Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետարանների կայքէջերում տեղադրված պաշտոնական էլեկտրոնային հասցեները հիմնականում չէին գործում». ՀՔԱՎ

Մարտ 31,2022 18:14

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանման վիճակը 2021 թ.-ին՝ համաձայն Կազմակերպության ստացած պատասխանների։

Ներկայացվող ժամանակահատվածում, ի տարբերություն 2020-ի, որը կորոնավիրուսի  (COVID-19) համավարակով պայմանավորված, առանձնացավ  նախ՝  արտակարգ, ապա ռազմական դրությունների ռեժիմների  սահմանմամբ,  պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքացիների հասանելիության ժամանակավոր սահմանափակումներով, դրանք մեղմացվեցին կամ հանվեցին։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով COVID-19-ի համավարակի կանխարգելման պայմանները։

Այդ ժամանակահատվածում պետական կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված տեղեկատվական հարցումների զգալի մասն ուղարկվել է ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային տարբերակով, որի արդյունքում պետական կառույցների հետ տեղեկատվական կապը դարձել էր ավելի դյուրին։ Այն կառույցները, որոնց պաշտոնական  էլեկտրոնային  հասցեների հետ կապված առաջացել էին խնդիրներ, հարցումներն ուղարկվել են փոստային առաքմամբ։

Պետք է արձանագրել, որ հիմնականում մարզպետարանների կայքէջերում տեղադրված պաշտոնական էլեկտրոնային հասցեները չէին գործում։ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության՝ իր ստորաբաժանումներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային հասցեների հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատեց տեղեկատվական  հարցումների  ուղարկման  և     դրանց     պատասխանների  ստացման ժամանակահատվածները, և փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույնպես կրճատվեցին։  Արձանագրենք, որ պետական կառույցները, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ։

2021 թ.-ին Կազմակերպության տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը (18,33%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (18,06%), սոցիալական և առողջապահական բնագավառի մարմինները (15,36%), ՀՀ գլխավոր դատախազությունը և նրա ստորաբաժանումները (13,75%)։ Ըստ այդմ՝ նշված ոլորտներին ուղղված տեղեկատվության հարցումները կազմում են ընդհանուր հարցումների 62․31%-ը: Համեմատության համար նշենք, որ 2020 թ.-ին Կազմակերպության տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են եղել ՀՀ պաշտպանության նախարարությունը (20.06%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (12.57%), սոցիալական և առողջապահական բնագավառի մարմինները (10.78%):

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, ՀՀ արդարադատության նախարարությունը թե՛ 2020 թ․-ին, թե՛ 2021 թ․-ին տեղեկատվական հարցումներին ամենաշատ թվով ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են: Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին աճել է չստացված և ուշացած գրությունների տեսակարար կշիռը։

Ամփոփելով՝ 2021 թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 390 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» է ստացվել 240 հարցման պատասխան (61,54%),  ուշացած՝ 119 (30,26%), իսկ 31  հարցման պատասխան չի ստացվել (8,21%): Համեմատության համար նշենք, որ 2020 թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 334 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» է ստացվել 227 հարցման պատասխան (67,96%), ուշացած՝ 98 (29,34%), իսկ 9 հարցման պատասխան չի ստացվել (2,69%):

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031