Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ հասարակությունն իր մեծամասնությամբ ունակ չէ պաշտպանվելու, հարձակվելու, պլանավորելու, կանխատեսելու, բանակցելու․ «Ազգ»

Հուլիս 02,2022 09:50

«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը

– Հայաստանը հերթական անգամ «շոկ» է ապրում, այս անգամ նոյեմբերիննյան հայտարարության կետերից մեկը՝ 6-րդն է կյանքի կոչվում, բայց հասարակական ու քաղաքական դաշտը, չգիտես ինչու, միայն հիմա է արթնացել ու դժգոհում, թե կորցնում ենք Բերձորն ու Լաչինը։ Դժգոհությունն էլ սոսկ սոցցանցային տիրույթում է։ Տպավորություն է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հասարակությունը բողոքների դասի է վերածվել։ Ինչպե՞ս թոթափել մեզ պատուհասած բամբասկոտ կնոջ այս սինդրոմն ու մտածել իրապես ու գործուն քայլեր ձեռնարկելու մասին։

– Մեր հասարակությունը միատարր չէ. մեզանում մշտապես եղել են ե՛ւ հայրենասեր, ե՛ւ կեղծ հայրենասեր, ե՛ւ անհայրենիք հայեր, ովքեր ներկայումս, ցավոք, հավասար ձայնի եւ խոսքի իրավունք են ստացել։ Ավելին, հենց կեղծ հայրենասեր եւ անհայրենիք խմբերն են, ովքեր հակված են պոպուլիզմի՝ հաղորդակցական գերակտիվության։ Կեղծ հայրենասերների խոսքային գերակտիվությունն ու ինքնացուցադրումը այդպիսի մարդկանց ինքնահաստատման գրեթե միակ միջոցն է, իսկ անհայրենիք մարդիկ այսօր գովում են Հայաստանը, վաղը՝ Թուրքիան, մյուս օրը՝ Ադրբեջանը, եւ այլն։

Խնդիրն այն է, որ մեզանում հայրենասիրության իրական, փաստացի եւ ապացուցելի կենսակերպը եւ գործունեությունը չէ, որ իշխանության է բերում, այլ այլոց հանդեպ ինքնահաստատման կարողությունը՝ կեղծ հեղինակությունը, եւ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվելը, ժողովրդական լեզվով ասած՝ «կրուտիտը», կամ արագ եւ առանց սկզբունքների կողմնորոշվելու կարողությունը։ Հայկական «կրուտիտը», թափառաշրջությունը (բացի սեփական երկրից եւ տնից՝ մնացած ամեն տեղ սիրելը), կեղծ հեղինակություն դառնալն ու նման կեղծ հեղինակություններով շրջապատվելը, հայ իրականության մեջ ստացել են ամենաբարձր՝ ինստիտուցիոնալ բնույթ, այսինքն՝ մեծամասնական են, եղանակ են թելադրում, պաշտոնականացվել են։

Վաղուց նորմալ է դարձել պետական բյուջեի հաշվին էլիտար կենսակերպով ապրելը, անձնական նպատակով շրջագայելը, իսկ ՔԾԲ ինստիտուտն ամենագործունն է Հայաստանում։ Հայկական բուհական համակարգը, անգամ եթե լիներ աշխարհի լավագույն համալսարանների մակարդակին, մեր երիտասարդներին եւ լավագույն կադրերին հայաստանյան աշխատաշուկայում չէր ապահովի առաջխաղացմամբ այնպես, ինչպես դա շարունակում է անել քավոր-ծանոթ-բարեկամ սկզբունքը։ Որպես հետեւանք` հայ մասնագետները Հայաստանում չէ, որ ինքնահաստատվում են, մինչդեռ Հայաստանում ինքնահաստատվում են նրանք, ում այլ պետություններում աշխատատեղին անգամ մոտ չէին թողնի։

Մեր հասարակության սեփական հիվանդություններին այսօր գումարվել է նաեւ սպառողականությունը. ավելի հակված ենք սպասարկվելու, քան՝ ինքնուրույն ստեղծելու, ուտելու, քան՝ պատրաստելու, օգտվելու, քան՝ օգուտ տալու։ Այս իմաստով սեփական անվտանգության ապահովումը հակված ենք եղել բարդելու այլոց վրա։ Թող մեզ բոլորը սիրեն, կերակրեն, պաշտպանեն, տեղափոխեն, սպասակրեն, իսկ մեր գործն է՝ բոլորին հիշեցնել, թե ով է առաջին քրիստոնյա ազգը, ով է ծովից ծով եղել եւ ում են բոլորը պարտական գունավոր հեռուստացույցի համար։ Այո, սա հիվանդություն է, իսկ հիվանդ հասարակությունն իր մեծամասնությամբ (խոսքը բոլորի մասին չէ) ունակ չէ պաշտպանվելու, հարձակվելու, պլանավորելու, կանխատեսելու, բանակցելու, եւ այլն։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Իսկ ո՞վ է ասել, որ միշտ չէ, որ այդպես էր։ Նայենք մեր պատմական քարտեզներին, հայերով բնակեցված տարածքների սեղմվելու մեր պատմությանը։ Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան, այժմ նաեւ՝ Արցախ։ Իսկ միայն մյուսներին մեղադրելը թուլության, խորամանկելու, սեփական սխալները չընդունելու նշան է։ Խոնարհաբար ներողություն եմ ուզում խնդրել մեր լավագույն հայերից՝ ողջ եւ նահատակված. ներեք, որ մեր մեջի վատն է պարբերաբար հաղթում, եւ որ ձեր հաղթանակներով հանդերձ՝ բոլորս պարտվում եք։

– 30 տարի հասարակության գրեթե 100 տոկոս պայքարել է, ծանոթ է մեջ գցել, արել է հնարավորն ու անհնարինը, որպեսզի իր զավակը հանկարծուհանկարծ Արցախի Հանրապետությունում չանցնի ժամկետային ծառայությունը։ Հիմա բոլորն աղիողորմ լացում են, թե «մաս-մաս հանձնում են Արցախը» եւ այլն, եւ այլն։ Ինչպե՞ս ազատվել զարհուրելի այդ երեսպաշտությունից։

– Չգիտեմ, սակայն ինքս Հայաստանում կարգուկանոն ստեղծելը կսկսեի հետեւյալից. կհանեի օդանավակայանների եւ ՀՀ ցամաքային սահմանների անցակետերի տեղեկատվությունն առ այն, թե ովքեր են Հայաստանից շտապ մեկնել 2020թ. պատերազմի 44 օրերի ընթացքում, եւ ովքեր են այդ օրերին արտերկրից Հայաստան վերադարձել։ Վերադարձածներին կառաջարկեի զբաղեցնել պաշտոններ ՀՀ կառավարությունում, իսկ մեկնածներին կզրկեի Հայաստանում պաշտոն ստանձնելու, սեփականություն ձեռք բերելու իրավունքներից եւ արտոնություններից։

 

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031