«Այսքան ժամանակ որ ինչ-որ գաղտնիք լիներ, նոր էր բացահայտելո՞ւ։ Հերթական մանիպուլյացիան էր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե երեկ խորհրդարանում ստեղծված խառնաշփոթի ժամանակ ի՞նչ բացահայտում էր ակնարկում անել Նիկոլ Փաշինյանը։
Գեղամ Մանուկյանը հերքեց տեղեկությունները, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դահլիճը լքեցին այն պատճառով, որ Փաշինյանը «սպառնացել» էր բացահայտում անել։
«Ի սկզբանե մենք որոշել էինք, որ հրապարակելու ենք մեր պահանջագիրը նրա հրաժարականի մասին, Արմեն Ռուստամյանը պետք է արձագանքեր, դրանից հետո դուրս գայինք։ Նիկոլ Փաշինյանի այդ զեղումներին մեր բոլոր գործընկերներն արձագանքեցին նրանով, ինչ հնչել է Ֆրանսիայի հրապարակում եւ ողջ ՀՀ-ում՝ Նիկո՜լ, դավաճան․ այ սա»։
Հիշեցնենք՝ երեկ միջադեպից հետո Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում եւս պնդել է, որ իրենք խուսափելու խնդիր չեն ունեցել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Փաշինյանի երեկվա պնդմանը, թե ինքը պատերազմի առաջին օրը խորհրդարանում հայտարարել է, որ պատերազմը կանգնեցնելու գինն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն համաձայնելն էր, Գեղամ Մանուկյանը նշեց․ «Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ խոսում է մի բան, եթերում հրապարակում այլ բան, ուստի նա ստախոս է։ Նա ուղղակի քրոնիկ սուտասան է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































