Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայկական հոգեբանություն

Հունիս 22,2022 00:10

Այսօր երեկոյան հանդիպեցի իմ սփյուռքահայ բարեկամին։ Սեղանի շուրջ զրուցեցինք հիմնականում Հայաստանում տիրող իրավիճակի, սպասվող ապագայի մասին։ Համեմատություններ արեցինք մեր և այլ ժողովուրդների մտածողությունների միջև՝ հրեաներ, ֆիններ, ռուսներ, արաբներ և այլն։

Ռուսական հոգեբանության մասին խոսելիս՝ ես հիշեցի մի պատմություն։

1983 թվականին էր, մասնագիտական գործուղման էի մեկնել Մոսկվա։ Մի երեկո հրավիրված էի կոլեգայիս, երկրաբան՝ Լենայենց տուն։ Սեղանի շուրջ նստած ընթրում, օղի խմում և զրուցում էինք՝ Լենան, նրա մայրը, հայրը, որը պաշտոնաթող գեներալ էր և ես։ Զրույցի ընթացքում Լենայի հայրը հանկարծ լրջացավ, շրջվեց դեպի ինձ և հարցրեց․

-Ավետիք, մի հարց տամ, միայն խնդրում եմ անկեղծ պատասխանել։

Ասացի․

-Խնդրեմ, լսում եմ։

-Ավետիք, պատկերացրեք, որ փողոցում ականատես եք երկու հոգու կռվի, որոնցից մեկն ազգությամբ հայ է։ Դուք ո՞ւմ կպաշտպանեք։

-Զարմանալի հարց եք տալիս, առաջին հերթին կփորձեմ նրանց բաժանել միմյանցից, խաղաղեցնել։

-Ավետիք, դուք անկեղծ չեք։ Համոզված եմ, որ դուք՝ որպես հայ, կպաշտպանեք հային, իսկ մենք՝ ռուսներս, նման դեպքում կպաշտպանենք ոչ թե ռուսին, այլ արդարությունը։

Լսելով այս պատմությունը, սփյուռքահայ բարեկամս դառը ժպիտով արձագանքեց․

-Նա լավատեսորեն սխալվել է։ Երանի այդպես լիներ, որ հայը հային պաշտպաներ, թիկունք կանգներ, ինչպես շատ այլ ազգեր։ Համոզված եմ, որ հայը ոչ թե հային կպաշտպաներ, այլ իր անձնական շահը․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընկերս վաղուց պատմել էր մի դեպք: Ժամանակը ու տեղը` 1994, մութ-ու-սոված Երևան: Ընկերս ընտանիքով մի երկու տարի արտասահմանում ապրելուց հետո վերադարձել էր Հայսատան: Բավականին գումար էր բերել ու շատ լավացրել իր ապրուստը: Մի օր հյուրընկալում է մոտիկ բարեկամներին: Սեղանի շուրջ խոսակցությունը անսովոր լարված է, մանավանդ երիտասարդ օրիորդն է զարմացնում իր անժպիտ տեսքով: Ընկերս սկսկում է խոսակցություն իրավիճակի մասին: Օրիորդի մայրը, հայրը, սկսում են պատմել թե ինչ դժվարությամբ են հայթայթում ամենատարրական բաները: Այո, նրանք սովոր չէին այս դաժան փոփոխությանը. նախկինում ապրում էին ըստ պահանջի… Ճիշտ հակառակ դրան, ընկերոջս ընտանիքը նախկինում ծայրից ծայր էր անում ու խիստ տնտեսում էր …

    Վերջապես օրիորդը արտահայտվում է.
    -Ես դժգոհ եմ որ Ղարաբաղի պատճառով մենք աղքատացանք, իսկ դուք հարստացաք:
    Քար լռություն տիրեց: Ընկերս հարցրեց որ ամպերը ցրի.
    -Իսկ դու ինչից ես ավելի դժգոհ, որ դուք աղքատացաք, թե մենք հարստացանք:
    Օրիորդն առանց երերալու պատասխանեց.
    -Որ դուք հարստացաք:

    Ընկերս հիշում էր տարիներ թե լռությունը ինչքան խորն էր ու երկար: Ասում էր, որ կրում էր իր հետ այդ պահը ամենուրեք:
    Ես նույնպես շատ տպավորված էի: Մտքիցս դուրս չէր գալիս ու ես որոնել եմ, հիմա էլ որոնում եմ այդ հոգեբանությանը հակառակ նմուշներ իմ շփումներում հայերի հետ: Ես ինքս հայ եմ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930