Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արվեստագետները՝ Կանադայում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմամբ

Ապրիլ 23,2022 12:30

Բելգիաբնակ ջութակահար, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի անունը հայրենիքում հայտնի դարձավ 2019թ., երբ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում էր ճանաչված երաժիշտների ընտանիքի հոր՝ ջութակահար Սուրեն Հախնազարյանի ծննդյան հոբելյանը։ Այդ երեկո իսկապես հայտնություն էր ջութակահար Խաչատուր Ալմազյանի ելույթը, ում անվանը՝ որպես պրոդյուսեր, հանդիպել էինք Էմիր Կուստուրիցայի «Ծիր Կաթին» ֆիլմում, որտեղ նա հանդես էր գալիս որպես դերասան նույնպես՝ Մոնիկա Բելուչիի հետ։

2007թ. երաժիշտը Սերբիայում հիմնել է Almazian Symphony նվագախումբը, որը առաջին անգամ բեմ է բարձրացել հենց 2007թ., Կուստուրիցայի հրավերով՝ անվանի արվեստագետի Kustendorf Fun music festival-ի բացմանը։ Մեր հանդիսատեսը 25 գեղեցկուհիներից կազմված նվագախմբի՝ Հայաստանում առայժմ միակ ելույթը վայելեց անցյալ տարի։ Նշենք, որ Խաչատուր Ալմազյանը որպես պրոդյուսեր եւ որպես ջութակահար հանդես է գալիս բացառապես անվանի, ճանաչված եւ աշխարհահռչակ արվեստագետների հետ, օրինակ՝ բալետի համաշխարհային աստղ Սերգեյ Օլունինի հետ, որպես ջութակահար բեմ է բարձրացել 44 հազար հանդիսատեսի առջեւ՝ հեղինակավոր Exit Festival-ում։ Իր նախագծերում հրավիրել է սոպրանո Սվետլանա Ակսյոնովային, բալետի պրիմա պարուհի Տատյանա Տանիչին, դերասանուհի Սլոբոդա Միկալովիչին, օպերային ռեժիսոր Դմիտրի Չերնյակովին, ավազային անիմատոր Քսենիա Սիմոնովային եւ այլն։

Պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի անվանը օրերս հանդիպեցինք Կանադայի՝ Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում, որը տեղեկացնում է ապրիլի 23-ին, տեղի Ռեգենտ թատրոնում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք համերգի մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Հայ դիրիժորի ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը եւ Շուբերտի Սիմֆոնիա թիվ 6-ը, որպես մենակատար էլ հանդես կգա կանադացի անվանի դաշնակահար Շեն Ցայնը։ Եվ քանի որ Խաչատուր Ալմազյանը այս օրերին Հայաստանում է, խնդրեցինք նրան Կանադայում կայանալիք համերգից որոշ փակագծեր բացել՝ եթե դրանք կան։ «Բեթհովենի եւ Շուբերտի ստեղծագործությունները քաջածանոթ են դասական երաժշտության սիրահար հայաստանցի հանդիսատեսին։ Իհարկե, վստահ եմ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ համերգի հաջողությանը։

Հավանաբար դուք ամբողջությամբ չեք ընթերցել Օնտարիոյի ֆիլհարմոնիկի կայքում զետեղված լրատվությունը։ Համերգին տեղի կունենա նաեւ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետային սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Ի դեպ, իմ գիտցածով՝ Կանադայում առաջինը Օնտարիոյի ֆիլհարմոնիկի կայքն է գրել, որ հայերը 1915թ. սարսափելի ցեղասպանություն են տեսել՝ անդրադառնալով այդ սարսափելի իրողությանը։ Գրված է նաեւ, որ Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնել կոմպոզիտոր Շարաֆյանի երկի համաշխարհային պրեմիերան, որը գրվել է այդ առիթով՝ հիշատակելով հայոց պատմության ամենաողբերգական էջը»,- ներկայացրեց պրոդյուսերը։

Վստահ լինելով, որ մեր զրուցակից երաժիշտ-պրոդյուսերը քաջատեղյակ է բալետային սյուիտից, գուցե նաեւ ստեղծման պատմությունից, խնդրեցինք ներկայացնել դրանք, հույս ունենալով, որ այդ ստեղծագործությունը առաջիկայում կներկայացվի հայաստանցի հանդիսատեսին նույնպես։ «Սյուիտի երաժշտության հիմքում ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից վերցրած պատմությունն է, մի հայ ընտանիքի պատմություն, որն անցել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով։ Ի դեպ, վերջին հատվածում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բիաթա Պոզնյակը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը, հավելելով, որ «Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին։ Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, թե հարսանեկան սովորության համաձայն, իր՝ ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սեւ խոռոչում, եւ այն այլեւս ոչ ոքի բաժին չի հասնի։ «Ըստ էության, դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ահավոր ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը եւ համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի իսկապես կարողանանք կանխել եւ ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նման սարսափելի երեւույթներն ապագայում»,- խոսքը եզրափակեց Խաչատուր Ալմազյանը։

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ ապրիլի 23-ին եւ 24-ին Ծիծեռնակաբերդում ու «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Մոցարտի Ռեքվիեմը պետք է ղեկավարեր նույնպես հայտնի դիրիժոր Մարկո Պարիզոտտին, բայց քովիդով հիվանդանալու պատճառով պրոդյուսերն առաջարկել է ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդին։ Իսկ մաեստրո Պարիզոտտիին հայաստանցի հանդիսատեսը կհանդիպի աշնանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մեր ֆիլհարմոնիկի համերգը ղեկավարելիս։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930