Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ իրավաբանական միության պատվիրակությանը

Հունիս 23,2022 17:10

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանական միության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Վարպետյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ կազմակերպության նպատակն է տարբեր միջազգային հարթակներում պաշտպանել հայ ժողովրդի և արցախահայության իրավունքներն ու շահերը, ինչպես նաև հետամուտ լինել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց միության անդամներին տարբեր միջազգային կառույցներում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Արցախի ժողովրդի անվտանգության, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերին՝ դրանց լուծման գործում կարևոր նկատելով միջազգային հանրության աջակցությունը։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930