Լրահոս
Օրվա լրահոսը

Կվարտետային նոր շնչով

Հունիս 27,2022 12:00

«ԿՈՒՍՍ»-ի քառորդ դարյա պատմությունը երբեք չկրկնվելու եւ լսարանի հետ բարձրարվեստ հաղորդակցության եզակի փայլուն օրինակներից է, ինչը թույլ է տալիս անսամբլին դասել ժամանակակից կատարողական արվեստի չափանիշային կվարտետների շարքում։
Հունիսի 17-19-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, պետական դրամաշնորհի շրջանակներում Երեւանում էր բեռլինյան ճանաչված լարային կվարտետը (Յանա Կուսս – առաջին ջութակ, Օլիվեր Ուիլլե – երկրորդ ջութակ, Ուիլիամ Քոլման – ալտ եւ Միքայել Հախնազարյանը – թավջութակ)։ Անսամբլը ներկայացավ ոչ միայն համերգային բացառիկ ծրագրով, այլ նաեւ կրթամշակութային հատուկ նախագծով, որի նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան էր։ Վերջին շրջանում այս կառույցը ղեկավարում են երիտասարդ երաժիշտներ ու հմուտ կազմակերպիչներ՝ Արտյոմ Նաղդյանը, Արմեն Մանասյանը, ինչպես նաեւ գործուն մասնակցությամբ գերմանաբնակ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը՝ իրենց հետ բերելով նոր ու ակնառու մշակութային հետեւողական ռազմավարություն։ Այս նոր էներգիայով ծառայող երիտասարդները ամենատարբեր նախագծերին տալիս են անշեղ հեռանկարներ՝ ընդգրկելով մայրաքաղաքի ու մարզերի հարթակները, նրանց շնորհիվ Առնո Բաբաջանյան դահլիճին վերադարձվել է բարձրաճաշակ համերգներ իրականացնելու բեմական հնարավորությունը, նոր ու ճանաչելի ձեռագիր են ստացել ազդագրերը, առանձին դեպքերում կիրառելի են համերգասրահի տարբեր հարթակները (դահլիճ, երկրորդ հարկի նախասրահ, ներքնահարկ), որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նույնիսկ միաժամանակյա հանդիպումներ, համերգներ։

Հունիսի 17-ը ճանաչողական հանդիպման օրն էր եւ «ԿՈՒՍՍ» կվարտետի ջութակահար Օլիվեր Ուիլլեի մասնակցությամբ կայացավ երաժշտության շուրջ քննարկում, որի առանցքը հաջորդ՝ համերգային օրվա ծրագրում ներգրաված Դյորդ Կուրտագի կվարտետի մասին վերլուծությունն էր, իսկ լսարանի հարցերն առիթ դարձան խոսել գերմանական կվարտետային երաժշտության պատմության ընթացքի մասին։

«ԿՈՒՍՍ» կվարտետի բոլոր ծրագրերին բնորոշ է կոնցեպտուալ մոտեցումը։ Այդպիսին էր նաեւ հունիսի 18-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած ելույթը։ Յոզեֆ Հայդնի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի, Լյուդվիգ վան Բեթհովենի կվարտետներն ու դրվագները միավորվել էին «Ճգնաժամ» խորագրի շուրջ, որը հեղինակների նշված հոգեվիճակում գրված գործերի համադրում էր հետքովիդային ու աշխարհաքաղաքական լարված մեր իրականության հետ։

