Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց, կառավարությունը կդիմի ՍԴ

Հուլիս 16,2026 16:20 Share

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Ինչպես նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որոշմամբ  սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. «Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ՀՀ Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով հարցի քննարկումը կտեղափոխենք ԱԺ»:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ  շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր ևս երկու շատ կարևոր փաստաթղթերի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ և վկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը և այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ մնացած առնչվող փաստաթղթերի ստորագրումը, իսկ այնուհետև՝ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին, ԱՄՆ պետքարտուղարի և իր կողմից՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» վերնագրված փաստաթղթի ստորագրումը: «Հիմա արդեն այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դետալները,  ուղղությունները և լիովին համահունչ է նշված երկու փաստաթղթերին։ Եղան որոշակի շահարկումներ այն մասին, որ միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշած փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ, և ահա, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված, արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև՝ բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և՛ օգոստոսի 8-ի, և՛ հունվարի 13-ի փաստաթղթերին»,- նշել է նախարարը։

Արարատ  Միրզոյանը տեղեկացրել է, որ ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս կա երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, որոնց ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում։

Անդրադառնալով շրջանակային համաձայնագրին՝ ԱԳ նախարարը նշել է, փաստաթղթի  կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների, տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված  խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև ժողովուրդների և պետությունների զարգացումը։ «Սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում: Նաև ուզում եմ նշել, որ ամբողջ գործընթացը համահունչ է և իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ: Այս մասին էլ բազմաթիվ  ամրագրումներ և արձանագրումներ կան փաստաթղթում։ 

Տեխնիկական մանրամասներին անդրադառնալով՝ ասեմ, որ համաձայնագրով ՀՀ-ն և ԱՄՆ-ը հիմնադրում են ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը։ Այս ընկերությունը կկարողանա ՀՀ տարածքի տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերներ։ 

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը կգործի նախնական 49 տարի։ Այս ժամկետում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ. ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ին՝ 26 տոկոսը։ Այս նախնական ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կլինի կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և երկարացման պարագայում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այսինքն՝ 26 տոկոսից ՀՀ բաժնեմասը կհասնի մինչև 49 տոկոսի։ Ժամկետի երկարացման պարագայում 49 տոկոս բաժնեմաս ստանալու համար՝ ՀՀ որևէ այլ լրացուցիչ քայլ, ներդրում, պարտավորություն չի ստանձնում անելու։

Կրկին վերադառնալով նախորդիվ ասածիս՝ ուզում եմ նշել, որ  ՀՀ կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ինչպես նաև ՀՀ տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝

ա. անվտանգություն և իրավապահ գործունեություն

բ. սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն

գ. մաքսային և միգրացիոն վերահսկողություն

դ. հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե

ե. պետական տեղեկատվական համակարգեր

զ. պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։

«Թվարկածս ամբողջությամբ ծածկում է և կարող է փարատել բոլոր մտահոգությունները, որոնք, անկեղծորեն, կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում, ինչպես նաև այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել առնվազն վերջին ամիսների ընթացքում։

 Հավելեմ նաև, որ այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել front office/back office սկզբունքով աշխատանքի բաժանում։ Front office-ի համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։ Սա մի պրակտիկա է, որն ՀՀ-ում արդեն  կա»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով ստեղծվելիք «ԹՐԻՓՓ պլյուս» ամերիկյան ընկերությանը՝ ԱԳ նախարարը  նշել է, ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրումը նախատեսված է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրով. «Այստեղ նախատեսված է, որ կստեղծվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադիրները տեխնիկապես կլինեն ՀՀ կառավարությունը և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերությունը, որը կհիմնադրվի ԱՄՆ-ում։ Սա պայմանավորված է Միացյալ նահանգների իրավական կարգավորումներով, իրենց կառավարությանը վերապահված լիազորություններով կամ սահմանափակումներով։ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերության միջոցով, ինչպես նաև այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով, ստեղծվում է ամերիկյան ներդրումային ընկերություն, որի անունը «ԹՐԻՓՓ պլյուս» է։ Իրավական առումով սա մեր ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ միջնորդավորված և անուղղակի կապ ունի։ «ԹՐԻՓՓ պլյուս» կոչվող ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը նշանակված անձ է, և այս հիմնադրում արված է։ Այն, ինչ մեր մամուլում երեկ և այսօր գրվել է, վերաբերում է հենց «ԹՐԻՓՓ պլյուս» ներդրումային ընկերությանը։ Սա Հայաստանի տարածքում  հիմնադրվելիք ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ անուղղակի կապ ունի»։

