Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմն ասում է՝ ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննենք … Հետաքննեք, եթե ուզում եք, դա ճի՞շտ լինի Մոսկվայի հետ հարաբերություններում». Մարկեդոնով

Մարտ 28,2022 16:17

Այսօր «Հոդված 3» ակումբը քննարկում էր կազմակերպել «Էսկալացիա Արցախում. Գազային տեռորից մինչեւ լոկալ մարտեր» թեմայով»: Ինչպես հայտնի է, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում եւ աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ավելացրել է այն ընկալումն ու իլյուզիան, թե ՝ «кот из дома- мыши в пляс», այսինքն, երբ տանտերը թողնում է իր ենթականերին, նրանք թուլանում են ու անում այն, ինչ ուզում են: Այս իրավիճակում կարծում են, որ կարող են որոշակի արդյունքի հասնել. «Ռուսաստանը միշտ բոլոր հակամարտություններում փորձում է պահել ստատուս քվոն, բայց երբ փորձում են իր շահերը հաշվի չառնել, պատասխանը կարող է կոշտ լինել: Իմ կարծիքով, այստեղ կա երկկողմանի անընդունելի դիրքորոշում: Հայկական կողմը ասում է, որ խաղաղապահների գործողությունները հետաքննենք եւ այլն: Հետաքննեք, եթե ուզում եք, դա ճի՞շտ լինի Մոսկվայի հետ հարաբերություններում, չի՞ ավելացնի կոնֆլիկտայնություն այդ հարաբերություններում: Կամ Ադրբեջանի դիրքորոշումը, թե՝ Փուռուխ չի, Փառուխ է եւ այլն: Կարծում եմ, այն պատրանքը, թե ՌԴ-ն խառն է Ուկրաինայի հարցով ու կարելի է լավ արդյունքի հասնել՝ խելամիտ չէ»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է երշիկից մի քանի շերտ էլ կտրի ու դա առաջին անգամ չէ. «Իմ կարծիքով, դա կապված է այն իրավիճակի հետ, որը կա Ուկրաինայում: Իսկապես, այն ինչ կատարվում է Ղարաբաղում, ՌԴ-ի ուշադրության կենտրոնում չէ: Ադրբեջանը փորձում է առիթից օգտվել, ճնշել ու տեսնել՝ որտեղ կստացվի, որտեղ՝ չէ: Այ, թե ինչպես են վարվում ռուս խաղաղապահները, կարեւոր է: Ադրբեջանը փորձում է ստուգել, տեսնել՝ որտե՞ղ է այդ սահման կոչվածը: Սահման ասելով՝ նկատի չունեմ աշխարհագրական դիրքը, նկատի ունեմ՝ էլ ինչ է հնարավոր անել: Այսինքն, հարձակվել ռուս խաղաղապահների վրա դեռեւս գուցե առողջության համար վնասակար է, իսկ ղարաբաղցիների վրա հարձակվելը գուցե կարելի է փորձել ու տեսնել՝ ինչ է ստացվում: ՌԴ-ն աշխատում է դիվանագիտական գործիքակազմով: Գիտեմ, որ բանակցությունների գործընթաց կա, զանգեր են լինում երկու կողմերի հետ: Թող ես սխալվեմ, բայց կարծում եմ, սա էլի կշարունակվի ու ոչ առաջին անգամը կլինի, ոչ վերջին: Այդ ռազմավարությունը կշարունակվի՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը՝ հետաքննելու ռուս խաղաղապահների գործողությունները՝ Իսկանդարյանն ասաց, որ հայկական կողմն էլ օգտվում է այն գործիքակազմից, որն ունի ու ուզում է հետաքննել, թե ինչպես է ՌԴ-ն արձագանքում Ադրբեջանի գործողություններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031