Հունիսի 19-ը «ԿՈՒՍՍ»-ի չորս անդամները կոնսերվատորիայում եւ Առնո Բաբաջանյան համերգասրահում միաժամանակ անցկացրին վարպետության դասեր՝ աշխատելով Լարային կվարտետի ամբիոնի ուսանողների եւ «Երեւան» լարային կվարտետի հետ։ Մասնակից երաժիշտները հանդիպումից հետո առանձնացրին մի քանի, իրենց համար բացահայտում դարձած դիտարկումներ, այսպես «Երեւան» լարային կվարտետի անդամ Հայկ Տեր-Հովհաննիսյանը նկատել էր, որ առաջին անգամ հնարավրություն ունեցան աշխատել հենց անսամբլիստ ու կվարտետային երաժշտության բազմափորձ երաժշտի հետ, ով մասնագիտական շատ գործնական բացահայտումներ էր փոխանցում, որ, օրինակ, կարեւոր է հանդիսատեսի հետ կապը եւ «ԿՈՒՍՍ» կվարտետը նման կերպ է մեկնաբանում հատկապես ժամանակակից կոմպոզիտորների գործերը, իսկ ասելիքի առիթը վարպետության դասին ներկայացրած Լեւոն Չաուշյանի Յոթերորդ կվարտետն էր։ Էդվարդ Գրիգի կվարտետի դեպքում ուսանելի էր այն, որ անսամբլում պարտադիր է բոլոր նվագամասերի, այսինքն՝ պարտիտուրի իմացությունը։ Պետք է մտածել ավելի մեծ ընդգրկմամբ եւ միշտ փորձել ստեղծագործություններն ամբողջությամբ նվագել։ Կարեւոր է ունկնդրին հասանելի դարձնել թեմայի հնչողությունը։

Գրեթե միաժամանակ՝ Ակուստիկ լաբորատորիայում ջութակահար Օլիվեր Ուիլլեի վարպետության դասին ներկայացված էր Լյուդվիգ վան Բեթհովենի Լարային թիվ 1 կվարտետը։ Այս հանդիպմանը մասնակից թավջութակահար Հենրի Երկանյանը խոստովանեց, որ օնլայն հարթակում ակտիվ լինելով, ինքը զգում էր Եվրոպայում կվարտետի հետ աշխատելու բոլորովին այլ մոտեցում, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել անձամբ առնչվել։ Այս դասից հետո նա համոզվեց դրանում եւ ինչքան կարեւոր է պատրաստ լինել ջանք թափել՝ պարզ բանը հասկանալու համար։ Թվում է՝ դա քիչ է, բայց ավելին է իր՝ ուսանողի դեպքում։

Երիտասարդների խանդավառությունն ավելի մեծ էր, երբ Ա .Բաբաջանյան համերգասրահում վարպետության դաս վարող ալտահար Ուիլյամ Քոլեմանը նրանց էր միացել իր գործիքով եւ ցույց էր տալիս, թե ինչպես կվարտետում նվագել սիմֆոնիկ մտածողությամբ, ինչքան առաջնային է կողքինի շարժումը զգալու հմտությունը։ Մեկ այլ մասնակից՝ Սառա Արզումանյանին տպավորել էր հայտնագործություն անելու խրատը, որ գործի գաղափարը հասկանալու համար միշտ պետք է հնչեցնել տեմպի մեջ, այլ ոչ՝ դանդաղ, չափավոր։ Մի քանի ժամում սովորեցին այլ տեսանկյունից մոտենալ ու հասկանալ երաժշտությունը, իսկ այդ խորհուրդները կիրառելուց հետո ստեղծագործությունը միանգամից հնչեց լրիվ այլ կերպ ու դիպուկ։ Նրանք խոստովանեցին, որ պրոֆեսիոնալ մոտեցմամբ ունեցան արդյունավետ ու հետաքրքիր, անգամ՝ առաջին անգամ կվարտետի մասին խորը դաս, այլ ոչ՝ քննությանը պատրաստվելու աշխատանք։
Ուսանողները վարպետության դասին ներկա գտնվող ռեկտորին խնդրեցին, որ կվարտետի հետ ավելի տեւական համագործակցության հնարավորություն ունենան։ Ուսանողները վստահ են, որ նման վարպետության դասերը կրկնվելու դեպքում ԵՊԿ Կվարտետի ամբիոնի համար լուրջ արթնացման առիթ կարող են դառնալ։ Վստահ ենք, որ այս կարգի կվարտետի Հայաստան հրավիրելու պետական առաջնահերթությունը կարեւոր է։

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
երաժշտագետ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930