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը։ Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 16-ից ՀՀ պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ։ Եվրոպական Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ կամ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնել արտահանում, պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի  վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։ Եվրոպական Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ կամ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ կարող են իրականացնել արտահանում, եթե վերջիններս գրանցված են համակարգում։ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առևտրի  վերահսկման և փորձագիտական  համակարգում տնտեսավարողների գրանցման լիազորություն ունի միայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետևաբար անհրաժեշտ է ենթաօրենսդրական իրավական ակտով կարգավորել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով  համակարգում գրանցման, գրանցման դադարեցման հետ կապված, ինչպես նաև առողջության սերտիֆիկատ տալու հարաբերությունները: Գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշման ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ: «ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է ձկնաբուծական տնտեսությունների, ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը և ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանը հավելել է, որ ըստ այդմ՝ սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ «Մենք տեսել ենք այն ընթացակարգը, որը ԵՄ-ում կա, և ամբողջապես տեղայնացրել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով 5 ընկերություն արդեն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է մեր որոշմանը։ Այն բարձր ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն ապահովել է։ 

Այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից և դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը, իհարկե, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում»,- ասել է նախարարը։

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նախարարությունը գործողությունների ճանապարհային քարտեզ է մշակել, որն ինտեգրվելու է ՊԵԿ-ի համակարգի հետ։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել. «Երկու տեսակի հետագծելիություն կա՝ ֆիզիկական շարժի և փաստաթղթերի։ Հիմա երկրորդ ուղղության համար այս պահին շատ ակտիվ բանակցում ենք ԵՄ-ի հետ։ ԵՄ-ում գործում է տրանզիտի թվային համակարգ։ Մենք պետք է համաձայնագրով միանանք դրան։ Այս պահին առաջին հայտը ներկայացրել ենք՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար, և հաջորդ քայլով կմիանանք այդ համակարգին։ Դա հնարավորություն կտա, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների փաստաթղթերը թվային տեսքով միանգամից արտացոլվեն այդ համակարգում, և ԵՄ ներմուծողը, այնտեղի մաքսային մարմիններն արդեն տեղեկացված լինեն, թե ինչ է Հայաստանից գալիս ԵՄ։ Սա առաջին քայլն է, որի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Դրան կհաջորդի ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը, որը պետք է առանձին քննարկենք և հասկանանք, թե ինչպես պետք է լուծվի ԵՄ ներսում»։

Մհեր Գրիգորյանը, կարևորելով  ապրանքի հետածգելիությունը, նշել է, որ իրականում դա բարդ է կազմակերպել տրանզիտ երկրներում.  «Ամեն դեպքում մենք պետք է դա լուծենք, որովհետև եթե դա չլուծենք, շատ բարդ է լինելու զարգացած շուկաներում  մրցակցելը»։

Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի  1 մլրդ 35 մլն  դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։

Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, գումարը  կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը. Արարատի մարզի 1 ծրագիր՝ համաֆինանսավորումը 157,1 մլն դրամ,  Արմավիրի մարզի 1 ծրագիր՝ 31,9 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր՝ 310,4 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր՝ 67,6 մլն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր՝ 143,9 մլն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր՝ 323,8 մլն դրամ: «Միաժամանակ նշեմ, որ այս որոշման հաստատմամբ կունենանք 2026 թվականի պետական բյուջեից 8,384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացրած ընդհանուր 15,65 մլրդ դրամ արժեքով»,-տեղեկացրել է փոխնախարարը։

Արմեն Սիմոնյանը ներկայացրել է ծրագրերը.  Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ, Դվին բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում/նորոգում  (կատարված շինարարական աշխատանքները՝ 85 %, կառուցվել է 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 256 տնային տնտեսություն), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի Խ․ Աբովյան փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,2 կմ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, ասֆալտապատվել է 3,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազիֆիկացում  (ավարտված, կառուցվել է 3,3 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 168 տնային տնտեսություն), Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիր Աղեկ, Հագվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցում/նորոգում (ավարտված, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 98 տնային տնտեսություն), Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան բնակավայրի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74 շենքերի բակային փողոցների, Զ․ Անդրանիկ, Հ․ Որոտնեցի փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգում (ավարտական փուլ, ասֆալտապատվել է 2․8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 30%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար), Նոյեմբերյան համայնքի Դովեղ  բնակավայրի 2-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, սալարկվել է 1739 քմ մակերեսով ճանապարհ), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգում և սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 2354 քմ մակերեսով ճանապարհ)։

