«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հայտարարագրերը և ներկայացնում ենք, թե տարիների ընթացքում ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ ու պարտավորություններ է ունեցել նա։
2021 թվական
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա վերջում Արմեն Սմբատյանն ունեցել է չորս անշարժ գույք՝ երեք հողամաս և մեկ բնակարան։ Հողամասերից մեկը գտնվել է Եղեգնաձորում, երկուսը՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքում։ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, նա ունեցել է բնակարան, որը 2017 թվականին ստացել է նվիրատվությամբ։
Տրանսպորտային միջոց 2021 թվականին չի հայտարարագրվել։
Կարդացեք նաև
Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 289 եվրո, 29 դոլար և 305 հազար դրամ։ Տարվա վերջին մնացորդները կազմել են 284 եվրո, 105 դոլար և ընդհանուր 1 մլն 50 հազար դրամ։
Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 2200 դոլար, 970 հազար դրամ և 2000 եվրո, իսկ տարեվերջին՝ 2700 դոլար, 1 մլն 370 հազար դրամ և 3300 եվրո։
2021 թվականին Սմբատյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 9 մլն 977 հազար 986 դրամ։ Դրանից 9 մլն 764 հազար 958 դրամը ստացել է ԿԸՀ-ից, իսկ 213 հազար 28 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։
2025 թվական
2025 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել է երկու բնակարան և երեք հողամաս։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ է, մյուսը՝ միանձնյա։ Հողամասերից երկուսը համատեղ սեփականությամբ են, մեկը՝ միանձնյա։
2025 թվականին նա ձեռք է բերել երկու ավտոկայանատեղի՝ համապատասխանաբար 10 մլն և 10 մլն 500 հազար դրամով։ Երկու գործարքների մյուս կողմը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն է։ Տարվա վերջին երկու ավտոկայանատեղիներն էլ մնացել են նրա սեփականության ներքո։
Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։
Սմբատյանի հայտարարագրում առկա է նաև 1997 թվականին ձեռք բերված բաժնետոմս, որի արժեքը տարվա սկզբում կազմել է 290 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ զրո դրամ։
Բանկային ավանդների մասով տարվա սկզբին առկա է եղել 10 հազար դոլար և 4 մլն դրամ, իսկ տարվա վերջին երկու ավանդների մնացորդներն էլ զրոյական են եղել։
Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում համապատասխան մնացորդները կազմել են 22 դոլար, 200 դոլար, 12 հազար 400 դոլար, 2 եվրո, 7 մլն 437 հազար 427 դրամ, 958 դրամ, 87 հազար 168 դրամ, 677 դոլար և 177 հազար դրամ։
Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 1 մլն 300 հազար դրամ, 3500 եվրո և 29 հազար դոլար։ Տարվա վերջին դրանք դարձել են համապատասխանաբար 1 մլն 500 հազար դրամ, 3800 եվրո և 27 հազար դոլար։
2025 թվականի ընթացքում Արմեն Սմբատյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 29 մլն 652 հազար 716 դրամ։ Դրանում ներառված է ԿԸՀ-ից ստացած 13 մլն 84 հազար 951 դրամ աշխատավարձը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած 240 հազար 96 դրամը, եկամտային հարկի վերադարձից ստացած 2 մլն 741 հազար 697 դրամը, 4 մլն 350 հազար դրամ այլ եկամուտը, Duke University-ից 4306 դոլարի նվիրատվությունը, ինչպես նաև 7 մլն 463 հազար դրամ ստացված փոխառություն և IDBank-ից 187 հազար 460 դրամ տոկոսային եկամուտ։
2025 թվականի վերջում նրա վարկային և փոխառության պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 38 մլն 810 հազար դրամ, որից 31 մլն 860 հազարը բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդն է։
Ծախսերի մասով հայտարարագրում նշված է 6000 դոլարի ուսման կամ դասընթացի վարձ, որը հաշվարկվել է 2 մլն 209 հազար 260 դրամ։ Բացի այդ, Սմբատյանը հայտարարագրել է 25 հազար դոլարի այլ միանվագ ծախս՝ 9 մլն 204 հազար 500 դրամ արժեքով։
Արմեն Սմբատյանի կնոջ՝ Սոնա Միրզոյանի անունով հայտարարագրված է «Հին գյուղ» ընկերության 50 տոկոս և «Սոնասոլա» ընկերության 100 տոկոս մասնակցություն։
Այսպիսով, 2021-2025 թվականների հայտարարագրերից երևում է, որ այդ ժամանակահատվածում Արմեն Սմբատյանի գույքային պատկերը զգալիորեն փոխվել է․ 2021 թվականին հայտարարագրված չորս անշարժ գույքին հետագա տարիներին ավելացել են նոր գույքեր, 2023 թվականին ձեռք է բերվել Toyota, 2024 թվականին՝ 54.5 մլն դրամանոց բնակարան, իսկ 2025 թվականին՝ ընդհանուր 20.5 մլն դրամ արժեքով երկու ավտոկայանատեղի։ Միաժամանակ, տարբեր տարիներին էական փոփոխություններ են արձանագրվել նրա եկամուտների, փոխառությունների, վարկային պարտավորությունների և դրամական միջոցների մասով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































