Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Ադրբեջան հեռանկարները. Նոր սառը պատերա՞զմ. Էլդար Մամեդով

Նոյեմբեր 22,2021 20:00

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը ծավալուն հոդված է հրապարակել՝ Իրան-Ադրբեջան վերջին զարգացումների ֆոնին վերլուծելով երկու երկրների հարաբերությունները:

Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Մի քանի շաբաթներ շարունակված զենքերի շառաչյունից և թշնամական հռետորաբանությունից հետո, երբ լարվածությունը թուլացել է, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոյեմբերի 5-ին հեռախոսազրույց ունեցան, որում մեղադրում էին «չարակամներին» «երկու երկրների միջև վերջին թյուրընկալումներն» օգտագործելու փորձերի մեջ:

Սակայն կարճաժամկետ մերձեցումը և մեղքն իրար վրա բարդելը ծառայում են հարաբերություններում ավելի մեծ տեղաշարժերը քողարկելուն. չնայած պատերազմական խաղերն ու վիրավորանքները թուլացել են, տարբեր աշխարհաքաղաքական ընտրությունները շարունակում են Բաքվին և Թեհրանին մղել հակառակ ուղղություններով՝ մեծացնելով ապագայում պարբերական ժայթքման ռիսկերը:

2020թ. Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, որը ձեռք է բերվել Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ և Ռուսաստանի համաձայնությամբ, համոզեց Բաքվին, որ իր ռազմա-դիվանագիտական ռազմավարությունն արդարացված է, և որ այն փոփոխելու քիչ պատճառներ կան: Իրանը, ընդհակառակը, մի կողմ մղվեց պատերազմից. մարտերի ժամանակ առաջարկված նրա խաղաղության ծրագրերը քիչ հետաքրքրություն առաջացրին Բաքվում, և Թեհրանը դժգոհ էր հետպատերազմյան զարգացումներից, մասնավորապես իր ոխերիմ թշնամի Իսրայելի կողմից Իրանի հյուսիսային սահմանների վրա իր դիրքերի ընդլայնմամբ։

Իր նոր համախմբված դաշինքներով և նոր ռազմական վստահությամբ Բաքուն զգաց, որ կարող է հիմնականում անտեսել իր հարավային հարևանի մտահոգությունները: Դրանով է բացատրվում սեպտեմբերին բեռնատարների երկու իրանցի վարորդների ձերբակալությունը, որոնք Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հողատարածքներով անցնում էին դեպի Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղի տարածքներ: Թեև միջադեպը կարող էր լուծվել երկու մայրաքաղաքների միջև անաղմուկ դիվանագիտության միջոցով՝ Բաքուն նախընտրեց հրապարակային ուղերձ հղել Թեհրանին, որ ինքը չի հանդուրժի իր ինքնիշխանության դեմ ոտնձգությունները: Դա հանգեցրեց ադրբեջանական սահմանի մոտ Իրանի աննախադեպ զորավարժություններին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձեց խիզախ դեմքի արտահայտություն ընդունել, սակայն չկարողացավ թաքցնել իր զարմանքն ու անհանգստությունը Թեհրանի սրացումների վերաբերյալ։ Թեև կառավարամետ կայքերն արձագանքեցին ճգնաժամին՝ գովաբանելով Ադրբեջանի զինված ուժերի հզորությունը, ռազմական առճակատումը Իրանի՝ ութ անգամ ավելի բնակչություն ունեցող երկրի հետ, ակնհայտորեն չի բխում Բաքվի շահերից: Առավել ևս, որ նույնիսկ Բաքվի գլխավոր դաշնակիցը՝ Թուրքիան, դժվար թե Ադրբեջանի անունից պատերազմ մղի Իրանի հետ:

Վերջին տարիներին Թուրքիայի և Իրանի հարաբերությունները մի շարք ոլորտներում անկումային պարույրի մեջ են։ Հարավային Կովկասը դրանցից մեկն է, քանի որ Թեհրանին զայրացնում է Անկարայի՝ այնտեղ ընդլայնվող ներակայությունը, ամենաշատը՝ Բաքվում նրա ազդեցության աճը: Երկու կողմերն էլ, այնուամենայնիվ, մշտապես զգույշ են եղել, որպեսզի թույլ չտան, որ իրավիճակը շատ վատթարանա, և քայլեր են ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Նոյեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանն իր «ուրախությունն» է հայտնել՝ Թեհրանում հյուրընկալելով իր «եղբորը»՝  թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։ Հաղորդվում է, որ այդ այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան կատարած այցի նախերգանքն է, որի ընթացքում ակնկալվում է, որ կքննարկվի ապագա հարաբերությունների որոշակի ճանապարհային քարտեզ։

