Տեղեկանալով, որ Միացյալ Նահանգներ-Ադրբեջան Առևտրի պալատը, համագործակցելով Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ, միջոցառում է անցկացնում Վաշինգտոն քաղաքի Քենեդի կենտրոնում, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) հորդորեց երկրի առաջատար մշակութային հաստատությանը «չօգնել առաջ մղել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի դեմ»։
Քենեդի կենտրոնի ղեկավարությանը, ներառյալ՝ նախագահ Դեբորա Ռաթերին և խորհրդի նախագահ Դեյվիդ Ռուբենստայնին ուղղված նամակում, Համագումարը ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, 2020թ.-ի աշնանը սանձազերծեց մի դաժան պատերազմ հայ ժողովրդի դեմ, երբ 100,000 մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց տներից, «իսկ հիվանդանոցներ, դպրոցներ և եկեղեցիներ ավերվեցին բալիստիկ հրթիռներով, կասետային զինամթերքով, հրկիզող սպիտակ ֆոսֆորային ռումբերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով»:
«Ավելի քան հեգնական է, որ այն երկիրը, որը կասետային զինամթերք և ականներ է օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ և խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում ականազերծմանն ուղղված ջանքերին, ԱՄՆ-ից օգնություն է խնդրում ականազերծման համար»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը:
Համագումարի համանախագահները նաև վկայակոչեցին Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարումները և ռազմական հանցագործությունները, որոնք թվային ձևաչափով փաստագրված են Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի (ISHR) Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի (PBHR) կողմից: Բացի այդ, համանախագահներն անդրադարձան Եվրախորհրդարանի կողմից հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման դատապարտմանը։ Նման գործողությունները հստակորեն վկայակոչում են Քենեդի կենտրոնի սոցիալական պատասխանատվության մասին հայտարարությունը, որի մեջ դատապարտվում են «ողբերգական և անիմաստ բռնության գործողությունները»՝ դրանով իսկ ավելի մտահոգիչ դարձնելով Ադրբեջանի հովանավորությամբ կազմակերպված այս միջոցառումը:
Կարդացեք նաև
«Մենք համոզված ենք, որ Քենեդի կենտրոնը չի ցանկանում կապ ունենալ նման վարքագծի և այս՝ իսկապես դժբախտ իրավիճակի հետ»,– եզրափակեցին համանախագահները:
Ամերիկայի հայկական համագումար


















































