Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Մեր գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ»

Հուլիս 07,2022 13:12

Կառավարության այսօրվա նիստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան փոխարեն 4.2 մլրդ դրամ պետական տուրքի գումար վճարելու մասին որոշման քննարկումից հետո վարչապետն անդրադարձավ նաեւ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ Հիսուսի արձանի կառուցմանն ու տեղադրմանը։

«Դուք գիտեք, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետեւ կարծում ենք, որ ինքը զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար բավական էական կմեծացնի: Հուսով եմ՝ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացվեն եւ պրոցեսն ու նախագիծն առաջ կընթանա նախատեսված տրամաբանությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդն այս արձանի վերաբերյալ հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ. «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031