Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյան․ «ՌԴ-ում առաջնային ապրանքների պահանջարկն ավելանալու է, դա անդրադառնալու է նաեւ հայկական սնունդ արտադրող ընկերությունների վրա»

Մարտ 03,2022 15:40

Ռուս-ուկրաինական պատերազմի եւ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքով Հայաստանի տնտեսության վնասները չեզոքացնելու կամ նվազեցնելու ուղղությամբ կառավարությունն ինչ քայլեր է անում, եւ ինչ ծավալի կլինեն վնասները։ Այս խնդրին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք գույքագրում ենք բոլոր հնարավոր ռիսկերը, խնդիրները։ Դրանցից որոշները տեղի կունենան, որոշները՝ ոչ։ Օրինակ՝ մեր կառավարությունում կան տարբեր դիրքորոշումներ արտահանման ծավալների վերաբերյալ։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ինչպես 2014-15 թվականներին, այնպես էլ հիմա, արտահանումը դեպի Ռուսաստան 40%-ով կընկնի, բայց կա նաեւ տեսակետ, որ չի ընկնի՝ հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումները էապես դժվարանում են, եւ աշխարհի խոշորագույն շիփինգները հայտարարել են դեպի Ռուսաստան բեռնափոխադրումները դադարեցնելու մասին։ Դա նշանակում է, որ պահանջարկը, մանավանդ առաջնային ապրանքների վրա, էապես ավելանալու է, եւ սա նշանակում է՝ այդ պահանջարկը անդրադարձ է ունենալու նաեւ հայկական սնունդ արտադրող ընկերությունների վրա։ Իսկ մենք ՌԴ արտահանում ենք հիմնականում սննդամթերք։ Մեր արտահանման ծավալները 2021-ին եղել են մոտ 800 մլն դոլար, դրա 40%-ը եթե վերցնենք, մեր արտահանման ընդհանուր ծավալների 10%-ն է»,-ասաց Քերոբյանը։ Նա վստահեցրեց, որ կառավարությունը փորձելու է այնպես անել, որ արտահանումը դեպի ՌԴ չտուժի․ «Միեւնույն ժամանակ էապես ակտիվացնելու ենք ջանքերը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, որպեսզի այլ շուկաներ՝ իրանական, արաբական, չինական, ավելացնենք արտահանումը»։

Նախարարի խոսքով՝ կան բազմաթիվ այլ խնդիրներ, կառավարության նիստի փակ մասում քննարկվել են տնտեսական տարբեր սցենարներ՝ ինչը ինչպես կարող է զարգանալ եւ կառավարության՝ դրան հնարավոր հակազդեցությունը․ «Կարծում եմ, ստեղծվում է քննարկման հարթակ, որտեղ մենք պետք է օպերատիվ քննարկենք եւ վերլուծենք նոր իրողությունները։ Անորոշությունները դեռեւս շատ են, շատ անշնորհակալ գործ կլինի հիմա ինչ-որ թիվ հնչեցնելը։ Կառավարությունն ինտենսիվ աշխատում է, որպեսզի վնասները նվազեցվեն»։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած գնաճի մասին էլ նախարարն ասաց․ «Ամեն ինչ պետք է անենք, որ ինֆլյացիան բարձր չլինի, որովհետեւ դա վերաբերում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդուն։ Բնականաբար, մենք ուզում ենք, որ ինֆլյացիան լինի այն միջակայքում, որը նշված է բյուջեի մասին օրենքում։ Թե ինչպես կծավալվեն դեպքերը, կախված է շատ անորոշություններից։ Մենք տեսնում ենք, որ կա էական գնաճ ցորենի շուկայում, մեծ ռիսկ կա շաքարավազի շուկայում։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք ամեն մի ապրանքատեսակը։ Մեր գործողությունները ուղղված են լինելու գնաճի զսպմանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031