Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաների վերակազմակերպում, վերազինում ու վերակառուցում. Երևանի քաղաքապետարանի մեծածավալ բարեփոխումներն առողջապահության ոլորտում

Հուլիս 01,2022 19:15

Առողջապահության ոլորտում Երևանի քաղաքապետարանն այս տարի նախաձեռնեց մի շարք համակարգային փոփոխություններ: Մայիսին ավագանու որոշմամբ համայնքային 7 պոլիկլինիկա վերակազմակերպվեց: Նպատակը՝ ծառայությունների որակի բարձրացումն է, նոր ծառայությունների ներդրումն ու ֆինանսական առողջացումը:

Բնակիչներին ամենից շատ հուզող հարցը՝ ո˚ւր են իրենք դիմելու, մնալո˚ւ են, արդյոք, ծառայությունները նույն շենքում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես»-ում հրավիրված ասուլիսին, խոսելով բարեփոխումների մասին, շտապեց ընդգծել. «Սարի թաղի, Նուբարաշենի, Նորագավիթի, Նորք-Մարաշի պոլիկլինիկաներն իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են, և ծառայության տեղափոխում չի քննարկվում: Ավելին, այս տարի Նորք-Մարաշ վարչական շրջանի պոլիկլինիկայում, որը միացավ 4-րդ պոլիկլինիկային, կսկսենք հիմնանորոգման աշխատանքները, հետագայում նաև ամբողջությամբ կվերազինվի: Այսինքն, բնակիչները, որտեղ որ սովոր են, նույն տեղն էլ այցելելու են: Թիվ 1 և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկաների առումով, հաշվի առնելով շենքային պայմանները, կա քննարկում՝ ծառայությունը մեկ այլ վայր տեղափոխելու համար: Բայց դա որոշում կդառնա այն դեպքում, եթե մենք թե՛ գործող պոլիկլինիկայի սպասարկած բնակչությանը, թե՛ բուժանձնակազմին ավելի լավ պայմաններ առաջարկենք մեկ այլ տեղում»:

Միավորման հետևանքով բուժաշխատողների կրճատում չի լինի: Քաղաքապետարանը մտադիր է առողջապահության նախարարության հետ քննարկել բուժաշխատողների աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությունը:

Անդրադառնալով ընդհանուր կադրային քաղաքականությանն ու նաև վերջերս Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենի ազատմանը՝ Գևորգ Սիմոնյանը նշեց. «Կարծում ենք, որ նույն մարդը նույն տեղում պետք է երկար չկառավարի, որովհետև դա բերում է մի շարք օբյեկտիվ բացասական հետևանքների: Այդ իսկ պատճառով պոլիկլինիկայի տնօրենին առաջարկվել է մեկ այլ աշխատանք, ինչից նա հրաժարվել է»:

Քաղաքացիներին հետաքրքրում է նաև պոլիկլինիկաների փակվող շենքերի հետագա կարգավիճակը. փոխքաղաքապետը հավաստիացնում է՝ ցանկացած լուծում հանրայնացվելու է, քննարկվելու, ծածուկ ոչինչն չի արվելու:

«Շենքերի «ճակատագիրը» գտնվում է ավագանու լիազորությունների շրջանակում: Եթե դրանց շուրջ ծավալվի որևէ քննարկում, ապա ցանկացած որոշում հաստատվելու է ավագանու որոշմամբ: Մտավախությունը, թե ծածկում կամ ստվերային գործարք կարող է լինել, ես բացառում եմ»,- նշեց Գևորգ Սիմոնյանը:

Մյուս պոլիկլինիկաների առումով՝ փոխքաղաքապետը նշում է. մեկ-երկու խոշորացում հնարավոր է, բայց որոշումը դեռ վերջնական չէ:

Ոլորտում բարեփոխումները քաղաքացիների համար պետք է նկատելի լինեն առաջին հերթին շենքային պայմաններից: Ամբողջությամբ կհիմնանորոգվեն Ավանի և Նորք-Մարաշի պոլիկլինիկաները: Հաջորդ տարի կվերակառուցվի ևս 5-ը: Մյուս կարևոր խնդիրը խորհրդային շրջանից ժառանգություն մնացած սարքավորումներն են: Մինչև տարեվերջ կփոխարինվեն բոլոր չափիչ սարքերը՝ կշեռքներ, ջերմաչափեր:
«Այս տարի Երևանի քաղաքապետարանը 230 մլն դրամ է նախատեսել բուժսարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու համար: Մինչև տարեվերջ պոլիկլինիկաների համար ձեռք կբերվի 8 նոր՝ թվային ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտության 8 սարքավորում, ինչի շնորհիվ մենք այլևս չենք ունենա մեր առաջնային օղակում խորհրդային շրջանից ժառանգած սարքեր: Այդպիսով՝ ամբողջությամբ ժամանակակից ախտորոշման պայմաններ կստեղծվեն»,-հավաստիացրեց փոխքաղաքապետը:

Պոլիկլինիկաներում հերթերը նվազեցնելու համար սկսվել է բժշկական քարտերի և մատյանների թվայնացման գործընթացը: Պոլիկլինիկաները պատրաստ են արդեն նաև հուլիսի 1-ից սահմանված կարգով ուժի մեջ մտած անկանխիկ գործարքներով սպասարկմանը:

«Կարող ենք փաստել, որ այս ծավալի կապիտալ ներդրումներ քաղաքի առողջապահության համակարգում չի եղել: Մեր ռազմավարության վերջնանպատակն է՝ քաղաքացիների շրջանում վերականգնել հավատը Երևանի պոլիկլինիկաների հանդեպ: Որովհետև վերջին տարիներին, մասնավոր կենտրոնների բացմանը զուգընթաց, քաղաքացիների արտահոսք կա, ինչը օբյեկտիվ է»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը:
Ամբողջությամբ վերակառուցված, վերազինված՝ բարեփոխումներից հետո պոլիկլինիկաները ոչ միայն կթեթևացնեն խոշոր բուժկենտրոնների բեռը, այլև կդառնան մրցունակ: Քաղաքապետարանը մտադիր է հետագայում բրենդավորել պոլիկլինիկաները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031