ՀՀ-ում կձևավորվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ

Կառավարությունը հաստատել է Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը։ Այն կնպաստի Պետական տեղեկատվական համակարգում կիրառվող դասակարգիչների կառավարման, հաստատման, փոփոխման և չեղարկման ընթացակարգերի կանոնակարգմանն ու միասնականացմանը:

Կառավարությունն ընդունել է «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բացակայում է ՊՏՀ ԿՀ, որը հանգեցրել է պետական մարմինների տեղեկատվական համակարգերի ոչ ստանդարտացված լուծումների և համահավասար զարգացման, ինչն էլ իր հերթին բերում է փոխգործելիության խնդիրների։ ՊՏՀ ԿՀ-ի նպատակն է երաշխավորել պետական հատվածի տեղեկատվական համակարգերի թափանցիկ, հավասարակշռված և արդյունավետ կառավարումն ու զարգացումը: Այն կնպաստի ՀՀ-ում տեղեկատվական համակարգերի արդյունավետ կառավարմանը, մասնավորապես՝ պետական տեղեկատվական համակարգին միանալու հայտ ներկայացրած տվյալների շտեմարանների ՀՏՄ օրենքի պահանջներին  համապատասխանության գնահատմանը,        տվյալների շտեմարանների հիմնադիրների կամ կառավարիչների և գնահատող մարմինների համար հարմար հաղորդակցման ուղու տրամադրմանը, համապատասխանության գնահատման գործընթացում ներգրավված մարմինների դերաբաշխումների սահմանմանը՝ հատկապես անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի հետ,         պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների փաստաթղթավորմանը և ցանկացած փոփոխությունների պահպանմանը։ Արդյունքում՝  կձևավորվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ։

Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, որոշումները վերաբերում են թվային տվյալների մասով ստանդարտ սահմանելուն:

Փոխնախարարը հիշեցրել է, որ անցած տարվա վերջում ընդունվել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը, որի 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում է, թե ինչ ենթահամակարգեր էր պետք ստեղծել համակարգը աշխատեցնելու համար: Խոսքը 5 ենթահամակարգերի՝ տվյալների դասակարգման, ազգային-տարածական տվյալների ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերի, տվյալների փոխանակման և պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգի մասին է:

Գևորգ Մանթաշյանի խոսքով՝ այս համակարգերի փոխգործելիությունը և մի ստանդարտով իրար հետ շփվելը շատ կարևոր են, որպեսզի ճշգրիտ և առանց խափանումների տեղեկություններ փոխանակվեն համակարգերի միջև: «Օրենքը, որը մենք ընդունում էինք, մի շատ  կարևոր սկզբունք էր ամրագրում՝ «տվյալը մեկ անգամ» գաղափարը, որը  նշանակում էր, որ  եթե մի տեղեկություն որևէ պետական տեղեկատվական համակարգում արդեն իսկ ներկայացվում է, երկրորդ անգամ պետք չէ այն ներկայացնել։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ մի ստանդարտով լինեն այդ տեղեկությունները։ Այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում, թե ինչ ձևով պետք է լինի, ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքագրվեն»,- նշել է փոխնախարարը։

Գևորգ Մանթաշյանը պարզաբանել է՝ օրինակ, պետական ռեգիստրում բնակության վայրի տեղեկությունը մի տեղ գրված է «Երևան», մի տեղ՝ «Եր» և այլն, և որպեսզի այս ձևակերպումները վերանան՝ սահմանվում է մի ձև բոլոր շտեմարանների համար:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ եւ առաջարկություններ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այս փուլից սկսած մենք այնպես պետք է անենք, որ բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի՝ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում՝ մենք երբեք չենք ունենա թվայնացում, ինչը նշանակում է, որ երբեք չենք ունենա քաղաքակիրթ ծառայությունների մատուցման հնարավորություն։ Իսկ դա անթույլատրելի է։ Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ լավարկումների, փոփոխությունների, իմ խնդրանքն է, որ զուգահեռ իրականացնենք»։

Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը՝ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու և արդյունքներ արձանագրելու համար։

Փոփոխություններ և լրացումներ՝ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման և մշտադիտարկման կարգում

