Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Ես ավելի հակված եմ մտածել, որ այս ամենը սկզբից եւեթ շատ լավ ծրագրված քայլեր էին»

Հունվար 19,2022 21:07

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մեկ տարի առաջ «Հայելի» ակումբում դիտարկում էր արել, թե այսօրվա իշխանությունը մեզ պարտադրելու է սիրել դահճին: «Ես ավելի հակված եմ մտածել, որ այս ամենը սկզբից եւեթ շատ լավ ծրագրված քայլեր էին: Եվ ոչ թե 2018 թվականին, այլ դրանից առաջ, որովհետեւ այդպիսի բաները ինքնաբուխ ու միանգամից չեն լինում: Մենք բոլորս տեսնում ենք, որ նույնիսկ կադրային իմաստով է պատրաստվածություն եղել: Գաղտնի ու տեսանելի սեմինարների, դրսում ինչ-որ դասընթացների մասնակցելու եւ այլնի տեսքով ձեւավորվել է կադրային բազա, եւ այն այսօր շատ լավ օգտագործվում է: Այսինքն, ձեւավորվել են մարդիկ, որոնց աշխարհայացքը արդեն այլ է, իրենք, ըստ էության, հայկական ինքնությունից հեռացած մարդիկ են: Եվ եթե կան հայկական ինքնությունից հեռացած մարդիկ, եւ նրանց ձեռքում կան Հայոց պետությունը ղեկավարելու լծակներ, բնականաբար, հայանպաստ որեւէ բան չեն անելու: Երբ լսում ես նրանց դատողությունները, իրենց տրված հարցերին պատասխանները, տեսնում ես, որ, ըստ էության, կրթվածության լայն մտահորիզոն ունեցող մարդիկ չեն: Սակայն այնուամենայնիվ, իրենց նպատակներին հասնելու համար նրանք ճշգրիտ են աշխատում: Նույնիսկ խեղկատակությունները՝ շեղող թեմաները որ արվում են, դրանք ճշգրիտ են ու շատ: Եվ այդ ամենը մարդկանց մտքի, գիտակցության վրա ազդելու շատ հզոր միջոցներ են: Հիշենք, երբ խոսվում էր 2050 թվականի մասին, մարդիկ ժպիտով էին լսում…»,-այսօր կայացած ասուլիսում ասաց նա:

Ապա նկատեց. «Ստախոսությունն իր մեջ մի հետաքրքիր օրինաչափություն ունի. ստախոս մարդն իրեն ինչ-որ ձեւերով մատնում է: Այդ 2050 թիվը, որի պահով ասվում էր՝ Հայաստանի բնակչությունը, եթե չեմ սխալվում, հինգ միլիոն է դառնալու, ես հավատում եմ: Այդ հինգ միլիոնը այստեղ կապրի, բայց ովքե՞ր կլինեն այդ ապրողները, դա է հարցը: Թուրքերը արագ են բազմանում: Շատ հնարավոր է, որ այստեղ, մեր հայրենիքում, մեր լեռնաշխարհում, մեր քաղաքներում հինգ միլիոն մարդ արարած լինի: Սա կոչվում է ինֆորմացիայի արտահոսք, եւ ես հորդորում եմ Փաշինյանի եւ նրա թիմակիցների խոսքերին միշտ լրջորեն վերաբերվել: Տեսեք, նա հիմա էլ ասում է՝ պետք է ամուր նյարդեր ունենալ խաղաղության դարաշրջանը հաստատելու համար: Գիտե՞ք, ես իր հետ համամիտ եմ: Իսկապես պետք է ամուր նյարդեր ունենալ: Ցանկացած հայ մարդ, եթե ամուր նյարդեր չունենա այս պրոցեսների մեւ մտնելու, ուղղակի չի դիմանա: Ուրեմն, պատկերացրեք, թե մեզ ինչեր են սպասվում…»

Տիկին Նալչաջյանը նաեւ անդրադարձավ ցեղասպանություն վերապրած ժողովրդի հոգեբանությանը. «Իսկ ինչ վերաբերում է զոհի ու դահճի հարցին, դրանք հոգեբանության մեջ ուսումնասիրված երեւույթներ են, հենց նույն ցեղասպանության եւ առհասարակ, ագրեսիայի հոգեբանության մեջ: Որպեսզի զոհին դարձնես գետնատարած, նրա հետ վերջնականորեն հաշվեհարդար լուծես, նրան կոտրիր հոգեպես, զոհ դարձրու հոգեպես, մնացածը հետո տեխնիկայի խնդիր է: Հոգեպես ընկճված մարդը պայքարելու ներքին պոտենցիալից զրկված է,  հոգեպես արդեն վախճանված մեկն է: Ու նրան ֆիզիկապես ոչնչացնելը շատ մեծ եռանդ ու ջանքեր չի պահանջելու»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31