Լրահոս
Օրվա լրահոսը

Շամիլ Տարպիշչեւ. «Հիմա Հայաստանում թենիսը զարգացնելու ծրագրեր ենք իրականացնում ՀԹՖ-ի հետ»

Նոյեմբեր 06,2021 11:36

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ազգային -օլիմպիական կոմիտեի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեների անդամ Շամիլ Տարպիշչեւին: Որոշումը կայացրել է Հայաստանում միակ մասնագիտական բուհի գիտական խորհուրդը:

Դիպլոմը անձամբ Տարպիշչեւին հանձնեց Դավիթ Խիթարյանը: Դա հնարավոր դարձավ այն զուգադիպությամբ, որ պարոն Տարպիշչեւը  այս օրերին Հայաստանում է եւ ուսումնամարզական հավաք անցկացնող Ռուսաստանի մի քանի պատանի թենիսիստների հետ գտնվում է Ծաղկաձորում:

Շամիլ Անվյարովիչը շնորհակալություն հայտնեց ՀՖԿՍՊԻ ղեկավարությանը սպորտում ունեցած իր վաստակը գնահատելու համար, նշեց, որ ինքը Հայաստանի եւ հայկական սպորտի հետ տասնամյակների սերտ կապեր ունի դեռեւս խորհրդային տարիներից, երբ ինքը որպես գործող թենիսիստ ԽՍՀՄ հավաքականի կազմում յոթ տորի անընդմեջ  ուսումնամարզական հավաքների է մասնակցել Ծաղկաձորում, ծանոթացել ու բարեկամացել բազմաթին հայ նշանավոր մարզիկների հետ: «Հայաստանում դեռ խորհրդային տարիներից թենիսը լավ հիմքերի վրա է  դրված եղել: Շատ էական է, որ ձեր երկրում եղանակային պայմանները գրեթե շուրջամյա մարզվելու հնարավորություն են ընձեռում, ինչը թենիսը պատշաճ մակարդակով զարգացնելու համար ֆինանսական լուրջ ներդրումներ չի պահանջում»,-ասաց Տարպիշչեւը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ նոր ծրագրեր են նախաձեռնել, որոնք կյանքի կոչելը մեծապես կնպաստի թենիսի համաշխարհային մակարդակի դպրոց ունեցող Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործնական շփումների ու հարաբերությունների հաստատմանը, Հայաստանում արքայական այս մարզաձեւի տարածմանն ու զարգացմանը:

Ի հաստատումն իր խոսքերի, Շամիլ Տարպիշչեւը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ծաղկաձորում նախատեսվում է կառուցել թենիսի երեք կորտ, ինչը ոչ միայն կընդլայնի օլիմպիական մարզաբազայի հնարավորությունները, այլեւ առիթ կդառնա, որպեսզի Ռուսաստանի եւ այլ երկրների թենիսիստները ավելի հաճախ գան Հայաստան, այստեղ անցկացնեն համատեղ հավաք-մարզումներ, կազմակերպեն տարբեր տարիքային խմբերի մրցաշարեր:

ՌԹՖ նախագահը մեր խնդրանքով խոսեց նաեւ ռուսաստանաբնակ հայ թենիսիստներ Կարեն Խաչանովի եւ Մարգարիտա Գասպարյանի մասին: «Ափսոս է Մարգարիտա Գասպարյանը: Նա ծնկի վնասվածք ունի եւ մի քանի վիրահատություն է տարել: Դա արգելակել է նրա առաջընթացը: Ինչ վերաբերում է Կարեն Խաչանովին, նա աշխարհի Top 10-ի մարզիկ է: Նրան խանգարեց համավարակը: Նա ինձ շատ է դուր գալիս: Կարենը իսկական ընտանիքասեր մարդ է: Լինելով սիրառատ հայր, նա համավարակից օգտվելով 3,5 ամիս մնաց տանը, ընտանիքի հետ: Այն, որ նրա արդյունքները նահանջել են, ժամանակավոր երեւույթ է: Հենց միայն Տոկիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելու փաստը վկայում է, որ նա մեծ ներուժ ունի: Պարզապես, անհրաժեշտ է լավ աշխատել եւ արդյունքներ կլինեն: Դրա համար Կարենը մեր հավաքականում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930