Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում՝ «ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին»

Հունիս 03,2022 23:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, մեկ ամսից ավելի Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպելով ինքնանպատակ և  հանրային որևէ շոշափելի շահ չսպասարկող ագրեսիվ ցույցեր, օրերս շրջանառության մեջ են դրել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական  հարաբերություններին վերաբերող հայտարարության նախագիծ՝ հրապարակավ պնդելով, որ հայտարարությանը չմիացած քաղաքական ուժերը սպասարկում են Հայաստանի թշնամիների շահերը և չեն ներկայացնում հայ հանրությանը։

Ավելին՝ նշյալ քաղաքական ուժերը հայտարարել են, որ հայտարարությանը չմիացած գործող իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և վերջինիս հետ կարող են վարվել, ինչպես ցանկանան։

«Հանուն հանրապետության» կուսակցությունը, կանգնած լինելով Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության անվերապահ պաշտպանության դիրքերում, արձանագրում է հետևյալը։

1.Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, և որևէ քաղաքական ուժ չի կարող հավակնել խոսել ողջ ժողովրդի անունից։ Անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ժողովրդի կողմից ստացել է իր փաստացի հանրային կշռին և վստահությանը համարժեք քվե և, ըստ այդմ, կարող է խոսել միայն իրեն ձայն տված ընտրողների անունից։

2.2018թ․-ի հեղափոխությունը մեկընդմիշտ փակել է ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխության՝ պետական հեղաշրջման ճանապարհը, ինչի հետ պարտավոր են հաշվի նստել հայաստանյան քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը։ Իշխանության հետ ցանկացած հակադրություն պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով և, ի վերջո, հերթական համապետական ընտրություններով։

3.Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շահարկումը ներկայիս փոթորկուն և անորոշ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միջավայրում անխուսափելիորեն թուլացնում է Հայաստանը։ Հետևապես, անկախ ներքաղաքական տարաձայնություններից, բոլոր պետականամետ ուժերը պարտավոր են չհատել երկրի գոյութենական կարմիր գծերը։ Հայաստանի ներքին դիմադրունակության նմանօրինակ ջլատումն անդառնալի վնասներ կհասցնի թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին։ Արցախը կարող է կանգուն լինել միայն ուժեղ և կայուն Հայաստանի գոյությամբ։

4.Անթույլատրելի է հասարակության բևեռացմանն ու պառակտմանը տանող խորհրդարանական ընդդիմության վարքագիծը։

Իշխանությանը և իրենց հետ անհամաձայն քաղաքացիների անվանարկումը, հայհոյախոսությունն ու բռնությունն անհարիր են ժողովրդավարական պետությանը և երկիրը կարող են ընկղմել եղբայրասպան քաոսի մեջ։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ ողբերգական հետևանքներ դա կունենա հայոց պետականության համար։ Նման պարզ ճշմարտություններն անտեսող քաղաքական ուժերը կա՛մ խեղված պատկերացում ունեն պետության ինքնիշխանության և ժողովրդավարության մասին, կա՛մ գործում են Հայաստանի թշնամիների ուղղակի կամ անուղղակի ուղղորդմամբ։

5.Նախընթաց ավելի քան քսան տարիներին ապօրինաբար կուտակված ահռելի կարողության բռնագանձման վերահաս վտանգը փողոցային ակցիաների ստվերային դիրիժորներ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց շրջապատին տանում են պետականաքանդ հակադրության, որը կարող է հանգեցնել հենց իրենց նկատմամբ ժողովրդական դատաստանի, ինչն առայժմ բացառվում է՝ հենց գործող լեգիտիմ և ժողովրդավար իշխանության շնորհիվ։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը վճռականորեն մերժում է քաղաքական պայքարի հակասահմանադրական և ծայրահեղական մեթոդները և մեկ անգամ ևս ընդգծում ժողովրդավարական պետության կերտմանը մասնակից լինելու իր հավատամքն ու պատասխանատվությունը։

Կոչ ենք անում Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ և ազատությամբ մտահոգ բոլոր քաղաքական ուժերին համախմբված ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին և քաղաքակիրթ մրցապայքարով ձևավորել ժողովրդավարական քաղաքական համակարգ՝ զերծ օտարահպատակ և հակաժողովրդավարական ուժերից և գործիչներից։

Մենք ունենք մեկ հայրենիք, որի անկախությունն ու բարեկեցությունը պետք է լինի իրավամբ հայաստանակենտրոն բոլոր քաղաքական միավորների հիմնական առաքելությունը։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Քաղաքական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Նորէն՝ առավոտին. ինչու՞ այս նկարի ակնոցին, որ հիմա հանկարծ “քաղաքակիրթ մրցապայքար կ’ուզէ, հարց չէք տար, թէ քանի մը օր առաջ ինչու՞ կոչ կ’ուղղէր “աղբը ինքներս մաքրել հրապարակից”. կրնա՞ք ձեր լրագրողի գործը ընել խնդրեմ։