Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ իրականացնելու կամք դրսևորելով հանդերձ՝ իշխանությունները գործուն քայլեր չձեռնարկեցին իրավապաշտպան համայնքի պաշտպանության ուղղությամբ. հայտարարություն՝ Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստին ընդառաջ

Փետրվար 02,2022 14:42 Share

Հետպատերազմական շրջանում հատկապես իրավապաշտպան կազմակերպություններն ու անհատները դարձան ատելության ու քաղաքական ռևանշի թիրախ, ինչն էլ ավելի սրվեց 2021 թվականի հունիսի արտախորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում։ Առաջադեմ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու առերևույթ կամք դրսևորելով հանդերձ՝ ներկայիս իշխանություններն այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկեցին իրավապաշտպան համայնքի աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ ի հեճուկս ստանձնած միջազգային ու տարածաշրջանային հանձնառություններին։ Անտեսելով քաղաքացիական հասարակության բազում ներկայացուցիչների, այդ թվում՝ Մարդու իրավունքների տուն Երևանի կոչերը՝ ներկայիս հանրային իշխանություններն ու անձինք այդպես էլ չստանձնեցին հանրային կյանքի առաջնային պատասխանատուի իրենց դերը՝ իրավապաշտպանների դեմ բռնության կոչերը հրապարակայնորեն դատապարտելու, նրանց նկատմամբ ոտնձգության դեպքերի արագ, անաչառ ու արդյունավետ քննությունը երաշխավորելու ուղղությամբ։

Նշված մթնոլորտը բարենպաստ պայմաններ է ստեղծում իրավապաշտպանների անհիմն հետապնդումների համար։ Ցավալի է հատկապես իրավապաշտպանների վերաբերյալ ծայրահեղ աջ խմբերից մեկի ներկայացուցչի հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման, իսկ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեպքում՝ քրեական գործի հարուցման դեպքը։  Քրեական գործը, որ ներկայումս գտնվում է դատական քննության փուլում, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով, այն է՝ ազգային թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ Մեղադրանքի հիմքում դրվել են Սաշիկ Սուլթանյանի՝  yezidinews.com կայքին տրված հարցազրույցի առանձին հատվածներ։

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող անհիմն քրեական հետապնդումը դադարեցնելու կոչերով հանդես են եկել ամենահեղինակավոր միջազգային ու տարածաշրջանային կառույցները, միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունները։ Նշված քրեական գործին իր զեկույցի Հայաստանին նվիրված բաժնում անդրադարձել է նաև հայտնի Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ նշելով, որ իրավապաշտպանի հարցազրույցը պաշտպանվող խոսք է, որը ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սխալմամբ որակվել է որպես թշնամանքի հարուցում։

Սաշիկ Սուլթանյանի գործով արդեն իսկ նշանակվել է երկու դատական նիստ, երրորդը նշանակված է 2022 թ․ մարտի 10-ին։ Զերծ մնալով արդարադատության իրականացմանը խոչընդոտելուց՝ այդուհանդերձ սույն հայտարարություն-կոչով ցանկանում ենք միջազգային կազմակերպությունների ու օտարերկրա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային ու տեղական իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությանը՝ կոչ անելով․

հետամուտ լինել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությանը՝ քրեական գործի քննության բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև դատական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով։

Մարդու իրավունքների տուն Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28