Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա: Նիկոլ Փաշինյանն այսպես հունից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ հացահատիկի դեֆիցիտի մասին հարցից հետո:
Aravot.am-ը Ստամբուլյանին հարցրեց՝ դրանից հետո ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում խորհրդարանում իր աշխատանքը: Նա պատասխանեց, որ Փաշինյանի պահվածքն ու այդպիսի արձագանքը իր հարցին անսպասելի էր, որովհետեւ իր հարցն ուղղված էր էկոնոմիկայի նախարարին, ոչ թե Փաշինյանին. «Ուզեն, թե չուզեն, բղավեն, թե չբղավեն՝ փաստ է, որ մեր հացահատիկի հիմնական պաշարները մնացել են թշնամու դաշտում: Փաստ է նաեւ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է իր կողմից: Որքան էլ արդարանա, ինչ էլ անի, պատմությունը ունի հստակ ցուցիչներ, ինքը մնալու է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրող՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ դուք կին եք, գուցե Նիկոլ Փաշինյանի խոսքերը ձեզ այդքան չվիրավորեց, որքան տղամարդ պատգամավորներին, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ձեր թասիբին էր կպնում ու արժանապատվության հարց է սա, դրանից հետո ո՞նց եք աչքներդ փակելու ու ձեւ տալու, թե ոչինչ չի պատահել, դրանից հետո նորից գնալո՞ւ եք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ Հռիփսիմե Ստամբուլյանը պատասխանեց. «Մենք մեր աչքերը երբեք ոչնչի վրա չենք փակելու, շարունակելու ենք պայքարել ու շարունակելու ենք իր դիմակը պատռել»:
Ճշտեցինք՝ այսպե՞ս, նույն ոճով շարունակելու եք փաստորեն գալ նիստերին, ոնց հասկանում եմ, չի քննարկվում անգամ մանդատները վայր դնելու, բոյկոտ անելու հարցը՝ նա պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ իրենք երազում են դրա մասին՝ երբ ենք մենք մեր մանդատները դնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































