Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ից մահացածները ընդհանուր մահերում մեծ մասնաբաժին ունեն

Նոյեմբեր 11,2021 14:30

Նորագոյացություններից ու արյան շրջանառության հիվանդություններից մեր երկրում ամենաշատն են մահանում:

Այս տարվա տասը ամիսների ընթացքում մեր երկրում ավելի շատ մարդ է մահացել, քան՝ 2020-ին: Անցյալ տարվա նշյալ ժամանակահատվածում մահացել է 21 հազար 284 մարդ, այս տարի՝ 23 հազար 674 մարդ՝ այսինքն՝ 2 հազար 390-ով ավելի: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեից: Կոմիտեն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին զեկույցը: Մահերի մի մեծ մասնաբաժին COVID-19-ից են: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին կորոնավիրուսից մեր երկրում մահացել է 1070 մարդ, 2021-ին՝ կրկնակիից էլ ավելի՝ 2 հազար 961 քաղաքացի:

Մահերի պատճառ են նաեւ նորագոյացությունները: Եթե նախորդ տարի այդ հիվանդություններից մահացել են 4 հազար 50 քաղաքացիներ, այս տարի՝ 3 հազար 991: Ամենաշատ մահերը, սակայն, արյան շրջանառության հիվանդություններից են: Այս տարվա տասը ամիսներին 508-ով ավելի են մահերը: Եթե 2020-ին արյան շրջանառության հետ կապված խնդիրների պատճառով 11 հազար 165 մարդ է մահացել, այս տարի՝ 11 հազար 673 մարդ: Մարսողական հիվանդություններից մահերի թիվը գրեթե 1000 է: Նախորդ տարի 886 մարդ է մահացել աղեստամոքսային տրակտի հիվանդություններից:

Դրական միտում է արձանագրվել մանկական մահացության ցուցանիշներում: Անցյալ տարի 0-ից մեկ տարեկան ավելի շատ երեխա է մահացել, քան՝ այս տարի: Այդ տարիքային խմբում 203 երեխա մահացել է 2020-ին, այս տարի՝ 183, որից 76-ը՝ աղջիկ, 107-ը՝ տղա: Տեղեկանում ենք, որ 0-ից չորս տարեկան երեխաների մահացությունը նույնպես պակասել է: Այս տարի 19 երեխայով այդ թիվը պակաս է: Անցյալ տարի 0-ից 4 տարեկան 230 երեխա է մահացել:

Երեխաների մահացության հիմնական պատճառը վիճակագիրները նշում են շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակները, բնածին անկանոնություններն ու ձեւախախտումային խանգարումները:

Ի դեպ, 2021թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք եւ մայրական մահացության գործակիցը կազմել է 41.0 միավոր, 2020 թ. հունվար-սեպտեմբերի 15.1 միավորի համեմատությամբ:

Երեք տարիների կտրվածքով, ամենաշատ մահերն արձանագրվել են 2021-ի ապրիլին՝ 3 հազար 361 մահ:
Կոմիտեն իր զեկույցում հրապարակել է նաեւ ժողովրդագրական իրավիճակը հոկտեմբերի 1-ի դրությամբ: Համաձայն այդ թվերի, 2021-ին 1100-ով մեր բնակչությունը պակասել է՝ կազմելով 2 միլիոն 966.8 մարդ:

Հիմնականում բնակչությունը պակասել է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի ու Լոռու մարզերից:

Տեղեկանում ենք նաեւ, որ 2018-ի եւ դրան հաջորդ տարիների տարեսկզբի դրությամբ մեր երկրում եղել է 2 միլիոն 972.7 մարդ, 2019-ին՝ 2 միլիոն 965.3 մարդ, 2020-ին՝ 2 միլիոն 959.7 մարդ: Իսկ 2021-ի տարեսկզբի դրությամբ՝ 2 միլիոն 963.3 մարդ:

Ըստ զեկույցի, այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր հանրապետությունում գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 258 դեպք` 2020թ. հունվար-սեպտեմբերի ավելի շատ մարդ է ամուսնբալուծվել. 1000 ամուսնությունից 267-ը բաժանվել են: Բայց երեք տարիների կտրվածքով ամենաշատն այս տարի են ամուսնացել:

Բաժանությունների թվով առաջատարը Երեւանն է, որտեղ այս տարի 332 զույգ է ամուսնալուծվել, ապա՝ Կոտայքի մարզը՝ 258 ամուսնալուծությամբ: Ամենաքիչ բաժանությունները եղել են Վայոց ձորում՝ 165 դեպք:

Թե որ երկրներ են ավելի շատ մեկնել մեր քաղաքացիները, կոմիտեն նույնպես անդրադարձ է կատարել: Այս տարի Ռուսաստանի դաշնություն 765 քաղաքացի է տեղափոխվել, Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 506, Լիբանան՝ 422 մարդ, Վրաստան է գնացել 357 քաղաքացի, Արցախի Հանրապետություն՝ 233 մարդ, ԱՄՆ մեկնել է 189 քաղաքացի, Ֆրանսիա է տեղափոխվել 76 մարդ: 11 մարդ էլ Լեհաստան է գնացել, 13-ն էլ՝ Քուվեյթ: 18 մարդ Իսպան է մեկնել, 17-ը՝ Հորդանան: Արաբական Միացյալ Էմիրություններ էլ՝ 10 մարդ:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարի մեր երկիր մուտքն ու ելքն ավելի շատ կատարվել է օդային ճանապարհով: Անցյալ տարի, սակայն, գերիշխել են ավտոմոբիլային ճանապարհով երթեւեկությունները: Եկող-գնացողների միայն 1 տոկոսն է օգտվել երկաթուղային տրանսպորտից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930