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման և մշտադիտարկման կարգում։ Առաջարկվող փոփոխությունները միտված են նպաստելու Կառավարության ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը` միջոցառումների ծրագիրը դարձնելով առավել արդյունքավետ ու իրագործելի: Ըստ այդմ՝ միջոցառումների համար սահմանվում է ավելի հստակ ձևաչափ, որը հասցեագրում է վերոնշյալ խնդիրների մի մասը: Մասնավորապես` սահմանվում է արգելք ներկայացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք մարմինների ընթացիկ աշխատանքն են: Այսինքն` գործողությունների ծրագիրը պետք է արտացոլի բացառապես Կառավարության ծրագրով ստանձնած հանձնառություններ: Առաջարկվում է միջոցառումները խմբավորվել ոչ թե ըստ մարմինների, այլ՝ ըստ նպատակների` հետևելով Կառավարության ծրագրի տրամաբանությանը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես են պետական կառավարման համակարգի մարմինները համատեղ աշխատում նույն նպատակին հասնելու ուղղությամբ: Այսպիսով՝ փորձ է արվում նաև ներդաշնակեցնելու սույն համակարգը ռազմավարությունների նոր համակարգի հետ: Փոփոխություններով առաջարկվում է սահմանել ոչ միայն ուղղակի արդյունքի (output), այլև միջանկյալ արդյունքի (outcome) ցուցանիշներ` այդպիսով նաև ցույց տալով պետության միջամտության ազդեցությունը հանրային կյանքի վրա: Որոշմամբ սահմանվում է նաև ֆինանսավորման համար չափն ու աղբյուրը հստակեցնելու պահանջ՝ բացառելով «օրենքով չարգելված աղբյուրներ» ձևակերպումը: Ընդ որում` հնարավոր է նաև ի սկզբանե առաջարկել միջոցառման իրականացումն ապահովել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով` այդպիսով նաև ազդակ ուղղելով մասնավոր հատվածին:

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ-ում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման համար

Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարան կառուցելու ծրագրի շրջանակում առաջակվում է ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված, առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն։ 2026 թ. ապրիլի 17-ին կնքվել է պայմանագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի միջև։ «Ֆայրբըրդ ԷյԱյ» -ը հանդիսանում է արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն, որը տրամադրում է մեծածավալ GPU հաշվողական ռեսուրսներ, որոնք նախատեսված են արհեստական բանականության ժամանակակից մոդելների ուսուցման և գործարկման, գիտական հետազոտությունների համար։      Համակարգերը կառուցված են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ պահանջող «պահանջկոտ» առաջադրանքներին աջակցելու համար: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 2026թ.-ին գործարկել կովկասյան տարածաշրջանում առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը՝ աշխատող NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։ Ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում և իրականացվելու է բացառապես Ընկերության կողմից` վերջինիս` միջազգային գործընկերների (այդ թվում` ԷնՎԻԴԻԱ ամերիկյան ընկերության) հետ ունեցած ռազմավարական գործընկերային հարաբերությունների շնորհիվ։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով  առաջարկվում է իրականացնել վերաբաշխում և 957,876,440 դրամ հատկացնել «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների /գրաֆիկական պրոցեսորների/ հզորության ձեռքբերում» միջոցառմանը: Միջոցառման նպատակն է հզորացնել ՀՀ-ի տեխնիկական հնարավորությունները և զինել այն 21-րդ դարի լուրջ ենթակառուցվածքներով։ ՀՀ-ում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին, անհատ մասնագետներին, ինչպես նաև հանրային իշխանության մարմիններին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ 

Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար

Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացում անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Գործող կարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ միջին ռիսկայնության աստիճանի՝ II կատեգորիայի անհատական բնակելի տների կառուցման համար կիրառվող վարչարարական ձևաչափերը բավարար չափով առանձնացված չեն ավելի բարդ, ծավալուն կամ այլ նշանակության քաղաքաշինական օբյեկտների համար նախատեսված ընդհանուր ձևաչափերից։ Որոշմամբ  ակնկալվում է անհատական բնակելի տների կառուցման համար կիրառվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության ձևաթղթերի հստակեցում և դրանց միասնական կիրառության ապահովում։ Ըստ այդմ՝ կարևորվում է նաև քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգում համապատասխան ձևաթղթերի միասնական կիրառման տեսանկյունից, քանի որ ձևաթղթերի բովանդակային և կառուցվածքային հստակությունը անհրաժեշտ է տվյալների ստանդարտացված մուտքագրման, մշակման և իրավասու մարմինների կողմից վարչարարության միատեսակ իրականացման համար։

Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Արարատի մարզպետին  է դիմել Վեդի համայնքի ղեկավարը՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող և Արարատի մարզպետի աշխատակազմին ամրակցված՝ Ս. Հովհաննիսյան փողոց 43/1 հողամաս հասցեում գտնվող 0,28 հա հողամասը մարզադահլիճ կառուցման նպատակով համայնքին նվիրաբերելու խնդրանքով: Դեռևս 2024 թ. օգոստոսի 21-ին վարչապետի կողմից Վեդի համայնքի Այգավան գյուղ այցելության ժամանակ բնակիչների կողմից առաջարկություն է եղել գյուղում մարզադահլիճ կառուցելու վերաբերյալ, ովքեր ցանկացել են ֆինանսական մասով իրենց իսկ մասնակցությունը ունենալ նոր կառուցվող մարզադահլիճին։ Մարզադահլիճի կառուցման համար բնակիչների կողմից հավաքվել է 13,714,030 դրամ։ Մարզադահլիճի կառուցումը նախատեսվում է 2026-2027թթ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նախատեսվող մարզադահլիճը կսպասարկի բնակավայրի շուրջ 100 երեխաների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մեծահասակներին, որոնք ներկայումս զրկված են մարզադահլիճ հաճախելու հնարավորությունից։ Նախատեսվող մարզադահլիճը կսպասարկի բնակավայրի շուրջ 100 և ավելի մարդ, որոնք ներկայումս զրկված են մարզադահլիճ հաճախելու հնարավորությունից։

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։ Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ մանկավարժական աշխատողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են բնագիտական և տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը հանգեցնում է իրավական անհավասարության և խաթարում է լրավճարի խրախուսական նպատակը։ Որոշմամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար։

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված կապիտալ ծրագրերի միջև՝ 57,750 հազար դրամ գումարի չափով։  Որոշման նպատակն է կատարել հատկացում Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ 2029թ.–ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի  մարզադաշտ ունենալը։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։

«Ռոզելին ԲԱՅ ԿՕԿ» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել գերժամանակակից ջերմոցի կառուցման համար, որտեղ կաճեցվեն վարդեր՝ իրականացնելով շուրջ 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ու սարքավորումների ձեռքբերման, 400 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 28 աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև  2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 39-ի՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 83 մլն դրամ։

«Արփիմեդ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել դեղերի արտադրության համար նախատեսված արտադրական տարածքների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1․5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 178 աշխատատեղ՝ 233 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով,  մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 180-ի՝ 257 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 556․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 27․8 մլն դրամ։

«Գռանդ Ռոզ ԱՀ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Կոտայքի մարզի Ալափարս 2հ գյուղում կառուցել ջերմոցային համալիր 21676,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2026թ.-ի մայիս ամսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր արտերկրյա ծաղկի շուկաներում։ Վերջինս արտադրելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների վարդեր և դրա հիմնական մասը՝ 97 տոկոսը, վաճառվելու է ԵՄ կամ ԵԱՏՄ անդամ պետություններում, իսկ մնացած 3 տոկոսը՝ անմիջապես ՀՀ առաջատար առևտրային մանրածախ ցանցերին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 839․8 մլն դրամի ներդրում ջերմոցի և հումքի ձեռքբերման համար։  Նախատեսվում է մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 839․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 41․9 մլն դրամ։

«Փրայմ ռոզ ՀԱ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Կոտայքի մարզի Ալափարս 1հ գյուղում կառուցել գեր ժամանակակից ջերմոցային համալիր 21676,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 842․8 մլն դրամի ներդրում ջերմոցի և հումքի ձեռքբերման համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 42 մլն դրամ։ 

Այլ որոշումներ. կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը։ Այն կիրականացվի  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։ Ըստ այդմ՝  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080 ՀՀ դրամ կհատկացվի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել 2026 թ. փետրվարի 9-ին Մոսկվայում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Փոփոխությունների համաձայն սահմանվում են նույն պահանջները ԵԱՏՄ  տարածքում արտադրված և երրորդ երկրներից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակների վրա, ինչպես նաև ընդլայնվում է ԵԱՏՄ տարածքում գրանցումից ազատված բժշկական արտադրատեսակների ցանկը: Նախատեսված փոփոխությունները կապահովեն բնակչությանը անհրաժեշտ բժշկական արտադրատեսակներով ապահովման գործընթացի արագ իրականացմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել