ՀՀ կառավարությունը նախաձեռնել է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) վերահսկման համակարգի ստեղծումը։ Համակարգի ներդրման դեպքում Հայաստան ներմուծվող բոլոր բջջային հեռախոսները պետք է գրանցվեն տվյալների ազգային շտեմարանում՝ բջջային կապի ծառայություններից օգտվելու համար։

Օրենսդրական փաթեթի նախագիծը հունիսին կառավարության կողմից հավանության է արժանացել և ուղարկվել է Ազգային ժողով։ Նախագծի նպատակն է պայքարել հեռախոսների ապօրինի ներմուծման, հարկերից խուսափելու, ինչպես նաև կեղծ կամ գողացված սարքերի շրջանառության դեմ՝ բջջային հեռախոսների նույնականացուցիչները փոխկապակցելով բջջային օպերատորների, մաքսային մարմինների և սահմանային կառավարման համակարգերի տվյալների հետ։

Թեև կառավարությունը նախագիծը ներկայացնում է որպես շուկայի կարգավորման և հանրային անվտանգության բարելավման միջոց, փորձագետները մտահոգություն ունեն, որ այն անձնական տվյալների մշակման ծավալուն համակարգ է առաջարկում՝ առանց դրա շրջանակը հստակ սահմանելու և բավարար իրավական երաշխիքներ նախատեսելու։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները նախատեսում են ստեղծել IMEI տվյալների կենտրոնացված շտեմարան, որը տվյալներ կներառի բջջային հեռախոսների IMEI համարների, դրանց օգտագործողների, համապատասխան SIM/eSIM համարների և սարքերի օրինական շրջանառության վերաբերյալ։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ընթացիկ կամ նախորդ օրացուցային տարում արտադրված բջջային հեռախոսների ներմուծողները և օգտագործողները պարտավոր կլինեն սարքը Հայաստան բերելուց հետո 90 օրվա ընթացքում սարքի IMEI համարը գրանցել տվյալների պետական շտեմարանում և վճարել պետական գրանցման սահմանված տուրքը։ Բջջային կապի օպերատորներն իրենց հերթին պարտավոր կլինեն ծառայություն չտրամադրել այն սարքերին, որոնց IMEI համարները գրանցված չեն։

Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել բջջային հեռախոսակապի օպերատորների կողմից համատեղ հիմնադրված կազմակերպություն՝ ադմինիստրատոր, որը կիրականացնի համակարգի տեխնիկական կառավարումը։ Միաժամանակ, հնարավորություն կստեղծվի ապահովելու IMEI տվյալների շտեմարանի համադրումը մաքսային տվյալների և պետական սահմանի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հետ։

Ըստ կառավարության կողմից ներկայացված հիմնավորման՝ համակարգը կնվազեցնի ստվերային շրջանառությունը, կբարելավի հարկային վարչարարությունը, կնպաստի գողացված սարքերի շրջանառության կանխմանը և կիբեռանվտանգության բարձրացմանը, ինչը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին։

Նախագիծը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2026 թվականի փետրվարին հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում, իսկ հունիսի 25-ին հաստատվել է կառավարության որոշմամբ։ Կառավարությունը նախատեսում է այն երկամսյա ժամկետում ներկայացնել Ազգային ժողով՝ քննարկման և ընդունման նպատակով։

Ի՞նչ մտահոգություններ է առաջացրել նախագիծը

Առաջարկվող փոփոխությունները քննադատության են արժանացել թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտի փորձագետների կողմից։ Նրանց գնահատմամբ՝ նախագիծը չի համապատասխանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին և առաջացնում է տվյալների պաշտպանության ու հնարավոր արտահոսքի զգալի ռիսկեր։

dpHub-ի տարածած հայտարարության համաձայն՝ հիմնավորման մեջ նշված նպատակներից շատերը, այդ թվում՝ կիբեռանվտանգության բարելավումը, անվտանգության ռիսկերի նվազեցումը և հարկային վարչարարության ամրապնդումը, չափազանց ընդհանրական են ձևակերպված և հստակ չեն ներկայացնում անձնական մեծածավալ տվյալների հավաքման ու մշակման հիմքերը։

