Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկը նպատակաուղղված աշխատանքներ է տանում տարբեր էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ. Orion Summit 2022-ը կխթանի մեր երկրում այդ համակարգերի զարգացումը. Դավիթ Սարգսյան

Հունիս 22,2022 17:55

Այսօր Երեւանում մեկնարկեց Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որին մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի եւ այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ եւ մասնագետներ:

Միջոցառումը կազմակերպել է ստարտափների աճի եւ փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը:

Կազմակերպիչների ներկայացմամբ, Orion Summit 2022-ի օրակարգում են տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները:

Կարեւորելով հայաստանյան էկոհամակարգերի ստեղծումն ու զարգացումը, Orion Summit 2022-ին՝ որպես Platinium հովանավոր հանդես է գալիս Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ Ամերիաբանկը, որը թվային էկոհամակարգերի ներդրմամբ միակն է Հայաստանում։

Դավիթ Սարգսյան

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը կարեւորեց թվայնացման զարգացումը Հայաստանում եւ բիզնեսներում, որպեսզի այն ավելի խորանա եւ կարողանա հանրության համար ավելի մատչելի լինի. «Ամերիաբանկը միշտ եղել է նորարար տարբեր բնագավառներում եւ կարեւորել է տարբեր նորարար ծրագրերի իրականացումը: Մենք նպատակաուղղված աշխատանքներ ենք տանում տարբեր էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ եւ կարծում ենք, որ այս միջոցառումը կարեւորագույն քայլերից մեկն է, որը կխթանի հանրապետությունում այդ համակարգերի զարգացումը։ Մեր կողմից իրականացվող ծրագրերի հիմքում ընկած է հաճախորդներին մատուցվող էկոհամակարգերի մատչելի ներկայացումը, որը կնպաստի՝ ինչպես համակարգերի ակտիվ աշխատանքին, այնպես էլ՝ ժամանակի եւ ռեսուրսների խնայմանը»:

Orion Worldwide Innovations Armenia ընկերության համահիմնադիր Դիանա Արզումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գագաթնաժողովի նպատակն է ամփոփել իրենց գործունեության երկու տարիները, աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին. «Պանելային քննարկումների ժամանակ կբացահայտենք այն խնդիրները եւ լուծումները, որոնք առաջացել են մեր էկոհամակարգում։ Նպատակ ունենք Հայաստանը ներկայացնել որպես տեխնոլոգիական ուղղվածության երկիր»:

Դիանա Արզումանյան

Դիանա Արզումանյանի խոսքով, գագաթնաժողովում կլինեն 5 պանելային քննարկումներ։ Դրանց ընթացքում կխոսվեն հայկական «միաեղջյուր» (unicorn) ընկերություններից, այնուհետեւ կլինեն քննարկումներ՝ ձեռքբերումներ եւ միաձուլումներ թեմայով։ Կներկայացվեն նաեւ Հայաստանում ամենաարագ աճող 5 ընկերությունները, որոնք «միաեղջյուր» դառնալու հավակնորդ են։

Էմմա Առաքելյան

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը նշեց, որ տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առեւտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին. «Այն կներկայացնի ներդրումային բանկերի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունեցող Մարկ Չենյանը։ Մեր տեսլականն է՝ ապագայում ունենալ տասը «միաեղջյուրներ», որոնք կմեծացնեն երկրի հարստությունը»:

Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը անդրադառնալով հայաստանյան ստարտափ էկոհամակարգերի զարգացման հեռանկարներին, ասաց, որ Ամերիաբանկի գործունեությունն այսօր հիմնված է թվային տեխնոլոգիաների վրա եւ իրենց աճը նույնպես պայմանավորված է այդ գործոններով. «Որպես հովանավոր մասնակցելով նման միջոցառումներին, մենք եւս կարևորում ենք էկոհամակարգերի մոտեցումը, քանի որ մեր կողմից ձեւավորող թվային հարթակները հնարավորություն են տալիս ստարտափերի առաջխաղացմանը, եւ բանկն, ինքնին, դառնում է մի քանի ուղղություններով զարգացող էկոհամակարգ»։

Արտյոմ Շամցյան

Արտյոմ Շամցյանի խոսքով, իրենց գլխավոր նպատակն այն է, որ Ամերիաբանկը, նոր ձեւավորվող ստարտափների համար, բացի ֆինանսական ծառայություններ տրամադրող կառույց լինելուց, հանդես գա նաեւ թվային տեխնոլոգիաների եւ էկոհամակարգերի գործընկեր ու աջակից»։

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին ներկա էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Ռոբերտ Խաչատրյան

«Նման միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաեւ ոլորտի զարգացման եւ կայացման համար առանցքային նշանակություն ունի: Այսօր մեկ հարթակում հանդես կգան տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն արդիական թեմաներ, կկիսվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Սա նաեւ լավ հնարավորություն է մեզ համար՝ արձանագրելու ոլորտի զարգացումները եւ հաջողությունները»,-իր ելույթում ասաց պարոն Խաչատրյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930