Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից չեմ պատասխանելու հարցին, որովհետև ՌԴ ԱԳՆ-ից անցում կատարեցիք ՌԴ ՊՆ-ին՝ բայց նորից Փառուխ բառը հիշատակելով». Արման Սարգսյանը՝ լրագրողին

Հունիս 10,2022 17:35

«Մի մտահոգվեք՝ նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ, ուղղակի ՊՆ առաջին տեղակալն է լինելու: Ի պաշտոնե ինքը լինելու է երկրորդ անձը ՊՆ-ում»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ մի՞թե նպատակը քաղաքական վերահսկողությունը չէ, Արման Սարգսյանը պատասխանեց. «Որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը զինվորականին պիտի ղեկավարի: Գլխավոր շտաբը ենթակա պետական մարմնի կարգավիճակում է՝ ՊՆ կազմում: Դրանք իրական բարեփոխումներ են: Զինվորականները չեն հանդիսանալու այլևս որպես պատասխանատու մարմիններ գնման գործընթացում: Իրենք պահանջարկը կձևավորեն: Զինվորականները հեռու կլինեն ֆինանսական և գնման գործընթացից»: Հարցին՝ Օնիկ Գասպարյանը մի՞թե կապ չունի այս որոշման հետ, Արման Սարգսյանը պատասխանեց՝ բացարձակ:

Նա լրագրողներին հորդորեց ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից:

Այն լուրերին, թե ՊՆ-ում կրճատումներ են սպասվում, մասնավորապես կրճատվում են Արտակ Դավթյանի կադրերը, Արման Սարգսյանն արձագանքեց. «Երբեք ՊՆ-ում անձնավորված կրճատումներ չեն եղել: Այս պահին օպտիմալացման գործընթացը շարունակվում է: Ուղղակի ռացիոնալ կառավարում է, ուռճացված հաստիքների կրճատում է տեղի ունենում և ունենալու է: Որևէ ազատում քաղաքական մոտիվներով գոյություն չի ունեցել և չի էլ կարող գոյություն ունենալ»:

Սահմանագծման հանձնաժողովի նիստի մասին էլ ասաց, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս՝ Մոսկվայում:

Լրագրողների դիտարկմանը՝ ասում են՝ այնքան վատ է ՀՀ իշխանությունը ներկայացրել իրավիճակը, որ Սերգեյ Լավրովը չգիտի՝ Փառուխը Հայաստանի՞ տարածք է, թե՞ ոչ, Արման Սարգսյանը պատասխանեց. «Նման բան լինել չի կարող: ՀՀ-ն ամեն ինչ ներկայացնում է ի շահ Արցախի, ՀՀ-ի, ի շահ անվտանգության»:

Լրագրողի դիտարկմանը՝ ուրեմն մեր ռազմավարական գործընկե՞րն է իմիջիայլոց վերաբերվում մեր խնդիրներին, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Կցանկանամ՝ այդ հարցով դիմեք այն մարմնին, որն ավելի հստակ տեղեկություն կտա: Ես չեմ ուզում այս նուրբ հարցերով տվյալներ տալ»:

Լրագրողի հակադարձմանը՝ ի՞նչ է նշանակում Փառուխում դեմարկացիա, Արման Սարգսյանը, դիմելով լրագրողին, արձագանքեց՝ ինձ համար էլ շատ զարմանալի է, որ դուք այդքան համառ եք:

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ այդպես էլ կյանքի չկոչվեց ՌԴ ՊՆ-ի այն հայտարարությունը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Փառուխից, նա պատասխանեց. «Նորից չեմ պատասխանելու, որովհետև ՌԴ ԱԳՆ-ից անցում կատարեցիք ՌԴ ՊՆ-ին՝ բայց նորից Փառուխ բառը հիշատակելով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930