Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին մեր 19 աշակերտներ 3 երկրի մրցույթներում երկրորդ փուլ են անցել»

Հունիս 30,2022 13:00

Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցում

Կապանի մանկական գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1972թ.: Արդեն մի քանի տասնամյակ է՝ կրթօջախը առիթներ է ունենում շնորհալի շրջանավարտների ու սաների հաջողություններով հպարտանալու: «Առավոտի» հետ զրույցում տնօրեն Ստեփան Դավթյանը տեղեկացրեց, որ 1979 թվականից ղեկավարում է Կապանի մանկական գեղարվեստի դպրոցը: Նրա խոսքով, դպրոցի հնարավորությունները մեծ չեն, 50-60 աշակերտ են ունենում` պայմանավորված տարածքով: Մասնագիտական դպրոց է, Կապանի 13 դպրոցներից, ներառյալ ծայրամասերը, շնորհալի երեխաներ են հաճախում իրենց արվեստի դպրոց: Ընդունելությունը կատարվում է հուլիս ամսին: Դպրոցում անցնում են մասնագիտական 6 առարկա` քանդակ, դեկորատիվ արվեստ, հաստոցային կոմպոզիցիա, արվեստի պատմություն, գունանկար, գծանկար: «Մեր դպրոցը մասնակցել է 30-ից ավելի միջազգային մրցույթների, այս պահին մեր 19 աշակերտներ 3 երկրի մրցույթներում երկրորդ փուլ են անցել` Եգիպտոսում, Բելառուսում, Չեխիայում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ստեփան Դավթյանը տեղեկացրեց, որ դպրոցը հիմնովին վերանորոգվել է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ, դպրոցի սաների որակյալ ուսումն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Անցյալ տարի Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը եւ «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը ներկա են գտնվել բացման արարողությանը: «Ուրախալի է, որ մեր դպրոցը վերջապես նորմալ տեսք ստացավ, ջեռուցում ունենք, իսկ նախկինում 27 տարի մենք փայտ էինք վառում, ծուխը ներս էր լցվում, ստիպված պատուհաններն էինք բաց թողնում»,-ասաց տնօրենը:

Ստեփան Դավթյանի «Մտորում» քանդակը

Ստեփան Դավթյանը հայտնեց, որ մշտապես ցուցահանդեսների են մասնակցում եւ այժմ դպրոցի միջանցքով անցնելիս կարելի է տեսնել սաների շուրջ 70 դիպլոմները: Վերջին հաջողությունները գրանցվել են 2020, 2021թթ.: Մասնավորապես 2020թ. գեղարվեստի դպրոցի 6 սաների աշխատանքները մասնակցել են Լեհաստանի Տորուն քաղաքի 22-րդ միջազգային մանկական նկարների ցուցահանդեսին, իսկ 2021-ին Լիդիցեում (Չեխիա) իրենց 8 սաների աշխատանքները մասնակցել են տեղի մրցույթ-փառատոնին:

Ստեփան Դավթյանից տեղեկացանք, որ Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի շրջանավարտները`18 նկարիչ, ճարտարապետ, դեկորատիվ արվեստի մասնագետներ, Հայաստանի նկարիչների միության անդամներ են, Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներ, ոմանք էլ ճանաչում են ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունում, ՄՄՆ-ում, Իսպանիայում եւ այլ երկրներում:

Հավելենք, որ Ստեփան Դավթյանը եւս հաջողված աշխատանքներ ունի, դրանցից մեկն, օրինակ, հայտնի «Մտորում» քանդակն է: Այն 1990թ. տեղադրված է Կապանի Լեռնաձոր հյուրանոցի տարածքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930