Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները». արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով ԳԱԱ-ում

Հուլիս 05,2022 17:42

Ս. թ. հուլիսի 4-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «ԾՈՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ. ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» (“GULF ARAB COUNTRIES AND THE ARMENIAN COMMUNITIES: CURRENT TRENDS AND ISSUES”) թեմայով:

Ինչո՞ւ հատկապես Ծոցի արաբական երկրները:

1.2011 թ. -ից արաբական աշխարհում տեղի ունեցող կերպափոխման գործընթացների արդյունքում, որոնք ստացել են նաև «արաբական գարուն» անվանումը, ավանդական արաբական որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Սիրիան, Իրաքը, մասամբ նաև Եգիպտոսը և այլն, ստիպված եղան կենտրոնանալ իրենց ներքին քաղաքական զարգացումների վրա, որի արդյունքում Մերձավոր Արևելքում տեղի ունեցավ ուժերի հարաբերակցության փոփոխություն: Տարածաշրջանային զարգացումներում առավել ակտիվ դերակատարում ստանձնեցին Ծոցի արաբական պետությունները:

2.Ծոցի արաբական տարբեր երկրներում մենք ունենք բավական ակտիվ և կենսունակ համայնքներ, որոնցում առկա իրողությունների, հիմնախնդիրների և տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված հնարավոր մարտահրավերների վերլուծությունն ու քննարկումը շատ կարևոր են ինչպես Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի, այնպես էլ Ծոցի տարածաշրջանի հայ համայնքների բնականոն զարգացման տեսանկյունից:

3.Վերջին տարիներին Ծոցի մի շարք արաբական երկրներ՝ ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, ՀՀ տարբեր պետական պաշտոնյաների այցելությունն ու այդ երկրների հետ մի շարք ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, նորարարական տեխնոլոգիաներ և այլն Հայաստանի համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, կարիք ունի առավել թիրախային քննարկման ու առաջիկա տարիների համար համագործակցության տեսլականի (vision) մշակման:

Գիտաժողովը նպատակ ուներ դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy) քննարկել արդի փուլում միջազգային և տարածաշրջանային զարգացումների առանցքում Ծոցի արաբական երկրների դերակատարումը, Հայաստան-Ծոցի արաբական երկրներ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այդ երկրներում հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Գիտաժողովին մասնակցեցին մի շարք դիվանագետներ՝ ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան, Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դր.  Արշակ Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս պր. Արշակ Մանուկյանը, ՀՀ-ում և Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պր.  Բահա Դեսուկին, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d’affaires) դր.  Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դր.  Սուհեյլան Մ.  Խալիլ Ալ-Ջուբուրին, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դր.  Նորա Արիսյանը և այլոք, ինչպես նաև ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, որը մեծապես կարևորեց նման գիտաժողովի անցկացումն ու շեշտեց Արևելագիտության ինստիտուտի դերակատարում ՀՀ-ում հավատարմագրված արաբական տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ գիտակրթական կապերի սերտացման, համագործակցության ընդլայնման և արդիական տարբեր թեմաներով քննարկումների համատեղ հարթակ ձևավորելու գործում:

Գիտաժողովի հյուրերին և մասնակիցներին ողջունեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պր.  Ռոբերտ Ղազարյանը: Նա ևս շեշտադրեց ինստիտուտի հարկի տակ նման խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումներն ու միտումները:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պր.  Ռուբեն Մելքոնյանը ևս կարևորեց նման գիտաժողովի անցկացումը, հատուկ շեշտադրեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի համագործակցության կարևորությունն ակադեմիական, գիտական և կրթական ոլորտներում, ընդգծեց Ծոցի արաբական երկրներում տարբեր տարիներին աշխատած մեր դիվանագետների դերը երկկողմ հարաբերությունների սերտացման և ակտիվացման գործում:

ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան, Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դր.  Արշակ Փոլադյանն իր ելույթում ողջունեց գիտաժողովի անցկացումը, խոսեցի ՀՀ-ԱՄԷ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դրանց զարգացման օրինաչափություններից, ներկայացրեց ԱՄԷ հայ համայնքի գործունեությունն ու փոխգործակցությունը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան հետ:

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս պր. Արշակ Մանուկյանն իր ելույթում խոսեց արդի փուլում Մերձավոր Արևելքի հայ համայնքների ու դրանցում առկա հիմնախնդիրների ուսումնասիրման կարևորության մասին: Համառոտ ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետություն-Իրաքյան Քուրդիստան հարաբերությունների սերտացման հնարավորություններն ու Իրաքյան Քուրդիստանի տարածքում հայերի և քրդերի միջև շփումներն ու համակեցությունը:

Զեկուցումներով հանդես եկան առաջատար հետազոտողներ Ծոցի արաբական երկրներից (ԱՄԷ, Քուվեյթ, Կատար), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դր. Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին իր «Հանդուրժողականությունը և համակեցությունն ԱՄԷ էթնիկ փոքրամասնությունների միջև» զեկուցման շրջանակում խոսեց այդ երկրում էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի նկատմամբ վարվող պետական քաղաքականության, փոխգործակցության և համակեցության մասին:

Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչյան ընկերության ղեկավար դր. Հրայր Ջեբեջյանն իր «Քրիստոնեական ներկայությունը Ծոցի արաբական երկրներում. պատմական զարգացումներ, առաքելություն և մարտահրավերներ» զեկուցման ընթացքում ներկայացրեց քրիստոնեական ներկայությունն այս տարածաշրջանում՝ վաղ շրջանից մինչև մեր օրերը: Ընդգծվեց իսլամի ներթափանցումից հետո առկա առանձնահատկությունները, ապա պորտուգալական և անգլիական գաղութային շրջանների յուրահատկությունները, Ամերիկյան միսիոներական կազմակերպությունների ծառայությունները՝ 1894 թ. -ից սկսած: Քննարկեց նաև արդի փուլում Ծոցի երկրներում առկա կրոնական հանդուրժողականությունն ու համակեցությունը՝ անդրադարձ կատարելով նաև հայ համայնքներին:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ պ. գ. թ. , դոցենտ Լիլիթ Հարությունյանն իր «Քուվեյթի հայ համայնքը. արդի միտումներ և մարտահրավերներ» զեկուցման առանցքում քննարկեց Քուվեյթի հայ համայնքի կազմավորման առանձնահատկությունները, համայնքի զարգացման հիմնական միտումներն ու առկա խնդիրները: Ներկայացրեց համայնքի հոգևոր, կրթական և աշխարհիկ հիմնական կառույցները, հատուկ շեշտադրեց Հայաստան-Քուվեյթ հարաբերությունների զարգացման յուրահատկություններն ու հնարավոր ուղղությունները: Խոսեց նաև այն մարտահրավերների մասին, որոնք պայմանավորված են Մերձավոր Արևելքում՝ ներառյալ նաև Ծոցի տարածաշրջանը, 2011 թ. -ից ընթացող փոխակերպումների մասին, որոնք իրենց բացասական ազդեցություններն են ունենում տարածաշրջանի հայ համայնքների վրա:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ պ. գ. թ. , դոցենտ Արաքս Փաշայանի «Ինքնության կերպափոխումները Ծոցի տարածաշրջանի հայ համայնքներում (արդի շրջան)» զեկուցումը նվիրված էր Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և այլ շրջաններում վերջին տասնամյակներում ներքին գաղթի արդյունքում ձևավորված հայ համայնքներում ընթացող հայապահպանությանն ուղղված ջանքերին։ Դրանք թեև աղերսներ ունեն Մերձավոր Արևելքի ավանդական սփյուռքի հետ, սակայն Ծոցի տարածաշրջանում սփյուռքացումն ընթանում է որոշակիորեն այլ ճանապարհով՝ իր վրա կրելով ներքին և արտաքին՝ աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը։ Մասնավորապես՝ 2003 թ․ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք, «արաբական գարնան» դեպքերը, Մերձավոր Արևելքի ազգային անվտանգության համակարգի փլուզումը, մեծ պետությունների մրցակցությունը տարածաշրջանում, գլոբալիզացիայի արդի տեմպերը մեծ ազդեցություն ունեցան Ծոցի տարածաշրջանում հայկական ինքնության կերպափոխումների վրա։ Հայկական սփյուռքում վերջին տասնամյակներում հայապահպանությանն ուղղված դժվարություններին զուգահեռ որոշակի մեծացավ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը շահեկան է հայապահպանության տեսանկյունից: Արդի աշխարհում բազմակի ինքնությունների մեջ հայկական ինքնությունը շարունակում է մնալ տիրապետող Ծոցի հայ համայնքների անդամների և հայկական ծագում ունեցող մարդկանց մեծ մասի շրջանում։ Փաստ է, որ հայկական ինքնության զարթոնքն ուղիղ կապ ունի Հայաստանի գրավչության հետ։

