Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երիտասարդ դերասաններն «Արմմոնո 2022» փառատոնի շրջանակում երկու պիես ընթերցեցին

Մայիս 19,2022 20:03

«Սովորական մարդկանց անսովոր պատմությունները». պիեսների ընթերցումներն «Արմմոնո 2022» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակում այս խորագիրն է կրում։ Փառատոնն անցկացվում է արդեն 20 տարի շարունակ:

Այսօր Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի փորձասենյակում երիտասարդ դերասաններ Սարգիս Շողունցն ու Հարութ Բեգ-Վանյանն ընթերցեցին փառատոնի շրջանակներում ընդգրկված երկու պիես:

Սամվել Կոսյանի «Խաղ առանց կանոնների» պիեսի հերոսը ինքնահաստատման լավագույն միջոց է համարում  փողն  ու  հարստությունը:  Սակայն, իր կարողությունները գնահատելով,  ընտրում է  հարստանալու ամենաանտրամաբանական ու ամենաանհեռատես տարբերակը՝ մեկ միլիոն դոլար գտնել: Մեկ միլիոնի լուրը զարմանալի արագությամբ տարածվում և իրարանցում է առաջացնում  մտերիմների ու ընկերների միջավայրում, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է միլիոնից  մի բան էլ ինքը պոկել: Հերոսը շռայլ է, չի մերժում: Սկսվում է փնտրտուքի շրջանը, որն ուղեկցվում է նրա համար անսպասելի տհաճ իրադարձություններով, ինչն ստիպում է  հրաժարվել  սեփական մտահղացումից: Ո՞ր խելագարը միլիոն կկորցնի: Սակայն  անկանխատեսելի են հիմարության հետևանքները:  Որքան էլ փորձում է ընկերներին ու մտերիմներին համոզել,  որ միլիոնի պատմությունը  խաղ էր և ինքը հրաժարվել է խաղը շարունակել,  միևնույն է,  իրենց գումարները  ստանալու նրանց հետապնդումները շարունակվում են:

Սարգիս Շողունցը դերասանի զգայական փորձառությամբ նոր շունչ տվեց պիեսին և հետաքրքիր ձևով մատուցեց:

Իսկ Արշակ Սեմիրջյանի «Հակաբջիջ» պիեսը, որպես այլաբանություն, խտացված է հերոսի՝ գրականության նախկին ուսուցիչ, այժմ կոշկակար Մլեի մեջ: Շուրջբոլորը բջիջներ են, որոնք երկիրը կրծում են ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից: Մլեն միայնակ դուրս է գալիս պայքարելու արատավոր բարքերի դեմ: Օտարամլության ախտով է տառապում նաև հերոսի որդին, որն ընտանիքով ապրում է այլ երկրում և ամեն բան անում է հորն իր մոտ տանելու համար, իր խոսքերով ասած՝ որպեսզի դուրս բերի այդ ճահճից: Հերոսն անդրդվելի է իր որոշման մեջ, և նրա յուրօրինակ կռվանն այստեղ նրա արհեստանոցի պատին փակցված Տիգրան Մեծի նկարն է, որի հետ անընդհատ բանավիճում է:

Դերասան Հարութ Բեգ-Վանյանը պիեսը մատուցեց յուրատիպ տեմպառիթմով, ինքնատիպ արտահայտչականությամբ:

Ընթերցումների վերջում «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդ դերասաններին և պիեսների հեղինակներին, ինչպես նաև սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանին՝ օժանդակելու համար:

Նշենք, որ փառատոնի փակումը տեղի կունենա մայիսի 21-ին ՀԹԳՄ-ում:

Պատրաստեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Լուսանկարները` հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031