Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքականությունը ժամանակավոր է, իսկ Չայկովսկին եւ Խաչատրյանը` հավիտենական արժեքներ». Արմեն Սմբատյան

Հունիս 06,2022 16:12

Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի բացման համերգով, այնուհետեւ կիրականանան մրցույթի հիմնական փուլերը, հունիսի 13-ին այն կեզրափակվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում` մրցանակաբաշխությամբ: Այս անգամ կմրցեն թավջութակահարները: Բացի հիմնական մրցանակներից՝ նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ:

Հայաստանը ներկայացնող ժյուրիի անդամ, ճանաչված թավջութակահար Արամ Թալալյանը թավջութակը բնորոշեց իբրեւ կարեւորագույն գործիք: Նրա խոսքով, քսաներորդ դարում չկա մի կոմպոզիտոր, որը ստեղծագործած չլինի թավջութակի համար: «Առանց թավջութակի ոչ մի փոքր անսամբլ, տրիո կամ լարային քառյակ չի կարող լինել, թավջութակի գործառույթը եւ նշանակությունն ուղղակի անգնահատելի են, բայց այն դժվար գործիք է»,-ասաց պարոն Թալալյանը: Նա հավելեց, որ թավջութակ լավ նվագողներն այսօր քիչ են:

Նրա խոսքով, ցանկացած մրցույթ, անկախ նրանից` մեծ, թե փոքր երկրում է անցկացվում, յուրահատուկ հարթակ է դառնում երիտասարդների համար, որոնք մեծ բեմ դուրս գալու հնարավորություն չունեն ու այդպիսով կարող են իրենց դրսեւորել պրոֆեսիոնալների առաջ:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արմեն Սմբատյանը, ժյուրիի նախագաhը` Էդուարդ Վուլֆսոնը Շվեյցարիայից: Ներկայացուցչական ժյուրիի անդամների թվում են տարբեր երկրների հայտնի երաժիշտներ` Դիմիտրի Յաբլոնսկին, Յին Ջաոն, Oլեգ Սենդեցկին, Քրիստոֆեր Րունինգը, Իշտվան Վարդան, Մարտին Էնգստրոմը:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ պատժամիջոցների տակ հայտնված մրցույթներին, մասնավորապես` Չայկովսկու անվան միջազգային մրցույթին: «Ես լսել եմ տարբեր ասեկոսեներ, որ Միացյալ նահանգներում, Եվրոպայում արգելվում է Չայկովսկի կատարել …Ինձ թվում է` մի քիչ չափազանցված է ամեն բան… Չայկովսկի արգելելը ԱՄՆ-ում անհասկանալի է, որովհետեւ աշխարհի ամենահայտնի դահլիճը` Քարնեգի հոլը ժամանակին անձամբ բացել է Չայկովսկին: Միացյալ Նահանգները, ամերիկացիները հրավիրել են Չայկովսկուն, որ 19-րդ դարի վերջին գա եւ բացի Քարնեգի հոլը: Ամեն դեպքում, իմ կարծիքով կան արժեքներ, որոնք բացարձակապես չի կարելի տանել քաղաքականություն, քաղաքականությունը ժամանակավոր բան է, իսկ Չայկովսկին եւ Արամ Խաչատրյանը հավիտենական արժեքներ են»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Արմեն Սմբատյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930