ԱՄԷ Azad-Hye հայկական կայքը ներկայացնող Հրաչ Քալսահակյանը «ԱՄԷ հայ համայնքը. ներկա և հեռանկարներ» զեկուցման առանցքում խոսեց այդ համայնքի կազմավորման, զարգացման արդի միտումների և առկա հիմնախնդիրների մասին: Շեշտադրեց համայնքի ներսում առկա իրողությունները, աշխարհիկ և հոգևոր կառույցների գործունեությունը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ պ. գ. թ. , դոցենտ Լևոն Հովսեփյանն իր «Թուրքիան և Ծոցի տարածաշրջանային անվտանգության կարգը․ Անկարայի ռազմական ակտիվ ներթափանցումը Ծոցի տարածաշրջանային անվտանգության ենթահամալիր» զեկուցման ընթացքում խոսեց «Արաբական գարնան» գործընթացներից հետո Մերձավոր Արևելքում և մասնավորապես Ծոցի տարածաշրջանում ուժային բևեռայնության ու տարածաշրջանային անվտանգության կարգում ընթացող զարգացումների և նոր միտումների մասին։ Ծոցի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն ու այդ ենթատարածաշրջան ակնառու և աննախադեպ ներթափանցումը քննարկեց տարածաշրջանային անվտանգության համալիրների տեսության ու տարածաշրջանային անվտանգության կարգի վերլուծական շրջանակում՝ վերհանելով այդ ենթահամալիրում բևեռայնության ձևավորման մեջ Թուրքիայի դերակատարությունը, ռազմաքաղաքական ներթափանցումը։

Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող պ. գ. թ. , դոցենտ Գոռ Գևորգյանը «Եգիպտոս-Սաուդիան Արաբիա հարաբերությունների առանձնահատկությունները կերպափոխվող Մերձավոր Արևելքում» զեկուցման շրջանակում ներկայացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման միտումներն ու փոխակերպումներն արդի փուլում, դրանք պայմանավորող դրդապատճառներն ու հետևանքները՝ տարածաշրջանային զարգացումների առանցքում:

Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար գիտաշխատող պ. գ. թ. Աղավնի Հարությունյանը «ՉԺՀ-ԾԽՀ». համագործակցություն «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում» զեկուցման շրջանակներում խոսեց Չինաստանի համար Ծոցի տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական կարևորության մասին: Շեշտադրեց, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Չինաստանի շահերն արտացոլող և ՄԳՄՃ ծրագրերը համակարգող հիմնարար պաշտոնական փաստաթղթում` «Սպիտակ գրքում» կամ «1+2+3» համագործակցության ձևաչափում ներգրավված են նաև ԾՀԽ երկրները: Նշեց նաև, որ վերոնշյալ ձևաչափով նախատեսված «արդյունաբերական պարկ. կապող նավահանգիստներ, երկանիվ և երկթև մոտեցումը» ԾՀԽ երկրների առանցքային նավահանգիստներում չինական մասնակցությամբ արդյունաբերական պարկերի կառուցման ու դրանց միջև հաղորդակցության հաստատման նպատակ է հետապնդում, իսկ մեկ այլ` «Ներառական համագործակցության ռազմավարության» վերաբերյալ նախագծի նպատակն է ԾՀԽ երկրների տնտեսությունների հետնավթային մոդելով զարգացմանն ու արդիականացմանը միտված տեսլականների ներդաշնակեցումը Չինաստանի ՄԳՄՃ ռազմավարության հետ:

Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող պ. գ. թ. Մուշեղ Ղահրիյանն իր «Փափուկ ուժը գործնականում. Ծոցի արաբական երկրների օրինակով» զեկույցում քննարկեց Ծոցի արաբական երկրների փափուկ ուժի քաղաքականությունը՝ որպես սեփական ազդեցությունն այլ երկրներում տարածելու ոչ հարկադրական մեթոդ։ Նա նշեց, որ առկա հսկայական ֆինանսական միջոցները կիրառվում են տարբեր ոլորտներ զարգացնելու, երկրին ճանաչում և հեղինակություն բերելու համար։ Փափուկ ուժի դրսևորումները տեսանելի են կրթության, սպորտի, տեխնոլոգիաների, շինարարության և այլ ոլորտներում։ Ընդ որում, Ծոցի տարածաշրջանի արաբական պետությունները կարողանում են նաև նոր միտումներ առաջ բերել փափուկ ուժի կիրառման շրջանակում։

Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ պ. գ. թ. , դոցենտ Հայկ Քոչարյանն ու ԵՊՀ ՔՄՀԿ գիտաշխատող Տաթևիկ Մկրտչյանը «Հայաստանի և հայության ընկալման միտումներն արաբալեզու սոցիալական մեդիայում 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակահատվածում» իրենց զեկուցման շրջանակում նշեցին, որ արաբալեզու մեդիա տիրույթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդհանուր առմամբ ներկայացվում է որպես երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ, և առավել չեզոք դիրքերից են հանդես գալիս: Միևնույն ժամանակ տարբեր մեդիա հարթակներ տարբեր փուլերում հայկական կողմին մերթ ավելի դրական, իսկ երբեմն էլ ավելի բացասական են ներկայացնում: Փաստեցին, որ սոցիալական ցանցերում վերոնշյալ չափանիշներով օգտահաշիվների գործունեության բովանդակությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս հակամարտությունը ներկայացվում է որպես մուսուլմանների և քրիստոնյաների միջև պայքար:

Վ. Բրուսովի պետական համալսարանի Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար բ. գ. թ. , դոցենտ Քրիստինե Ռաֆայելովան իր «Քաղաքավարութան հասկացությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում Ծոցի արաբական երկրներում» զեկուցման առանցքում նշեց, որ միջմշակութային հաղորդակցության տեսության մեջ քաղաքավարության նորմերը դիտարկվում են որպես հաղորդակցական գործընթացի պահպանում՝ հիմնված փոխադարձ կողմերի իրավունքների և պարտավորությունների վրա: Տարբեր մշակույթներում՝ տվյալ դեպքում արաբական և հայկական, քաղաքավարության նորմերի արտահայտման եղանակները կապված են տվյալ հասարակությունների կառուցվածքի և դրանցում ընդունված սոցիալական վարքագծի մոդելների հետ, որոնք արտահայտվում են մշակութային և լեզվական առանձնահատկություններով պայմանավորված բառապաշարով, ձևաբանական և շարահյուսական միջոցներով։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող պ. գ. թ. Գրիգոր Վարդանյանը «Հայաստան-Ծոցի արաբական երկրներ տետեսական համագործակցության հեռանկարները (ՀՀ-Կատարի Պետություն տնտեսական հնարավորությունների գնահատման օրինակով)» զեկուցման շրջանակում նշեց, որ օրինակ՝ Կատարի պետության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների հեռանկարների համատեքստում, պետք է առանձնացնել մի քանի կարևոր խնդիր, որոնք խոչընդոտում են երկու կողմերի հնարավորությունների ամբողջական իրացմանը: Առաջին խնդիրը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը: Չնայած, երկու երկրների միջև հաստատվել է կանոնավոր ամենօրյա օդային հաղորդակցություն, որն իրականացնում է կատարական պետական «Qatar Airways» ավիաընկերությունը, սակայն ավիափոխադրող ընկերությունը դեռևս չի ապահովում հայկական ապրանքների մեծաքանակ բեռնափոխադրում՝ հատուկ ռեժիմով: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը դեռևս վերջերս Կատարի պետության հետ սկսած բանակցությունները հաջողությամբ ավարտի, որպեսզի բեռնափոխադրումների ծավալները երկու ուղղությամբ մեծանան և հետևաբար տնտեսապես շահավետ դառնան: Նա ընդգծեց նաև, որ երկրորդ խնդիրը փոխադարձ ճանաչելիության ոչ բավարար մակարդակն է: Հայ և կատարցի գործարարների շփումները պետք է ակտիվանան, որպեսզի կողմերը սկսեն ճանաչել շուկաներն ու դրանց հնարավորությունները:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանն իր «Քրդերի ընկալումները Ծոցի արաբական երկրներում» զեկուցման առանցքում խոսեց այն մասին, որ Ծոցի արաբական երկրներում քրդերի ընկալումները համեմատաբար նոր երևույթ են և նրանք հիմնականում ընկալվում են՝ որպես Սիրիայի քրդեր և Իրաքի քրդեր: Վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացել են Ծոցի տարածաշրջանի մի շարք երկրների հետ քրդերի շփումները՝ հասարակական, քաղաքական, տնտեսական և այլ հարթություններում:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժինը՝ Միջազգային հարաբերությունների և Թուրքիայի բաժինների հետ համագործակցությամբ:

Գիտաժողովին անդրադարձել են ՀՀ մի շարք լրատվամիջոցներ:

Մամուլի հաղորդագրություն,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031