Փորձագետները նաև նշում են, որ օրենսդրական փաթեթով ստեղծվում է կենտրոնացված շտեմարան, որը փոխկապակցում է IMEI համարների, SIM/eSIM քարտերի, սարքերի օգտատերերի և սահմանի հատման վերաբերյալ տվյալները՝ առանց հիմնարար երաշխիքներ ապահովելու։ Այսպես, նախագիծը չի սահմանում տվյալների պահպանման ժամկետները, տվյալների ճշտման կամ ոչնչացման ընթացակարգերը, տվյալների հետագա օգտագործման սահմանափակումները կամ շտեմարանին հասանելիության կանոնները։

Փոփոխությունները ադմինիստրատորին թույլ են տալիս IMEI շտեմարանի տվյալներն օգտագործել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար այլ թվային ծառայություններ մշակելու և տրամադրելու նպատակով։ Սակայն նախագծում հստակ սահմանված չեն այդ ծառայությունների բնույթը, դրանց իրավական հիմքը կամ լրացուցիչ համաձայնություն կամ իրավական լիազորություն ստանալու պահանջը։

Փորձագետները օրենսդրական փոփոխությունների առնչությամբ մի շարք խնդիրներ են առանձնացնում․

  • Հիմնավորված չէ բջջային հեռախոսների օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքման անհրաժեշտությունն ու համաչափությունը, քանի որ նախագիծը չի հիմնավորում, թե ինչու սահմանված նպատակներին հնարավոր չէ հասնել անձնական տվյալների մշակման նվազ միջամտող միջոցներով։
  • Նախագծերի փաթեթը մշակելուց առաջ, ըստ երևույթին, չի իրականացվել տվյալների պաշտպանության ազդեցության գնահատում։
  • Ստեղծվող շտեմարանը կարող է դառնալ կիբեռհարձակումների թիրախ՝ առաջացնելով անվտանգության լուրջ ռիսկեր։
  • Գրանցման տուրքի սահմանումը լրացուցիչ ֆինանսական բեռ կստեղծի քաղաքացիների և ներմուծող ընկերությունների համար։

Ներկայիս տարբերակով ընդունվելու դեպքում փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանում տվյալների խոշորագույն կենտրոնացված շտեմարանի ստեղծմանը, որտեղ բջջային սարքերը կապակցված կլինեն նույնականացվող օգտատերերի և պետական տարբեր համակարգերից ստացվող տեղեկությունների հետ։ Քաղաքացիների համար սա կնշանակի, որ նոր ձեռք բերված հեռախոսով բջջային կապի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ կլինի սարքը գրանցել IMEI տվյալների շտեմարանում։ Միաժամանակ քաղաքացիների բջջային սարքերի վերաբերյալ պետության կողմից տնօրինվող տվյալների շրջանակի ընդլայնումը, հաշվետվողականության հստակ մեխանիզմների բացակայությունը և տվյալների հնարավոր կամայական օգտագործումը կարող են խաթարել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջարկում են օրենքում ուղղակիորեն ամրագրել տվյալների մշակման նպատակը, դրա հստակ սահմանափակումները, տվյալների նվազագույն ծավալի սկզբունքը, պահպանման ժամկետները, հասանելիության և դրա վերահսկողության մեխանիզմները՝ կանխելու անձնական տվյալների անհամաչափ օգտագործումն ու մշակումը։

Քաղաքականություն մշակողները պատրաստ են շարունակել քննարկումները

Կառավարության ներկայացուցիչներն ու պատգամավորները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները շահագրգիռ կողմերի և փորձագետների հետ։

Հուլիսի 7-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անկախ փորձագետների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է նախաձեռնել՝ հարցի շուրջ տարբեր մոտեցումները քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները։

Կարևոր է, որ թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը հաշվի առնեն քաղաքացիական հասարակության փորձագետների առաջարկությունները և դրանք արտացոլեն օրենքի վերջնական տարբերակում, ինչը կնպաստի առաջարկվող համակարգի համաչափության ապահովմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Աղբյուր՝ ՔՀԿ չափիչ