Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, այլ մարդկային կապիտալի տեսքով

Հոկտեմբեր 26,2021 10:33

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով:

Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունը Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական ու մարդասիրական կացությունը, ինչպես նաև ապագային միտված մոտեցումներն ու ծրագրերը:

Պետնախարարն ընդգծել է Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը: Նա ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, այլև՝ մարդկային կապիտալի տեսքով, որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում՝ նշելով, որ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031