Եթե անգամ նման փաստաթուղթ ստորագրվեր, դա, ամենայն հավանականությամբ, կտրուկ չէր փոխի թուրք-իրանական հարաբերությունների ներկայիս ուղեգիծը։ Քանի դեռ Թուրքիայում նահանջում է քաղաքական իսլամը, իսկ պահպանողական ազգայնականությունը վերածնվում է, Անկարան կշարունակի ամրապնդել իր դաշինքը Բաքվի հետ՝ միաժամանակ փորձելով ընդլայնել իր ազդեցությունը դեպի արևելք՝ դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ:

Դրանով է բացատրվում Թուրքիայի աջակցությունը տրանսպորտային երթուղուն (ինչը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք»), որն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապում է իրեն՝ պոտենցիալ կտրելով Իրանից: Սակայն երկխոսության ուղիների պահպանումը կարող է ավելի կառավարելի դարձնել Անկարայի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները: Թուրքիան նաև գիտակցում է, որ եթե հարաբերություններն էլ ավելի վատանան, Իրանը կարող է լծակ օգտագործել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ Անկարայի դեմ իր կապերը: Բաքվի քաղաքականություն մշակողները խելամիտ կլինեն, եթե գիտակցեն թուրքական աջակցության սահմանները Թեհրանի հետ ապագա հնարավոր բռնկումներում:

Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ ներկայացնում է տարբեր փոփոխականներ։ Հայաստանի հետ պատերազմում Բաքուն մեծապես օգտվում էր Իսրայելի ռազմական տեխնոլոգիաներից, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերից։ Իսրայելամետ կազմակերպությունները նաև հանդիսանում են Վաշինգտոնում Բաքվի լոբբիստական ջանքերի հենարանը, որոնք ուղղված են ոչ  պակաս ազդեցիկ հայկական լոբբիի չեզոքացմանը և մարդու իրավունքների քննադատությունների բթացմանը: Սպասվում է, որ փոխարենը Ադրբեջանը կշարունակի հարթակ տրամադրել՝ Իրանի դեմ Իսրայելի հետախուզական գործունեության համար։

Միևնույն ժամանակ, Բաքու-Թեհրան վերջին վեճի մեղմացումից հետո Ադրբեջանի պետական դիվանագիտական ակադեմիան հպարտությամբ հյուրընկալում է Վաշինգտոնի մի խումբ փորձագետների, ովքեր բացահայտորեն պաշտպանում են Իրանի՝ էթնիկական հիմքով մասնատումը, քանի որ դա, նրանց կարծիքով, օգուտ կբերի Իսրայելին: Այս համատեքստում, հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելցի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները և դրան զսպող բազմակողմ համաձայնագրի վերածննդի անորոշությունը, Թեհրանը շարունակում է Ադրբեջանը դիտարկել որպես իսրայելական ռազմական հարձակման պոտենցիալ հարթակ:

Սպառնալիքի այս աճող ընկալումը Իրանին ստիպում է Բաքվի դեմ զսպող ուժ զարգացնել: Վերջերս Iran Diplomacy ազդեցիկ կայքը, որը կապված է նախկին բարձրաստիճան դիվանագետ Սադեկ Խարազիի հետ, հրապարակեց հոդված, որտեղ քննադատում էր կառավարության ենթադրյալ «հանդարտեցման քաղաքականությունը Անկարայի և Բաքվի նկատմամբ» և կոչ էր անում ավելի ամուր պաշտպանել «Իրանի ազգային շահերը հյուսիսում»:

