Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կնշանակվեն Գյումրու փոխքաղաքապետեր․ անուններն արդեն հայտնի են

Նոյեմբեր 09,2021 23:15

Տևական ժամանակ է՝ Գյումրիում ամենաքննարկվող թեման փոխքաղաքապետերի ընտրությունն է։

Ինչպես հայտնի է՝ «Բալասանյան դաշինք» -«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժերի ստորագրած համաձայնագրով Գյումրու երկու փոխքաղաքապետերի պաշտոնները պիտի զբաղեցնեն ՔՊ-ականները:

Թե ովքե՞ր են այդ երկու համարձակները, որոնք կստանձնեն պատասխանատու պաշտոնները ու կկիսեն քաղաքապետի ստանձնած խնդիրների ծանրությունը, ժամանակ առ ժամանակ տարբեր անուններ են շրջանառվում։

Ի սկզբանե խոսք էր գնում Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ անհատ ձեռներեց, ՔՊ-ի ավագանու ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Արման Բաղդասարյանի մասին։

Շիրակի նորանշանակ մարզպետի պաշտոնը ստանձնած Նազելի Բաղդասարյանը, սակայն, այսօր կտրուկ հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ իրեն երբեք թույլ չի տա շահերի բախում ստեղծելու:

Մի ընթացք շրջանառվեց նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի համակարգող Աստղիկ Բեյբությանի անունը, որը ՔՊ-ի ավագանու ցուցակի 3-րդ տեղն է զբաղեցնում և որի փոխքաղաքապետ դառնալու հարցում, ըստ լուրերի, շահագրգիռ է Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալությունից հետո,սակայն, այս խոսակցությունները դադարել էին․ ՔՊ-ականները պաշտոնապես պարզաբանում էին, որ քննարկման փուլում են, բալասանյականներն իրենց հերթին մամուլին տեղեկացնում էին, որ նրանց անունները նույնիսկ իրենց դեռ հայտնի չեն :

Իրականում, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔՊ-ում չէին կողմնորոշվում՝ ում առաջ մղել․ վերջիվերջո Գյումրին այն քաղաքը չէ, որ փոխքաղաքապետի պաշտոնը լինի ձևական, ինչ-որ մեկը հագնի-կապի, շրջագայի, փոխքաղաքապետ խաղա ու իրեն լավ զգա՝ չկարողանալով քաղաքի շահերն առաջ տանել, դիվանագետների ու տարբեր պատվիրակությունների առջև Գյումրու կոլորիտը ներկայացնել ու գործնական կապեր ստեղծել։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այս պահին ՔՊ-ում քննարկվում են Արթուր Պապիկյանի և Դավիթ Առուշանյանի թեկնածությունները։

Արթուր Պապիկյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Ըստ տեղեկությունների, փոխվարչապետը դեմ է եղել նրա թեկնածությանը՝ նշելով, որ պետք չէ գյումրեցների մոտ դառնալ քննարկման ակտիվ թեմա,թե բարեկամներին են բերում պաշտոնի։

Այսօր, սակայն, մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ փոխվարչապետին համոզել են, քննարկվող անուններից մեկը Արթուր Պապիկյանինն է։ Նա ՔՊ-ի ավագանու ցուցակի 4-րդ համարն է։

Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած տվյալներով, վերջինս չի աշխատում, թեև Գյումրու քաղաքապետարանից ասում են՝ նախկին զինվորական է։

Երկրորդ փոխքաղաքապետը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, պարտադիր չէ լինի ավագանու կազմից․ և այս պահին շրջառանվում է Դավիթ Առուշանյանի անունը, վերջինս ՔՊ-ական է, Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է որպես ՔՊ-ի թեկնածու։

Նա գյումրեցիներին առավել հայտնի է իր ընտանիքին պատկանող տուրիստական «Անի տուր» ընկերությամբ ու պատմական հայրենիք կազմակերպվող հիշարժան ճամփորդություններով։

Նշենք, որ ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, համայնքի առաջին տեղակալը պարտադիր պետք է լինի ավագանու անդամ, որպեսզի վերջինս համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ իրավունք ունենա վարել ավագանու նիստերը։

Երկրորդ տեղակալի դեպքում նման պարտադրանք չկա, երկու տեղակալներն էլ նշանակվում են ավագանու որոշմամբ։ Նրանց թեկնածությունները դնում են քվեարկության ավագանու նիստում, և եթե ավագանին երկու անգամ չի հաստատում նրանց թեկնածությունը, ապա համայնքի ղեկավարը իրավասություն ունի ինքը նշանակելու տեղակալներին։

Ի դեպ, ըստ ՏԻՄ օրենքում կատարված փոփոխության, համայնքի երկրորդ տեղակալը ի պաշտոնե պարտավոր է լինել աշխարհազորի բրիգադի հրամանատար։ Այսինքն, այս դեպքում բանակում ծառայած չլինելու մասին խոսք լինել չի կարող։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930