Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ կենդանիներն են համախմբվում, երբ վտանգ է սպառնում իրենց ջունգլիներին». Գյումրու թատրոնի տնօրեն

Դեկտեմբեր 06,2021 13:46

«Դեկտեմբերի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սպասվում է մեծ պրեմիերա՝ «Մաուգլի» ներկայացումն է: Այն ոչ մանկական ներկայացում է: Տարին ավարտում ենք այս ներկայացումով, չնայած դրանից հետո լինելու է նաեւ փոքրիկների համար նախատեսված բեմադրություն»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Նա նշեց, որ թատրոնը տոնում է 156-րդ թատերաշրջանը, եւ տարվա ընթացքում ունենալու են հինգ առաջնախաղ, իսկ ըստ Քիփլինգի բեմադրված «Մաուգլին» 3-րդն է: «Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարությամբ Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» պիեսով սկսեցինք հոկտեմբերի 1-ին, նոյեմբերի 1-ին «Շարունակություն» ներկայացումն էր, որը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի աշխատանքն էր, ռեժիսորն էլ Ասպրամ Բաղդասարյանն է: Եվ դեկտեմբերի 10-ին «Մաուգլի» ներկայացումն է լինելու, որտեղ ընդգրկված են 60-ից ավելի դերասաններ: Արել ենք մի ներկայացում, որը կարծում ենք, շատ լավն է լինելու:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնն իր պատմության մեջ ունեցել է մասշտաբային ներկայացումներ, բայց սա վերջին 20 տարիների ամենամասշտաբային ներկայացումն է»,-նշեց թատրոնի տնօրենը:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով. «Բոլորը գիտեն եւ հայտնի մուլտֆիլմը, եւ Քիփլինգի գործի հիման վրա նկարահանված ֆիլմերը… Բայց երբ թատրոնի ռեժիսորներից Ռաֆայել Ասատրյանի կողմից առաջարկ եղավ, որ անդրադառնանք այս պիեսին, սիրով համաձայնեցի: Ի սկզբանե մեկ նպատակ ենք ունեցել, որ «Մաուգլին» հիմք լինի:

Հավատարիմ մնալով գրական հիմքին, սակայն, մի շարք փոփոխություններ ենք կատարել այսօրվա շեշտադրումներով: Մի խոսքով, մեր ներկայացումը շատ այսօրեական է: Խոսել ենք մարդու եւ բնության ներդաշնակության կորստի մասին: Երբ մարդը հեռանում է բնությունից, դավաճանությունը, անհավատարմությունը, սիրո պակասը, հավատի կորուստը առաջ են գալիս: Ջունգլին մեզ մոտ փոխաբերական իմաստով է, դա հենց մեր կյանքն է, ցույց ենք տալիս իրավիճակներ, անգամ կենդանիներն են կարողանում համախմբվել, կողքի են դնում իրենց ներանձնային խնդիրները, երբ վտանգ է սպառնում իրենց ջունգլիներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031