Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Ալիեւի հայտարարությունից հետո ՀՀ-ն կարող էր չերաշխավորել ադրբեջանցի պատվիրակների անվտանգությունը»

Փետրվար 21,2022 19:50

Այսօր մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները, բողոքի ցույց էին անում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ-ում եվրոպական պատվիրակության եւ «Եվրանեսթ»-ի պատվիրակների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ընդունելությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստն անցկացվում է Երեւանում՝ այսօր եւ վաղը։ Այս նիստին մասնակցում են նաեւ Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ։

Ցույցի մասնակիցներն, ինչպես իրենք ասացին, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ պատվիրակության ուշադրությունը հրավիրում ՀՀ-ում ստեղծված ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ, եւ անհանգստությունը հայտնում, որ Հայաստանին ժողովրդավարության դասեր տալու են եկել նաեւ ադրբեջանցի ներկայացուցիչները։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւս ցույցին մասնակցում էր, նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տեղեկություններ ունի, որ նիստին հրավիրված են նաեւ քաղհասարակությունից ներկայացուցիչներ․« Ադրբեջանի պատվիրակության ներկայությունը խորհուրդ ունի, որովհետեւ 2021 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանցիները, տիրանալով Զանգեզուրի միջանցքին, իրենք մի օր կհասնեն նաեւ Երեւան, ամենեւին պարտադիր չէ, որ նրանք տանկերով հասնեն Երեւան, եւ այսպիսի հայտարարություններից հետո ադրբեջանցի բարձրաստիճան պատվիրակների ներկայությունը կարծես կապ ունի Ալիեւ այդ ցանկության, կարելի է ասել՝ հանձնարարության հետ, որը հեզորեն իրականացնում է ՀՀ իշխանությունը։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունից հետո ՀՀ-ն կարող էր չերաշխավորել ադրբեջանցի պատվիրակների անվտանգությունը եւ հրաժարվել այս վեհաժողովը հյուրընկալելու։ Դա խնդիր չէ, այլ երկրում կանցկացնեին։ Բայց ՀՀ իշխանությունը ոչ միայն կազմակերպել է, հյուրընկալել, այլեւ՝ ապահովել ադրբեջանցիների մասնակցությունը՝ ըստ էության կյանքի կոչելով Ալիեւի հայտարարությունը»։

Ղազարյանի խոսքով՝ եվրոպական կառույցներից եւ «Եվրանեսթ»-ի անդամ երկրների պատգամավորներից հատկապես մեծ արձագանք չեղավ, երբ պատերազմում Ադրբեջանն արգելված զենք էր օգտագործում, երբ այդ երկրում հայ գերեվարվածներ կան, երբ խաղաղ բնակավայրերի վրա էին ռմբակոծում, երբ խաղաղ բնակիչների նկատմամբ ամենադաժան վերաբերմունք էին ցուցաբերում։

«Ադրբեջանը պատերազմով խաթարել է խաղաղ բանակցությունների գործընթացը։ Պատերազմը Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծել, պարզապես տարածաշրջանում առաջացրել է լարվածություն, որը դժվարացրել է խնդրի լուծման սկզբունքները։ Ես կարծում եմ՝ այս պարագայում միակ լուծումը, որը համապատասխանում է ՀՀ եւ Ադրբեջանի սահմանադրություններին, Արցախի անկախության ճանաչումն է»,-ասաց Ղազարյանը։

Նա ցույցի ժամանակ իր ելույթում, խոսքն ուղելով պատվիրակության ներկայացուցիչներին, ասաց, որ հայտնվել է ՀՀ իշխանությունների թիրախում իր քաղաքական հայացքների համար։

«Ես չունեմ զգացողություն, որ ապրում եմ եվրոպական երկրում։ Ուզում եմ իմանալ՝ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն։ Ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր են քաղհասարակության այն ներկայացուցիչները, ովքեր իրավունք են ստացել ներկա գտնվելու այս ընդունելությանը։ Եթե պարզվի, այն կազմակերպություններն են, որոնք երբեւէ ֆինանսավորվել են ԵՄ կողմից, ուրեմն՝ նրանք չպետք լինեին այնտեղ, որովհետեւ նրանց իրականացրած ծրագրեր մենք գիտենք, թե ինչ բան է շահերի բախում եւ հատկապես ովքեր են կաշկանդված ներկայացնելու տեսակետներ իրենց դոնորների առաջ։ Ես ուզում եմ իմանալ՝ հրավիրավա՞ծ են այն փաստաբանները, որոնք պաշտպանում են քաղբանտարկյալների իրավունքները»,-իր ելույթում ասաց Էդգար Ղազարյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28