Լրահոս
Օրվա լրահոսը

«Անսպասելի էր». բացումից մեկ օր առաջ Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը

Ապրիլ 21,2022 16:12

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է կազմակերպիչը՝ Հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան (АРМА — Армянская Молодежная Ассоциация СПб):

Գրառումը ներկայացնում ենք թարգմանաբար:

Մեր կամքից անկախ պատճառներով «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը չեղարկվել է բացման նախորդ օրը։ Մենք՝ АРМА հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան, շարունակաբար աշխատում ենք Սանկտ Պետերբուրգի տարածքում արդեն 13 տարի, բացարձակապես անհատույց։ Մեր գործունեությունն ուղղված է քաղաքի հայերին աջակցելուն, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և մեր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, օգնելուն։

2022 թ. հունվարից սկսել ենք ակտիվ աշխատել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված «Ո՛չ ցեղասպանությանը» մուլտիմեդիա ցուցահանդեսի կազմակերպման վրա, որը շատ կարևոր է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի և քաղաքի բնակիչների համար. մեծ ջանք ու ռեսուրսներ են ծախսվել։ Պատվավոր հյուրերի և լրատվամիջոցների ներկայությամբ բացման արարողության մի ամբողջ ծրագիր ենք մշակել, նախապատրաստել էքսկուրսիաներ և ֆիլմերի ցուցադրություններ, պայմանավորվել ցուցահանդես անվճար մուտքի վերաբերյալ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան այցելելու այն։

Մեզ համար այս նախագիծն իսկապես շատ կարևոր էր։

Շնորհակալությունն ենք հայտնում «Դոնի» հայ երիտասարդների միությանը՝ համագործակցության և ցուցահանդեսի համար տրամադրված նյութերի համար։

Սակայն տեղի ունեցավ մի բան, որին չէինք սպասում՝ լիովին համակարգված ցուցահանդեսը, մեր վերահսկողությունից անկախ պատճառներով, խաթարվեց հենց վերջին պահին։

Մենք՝ խորհրդի նախագահ Արշակ Սմբատովիչ Հովհաննիսյանը, АРМА-ի համակարգող խորհուրդը և ասոցիացիայի ակտիվիստները, Սանկտ Պետերբուրգի Տարածաշրջանային հայկական ազգային մշակութային ինքնավարության հետ միասին՝ ի դեմս Ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Ռոմիկի Մկրտչյանի, ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ ի դեմս գլխավոր հյուպատոսի ժամանակավոր պաշտոնակատար Մարիա Աշոտի Բաբայանի և այլ շահագրգիռ կառույցների, արել ենք հնարավորը, որպեսզի ցուցահանդեսը կայանա։

Մի քանի օր անդադար աշխատել ենք հարցը լուծելու ուղղությամբ, սակայն չենք հաջողել:

АРМА թիմը ծանր հարված է ստացել:

Նման պահերին դժվար է չհանձնվելը, բայց չենք պատրաստվում համակերպվել. ցուցահանդեսի անցկացման այլընտրանքային տարբերակներ կփնտրենք։

Կփորձենք անել հնարավորը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միջոցառում կազմակերպելու և մեր նախնիների հիշատակը հարգելու համար։

Հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930