Գործնական առումով, դրա իրականացման անմիջական ճանապարհներից մեկն այն է, որ Իրանը թեքվի դեպի Հայաստան: Բաքվում շատերը նկատեցին, որ վերջին բեռնափոխադրումների վեճն ավարտվեց հօգուտ Ադրբեջանի, քանի որ Իրանը պարտավորվել է արգելել իր բեռնատարների երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ: Իրականությունը, սակայն, ավելի բարդ է. թեև Թեհրանն իսկապես զիջել է այդ հարցում, նա նաև ակնարկել է, որ այսուհետ նախապատվությունը տալու է Հայաստանին (այլ ոչ թե Ադրբեջանին)՝ որպես հյուսիս-հարավ առևտրի իր խողովակի՝ այդպիսով Ադրբեջանին զրկելով պոտենցիալ շահութաբեր բիզնես հնարավորություններից:

Իրեդենտիզմի վերածնունդը

Իրանական մյուս քայլերը կարող են է՛լ ավելի վտանգավոր լինել Ադրբեջանի համար։ Իրանամետ շրջանակներ մշակելու Իրանի ջանքերը՝ հիմնականում շիա կրոնական կազմակերպությունների միջոցով, դեռ արդյունք չեն տվել: Ադրբեջանում քչերին է գրավում իրանական կառավարման համակարգը, և ոչ բոլոր հավատացյալ շիաներն են իրանամետ:

Սակայն միջազգային օստրակիզմի տասնամյակների ընթացքում Իրանը զարգացրել է ասիմետրիկ պատերազմի շատ հմուտ հմտություններ: Այն փաստը, որ Թեհրանն այսօր չունի որևէ վստահելի պրոքսի կամ դաշնակից Ադրբեջանում, չի նշանակում, որ նա չի շարունակի փորձել։ Իրանը պարզապես կհարմարվի ռազմավարական լանդշաֆտին, որը տարբերվում է Լիբանանից կամ Իրաքից, որտեղ «պրոքսի ռազմավարությունը» մինչ այժմ ավելի հաջող է դրսևորվել:

Ադրբեջանում և Իրանում ներքին զարգացումները, մինչդեռ, նպաստում են երկու ժողովուրդների միջև անջրպետի խորացմանը։

Բաքվի իշխանություններն օգտագործում են Թեհրանի հետ ստեղծված ճգնաժամը երկրում ենթադրյալ «Իրանի համախոհների» դեմ ճնշում գործադրելու համար՝ փակելով մի շարք շիայական կրոնական կայքեր և կալանավորելով որոշ նշանավոր շիա հոգևորականների՝ չնայած նրանց իրանամետ գործունեության ապացույցները լավագույն դեպքում անհուսանելի են։ Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները շարունակում են կոշտ արտահայտություններով Իրանին մեղադրել Ադրբեջանի գործերին միջամտելու մեջ:

Մինչ Ադրբեջանում վերածնվել է իրեդենտիզմը՝ ոգեշնչված Ադրբեջանի Հանրապետության տարածքը հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված և ազգայնականներին որպես «հարավային Ադրբեջան» անունով հայտնի  Իրանի հյուսիսային նահանգների հետ «վերամիավորելու» մտքից, Իրանում նույնպես թափ է հավաքել հակակշիռ շարժում:

Այս տեսանկյունից, Ադրբեջանն է, որ պետք է վերամիավորվի «իրանական հայրենիքին»՝  19-րդ դարում բռնի կերպով ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո։ Այս տեսակետները Իրանում նոր տեղ են գտել հատկապես հասարակական դիսկուրսի մակարդակում: Դրանց տարածման գործում մեծ դեր ունի բարեփոխական ազդեցիկ «Շարղ» օրաթերթը: Բայց նման տեսակետները չեն սահմանափակվում միայն բարեփոխական շրջանակներով, քանի որ իրանական ազգայնականությունը, գնալով ավելի շատ, ծառայում որպես սոսինձ, որի շուրջ կարող են համախմբվել բնակչության տարբեր շերտեր:

Թե՛ Բաքուն, և թե՛ Թեհրանը փորփրում են իրենց ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը, և երկու երկրներում էլ, գնալով ավելի ու ավելի, հասարակական վերաբերմունքում միմյանց ընկալում են հակառակորդի ոսպնյակի միջոցով, երկու հարևաններին էլ, կարծես, վիճակված է տեսանելի ապագայում շարունակել այս բախման ընթացքը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930