«Թվերը բավականին բարձր են եւ դա մեծամասամբ Օմիկրոն շտամն է, որովհետեւ Օմիկրոնն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց սրան զուգահեռ՝ բարեբախտաբար մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է այլ շտամների համեմատ: Այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի պարագայում մահվան թվերը եզակի են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ ըստ էության, սա կլինի սովորական շրջանառվող վիրուս ամբողջ աշխարհում, ինչպես գրիպի սեզոնային վիրուսն է. «Վստահ եմ, որ կգնա դրան՝ մարդիկ կվարակվեն, կլավանան սովորական հարբուխի տեսքով եւ հոսպիտալացման կարիք մեծամասամբ չի լինի»:
Անդրադառնալով պատվաստումներին՝ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ բնակչության մոտ 40%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ երկու դեղաչափով, բայց դա դեռ բավական ցածր ցուցանիշ է: Սա օգնում է, որ առողջապահական համակարգը թեթեւանա, հոսպիտալացման դեպքերը նվազեցվեն, բայց քանի դեռ չունենք 80-90% պատվաստման ցուցանիշ, համաճարակային իրավիճակ է լինելու երկրում. «Այն սահմանափակումները, որ այս պահին կան, բավարար են՝ վերահսկողության տակ պահելու վիրուսի տարածումը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































