Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիր չէ, կարամ իջնեմ, նույնիսկ բրդեմ մեքենան խոդի քցելու համար, պարզությունս չեմ կորցրել». Նիկոլ Փաշինյանի արդարացումը՝ թանկարժեք մեքենաներ գնելու առիթով

Դեկտեմբեր 24,2021 23:54

«Ես ժամանակին խոսել եմ Սերժ Սարգսյանի նկարը ՀՔԾ քննիչի սենյակում կախված լինելու մասին, երբեք չեմ խոսել այն մասին, որ նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների սենյակում չպետք է կախված լինի երկրի ղեկավարի նկարը» ,-առցանց ասուլիսի ընթացքում  իրեն հղված հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողներից մեկը նրան հիշեցրեց՝ ժամանակին ինքն էր քննադատում պադավատապետությունը, բայց հիմա 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, բաջանաղապետութունն էր քննադատում, բայց շարունակում են մարդիկ ԽԾԲ սկզբունքով նշանակվել պաշտոնի, առանց փորձի դեսպաններ են նշանակվում, դատապարտում էր Սերժ Սարգսյանի նկարը պաշտոնյաների աշխատասենյակում կախելը, մինչդեռ հիմա Նիկոլ Փաշինյանի նկարն է կախված ՔՊ պաշտոնյաների սենյակներում և հարցրեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այս ամենը կհանդուրժե՞ր, արդյոք չի՞ հեռացել իր հռչակած սկզբունքներից, Նիկոլ Փաշինյանը մի թվարկում էլ իր կողմից ավելացրեց, որ հիմա կուսակցական ղեկավարներն են նշանակվում բուհերի խորհրդի նախագահներ:

Այնուհետև նշեց, որ դա արվում է նրա համար, քանի որ բուհերն իրենց տրված ազատությունն այլ կերպ օգտագործեցին, և շատերը շատ դեպքերում ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակապետական գործունեությամբ զբաղվեցին և պարզվեց՝ ըստ նրա բնորոշման՝ ամեն ֆակուլտետ մի կուսակցության բոստան է: Իսկ հիմա այն, ինչ իրենք են անում, բուհերն ապաքաղաքականացնելու համար է:

Խոսելով իր նկարը պաշտոնյաների աշխատասենյակներում կախելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք հասկացել ենք, որ պետական ատրիբուտների նկատմամբ պետք է սենտիմենտալ և երկչոտ չլինենք: Եթե ստանձնում ենք պետական պատասխանատվություն, ուրեմն պետք է պետական ատրիբուտներին, արարողակարգերին վերաբերվենք պատշաճ ձևով»:

Առանց դիվանագիտական փորձառության անձամբ դեսպան նշանակելու առիթով էլ ասաց. «2021-ի մայիսին տեսանք՝ դիվանագիտական փորձ ունեցող մարդիկ ոնց պետության ողնաշարին թիկունքից խփեցին: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները արդեն հունիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքում դրոշակ էին բռնում, կանգնում: Դա խայտառակություն է: Երբ իրենք իրենց ձեռքով թղթեր էին բերում, զեկուցում ինձ, հետո դուրս գալիս, ասում էին՝ մենք խաբար չենք այդ մասին: Ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Իսկ ո՞վ է ասում, որ այդ պահվածքը անարձագանք պիտի մնար: Հլը այս հարցերի հետևից մենք շարունակելու ենք գնալ»:

Բաջանաղապետության մասին հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ո՞ւմ բաջանաղն է որտեղ նշանակվել, չեմ բացառում, յուրաքանչյուր նախարար, պատգամավոր, բոլորը ինչ- որ մեկի բաջանաղն են: Հարցն այն է՝իրենք բաջանաղ լինելո՞ւ համար են նշանակվել, թե՝ ոչ: Էս պայմաններում և իրավիճակում հուսալիությունը շատ կարևոր բան է: Բարձրագոչ դիպլոմներով կառավարության դեմ աշխատող մարդկա՞նց պահենք… հայ-թուրքական հարաբերություններին բանագնաց ուղարկենք, հետո գնա գա, ասի՝ տեղյակ չէի, էս դավադիր կառավարությունն ինձ ասաց՝ պիտի գնաս ժուլյեն ուտելու, պարզվեց ինձ դավադիր մտցրել են Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների մեջ: Ես դա տեսել եմ»:

ՀՀ ԱԺ նախագահի համար թանկարժեք մեքենա գնելու առիթով էլ ասաց, որ էլի են պատրաստվում մեքենաներ ձեռք բերել, այդ թվում իր համար ու հիմնավորեց, թե այդքան հարուստ չենք, որ էժան ապրանք առնենք, որ ամեն տարի փոխվի: Մեքենաների թեմայով վարչապետը մանրամասնեց. «Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել, ընդորում բնակավայրերում: Խնդիր չէ, կարամ իջնեմ, նույնիսկ բրդեմ մեքենան խոդի քցելու համար, պարզությունս չեմ կորցրել: Մարդիկ դուրս են գալիս, ասում են՝ վարչապետ ջան, կարողա՞  սվեչայա թրջել և այլն: Այս վիճակն այն պատճառով է, որովհետև այդ մեքենաները մենք ձեռք ենք բերել 2007-ին… սկզբում ես էլ էի ասում, որ պետք չէ, բայց երբ ցույց են տալիս, որ այդ մեքենաների վրա տասնյակ միլիոն դրամի ծախս է արվում, ասում ես, ուրեմն պետք է: Մեր փոխվարչապետերն են գնում, ճանապարհներին մնում»:

Այս թեմայով խոսելիս Նիկոլ Փաշինյանը հիշեց ՀՀ կառավարության շենքի տանիքը, որը ժամանակին մի քանի գույնանի էր. հանձնարարել է ներկել: Նա ասաց՝ կարող էր և այդ ծախսը չանել, բայց հիմնավորեց, թե քաղաքացիների աչքն առաջինը դա էր ծակում, բա չէի՞ն մտածի՝ լավ էս երկիրն այն աստիճանի է հասել, որ կառավարության շենքը մի նորմալ տանիք էլ չի կարող ունենա՞լ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031