմքին։ Եվ սա անում է մի իշխանություն, որը «դուխով» տանում էր հակառուսական քաղաքականություն։ Ա՛յ ողորմելիներ, հիմա ով ադապտացվեց, ո՞վ է լիզում ուրիշի կոշիկները, ո՞վ է ոտնատակ տալիս մեր արժանապատվությունը։

Հիշեցում․

ԽՍՀՄ տարիներին բարգավաճում էին ռուսական դպրոցները։ Հայոց համարյա ողջ վերնախավը՝ կուսակցական նոմենկլատուրա, մտավորականներ, իր սիրասուն զավակներին ուղարկում էր ռուսական դպրոցներ։ Ամեն տարի պակասում էին հայկական դպրոցների աշակերտների թիվը։ Ի դեպ, այս համատարած ռուսացումը ուղղակիորեն Մոսկվայից չէր թելադրվում։ Օրինակ, մեր հարևան Վրաստանում, ռուսական դպրոցներ հաճախում էին օտարները, հատկապես հայերը։ Հիշում եմ, որքան ջանքեր թափեց «Մաշտոց» միավորումը, որ վերջապես 1990թ․ դեռևս կոմունիստական վարչակարգի վերջին Լուսավորության նախարար Միսաք Դավթյանը ստորագրեց հրամանագիր, որով արգելվեց ծագումով հայ երեխաներին ընդունել օտար դպրոցներ։ Հետագայում սույն դրույթն ամրագրվեց «Լեզվի  մասին» օրենքով։ Իհարկե, շատ հայ քաղքենի ծնողներ զարտուղի ճանապարհներով շարունակեցին իրենց զավակներին խցկել տարբեր օտարալեզու դպրոցներ, սակայն, ամեն դեպքում, օրենքը զսպիչ դեր էր կատարում։

Եվ ահա, անկախության համար շարժման նվաճումները քայլ առ քայլ հանձնում ենք։

Նշեմ  նաև, որ Ռուսաստանի ցանկությունը պարզ է։ Զարմանալի է, մեր իշխանություն կոչեցյալի պահվածքը։ Նաև տեսնում եմ, որ Արցախի կորստից հետո, Ադրբեջանի շարունակվող նվաճողական քաղաքականությունից սարսափած, վարչապետ կոչեցյալը նվաստանում  և «ժողովրդի» անունից համաձայնվում է բոլորի բոլոր առաջ քաշած պայմաններին՝ Ադրբեջանին տարածքներ, Ռուսաստանին՝ հպատակություն։ Սակայն, նույնիսկ այս իրավիճակում, համոզված եմ, որ Ռուսաստանի առաջ քաշած պայմաններին կարելի էր այլ կերպ պատասխանել, խոստանալով դպրոցներում, գուցե նաև ԲՈՒՀ-երում բարձրացնել ռուսաց լեզվի դասավանդման որակը, ոչ ավելին։ Բայց, ու՞մ, ի՞նչ ես ասում։ Ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում ունեցանք հայոց պատմության մեջ ամենաանարժանապատիվ իշխանությունը։ Իսկ գուցե ես սխալվում եմ։ Ավելի հավանական է, որ ռուսական դպրոցների բացման պահանջը ռուսական կողմից չի էլ եղել, այլ սա հենց վարչապետ կոչեցյալի հերթական քծնանքի դրսևորումն է։ Եվ պատկերացնում եմ, թե այդ առաջարկությունը ինչպիսի գոհունակությամբ, միաժամանակ արհամարհանքով է ընդունել ռուսական կողմը։ Նաև չեմ զարմանա, որ 2010թ․ «Ընդդեմ օտարալեզու դպրոցների» նախաձեռնության որոշ անդամներ, որոնք այսօր վարչապետ կոչեցյալի մանկուրտներն են, կրծքով կպաշտպանեն ռուսական դպրոցների բացումը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031